ԲԱՔՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Դատարանն ապացուցեց, որ 2003թ.-ին պատրաստվում էր սկսել հայ-ադրբեջանական նոր պատերազմ:

Բաքվում ավարտվեց Ղարաբաղի դեմ պարտիզանական պատերազմ նախապատրաստող անօրինական զինված խմբավորման դատավարությունը: Գրոհայինները դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկումների: Սակայն այդպես էլ չտրվեց գլխավոր հարցի պատասխանը` ո՞վ էր կանգնած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական լայնամասշտաբ հակամարտություն սկսելու նպատակ ունեցող ծայրահեղականների ետեւում:
PanARMENIAN.Net - «Պարտիզանները» ձերբակալվել էին 2003թ.-ի օգոստոսի 13-ին: Հետաքննությունը շարունակվում էր ավելի քան երկու տարի: Արդյունքում հաստատվեց, որ ոմն Ռովշան Բադալովի ձեւավորած զինված ջոկատի նպատակն էր Ադրբեջանի իշխանությունների կողմից չթույլատրված ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղի զինված ուժերի դեմ: Ջոկատի անդամները պատրաստվում էին թափանցել ղարաբաղցիների թիկունքը եւ այնտեղ «պատերազմ» սկսել: Բադալովի խմբի առաքելությունն էր ապահովել այն կայծը, որից, համաձայն մտադրության, պետք է վառվեր կրակը: Խմբավորման անդամները մեղադրվել են անօրինական զինված խմբավորում ստեղծելու, անօրինական զենքի ձեռք բերման եւ պահպանման, պետական սահմանի անօրինական հատման, մաքսանենգության մեջ:

Դատական լսումների ընթացքում բացահայտվեցին կարեւոր հանգամանքներ, որոնց, սակայն, բավականաչափ ուշադրություն չդարձվեց: Վկաները եւ մեղադրյալները ցուցմունքներ տվեցին այն մասին, որ խմբավորումը ազդեցիկ հովանավորներ ուներ արտասահմանից: Դատարանն ապացուցված համարեց այն փաստը, որ պլանների իրականացման համար Բադալովին արտասահմանից խոշոր գումարներ եւ ժամանակակից զենք էին ուղարկում: Սակայն կոնկրետ որտեղից էր ստացվում գումարը եւ զինամթերքը, չգիտես ինչու, չճշտվեց: Հիմքեր կան ենթադրելու, որ առաքումներն իրականացնում էին այն նույն ուժերը, որոնք զինում էին չեչեն գրոհայիններին: Հայտնի է, որ խմբավորման ղեկավարները պատրաստվել են Վրաստանի Պանկինսի կիրճում, որտեղ ուսանում էին նաեւ Շամալ Բասեւի մարդիկ: Ռովշան Բադալովը խոստովանել է, որ «կռվել է Պանկինսում»: Դժվար է հասկանալ` կոնկրետ որ ռազմական գործողությունների մասին է խոսքը, քանի որ Վրաստանի տարածքում անմիջական բախումներ չեն եղել: Ամենայն հավանականությամբ նա մասնակցել է Չեչնիայում ահաբեկիչների արտագրոհին: Բադալովը հավաստել է, որ կռվել է փորձի ձեռք բերման համար միայն, որն անհրաժեշտ էր Ղարաբաղի օպերացիան իրականացնելու համար:

Դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց եւ վերջակետ դրեց: Միաժամանակ, մի շարք բազմակետեր մնացին, որոնք կասկածի տակ են առնում այն, թե ադրբեջանական իշխանությունները ցանկություն ունեն հետաքննել դատական լսումների ժամանակ բացահայտված փաստերը: Ո՞վ էր Բադալովի խմբի պատվիրատուն եւ հովանավորը: Ամենայն հավանականությամբ, այս հարցի պատասխանը չի տրվի:

Հանցագործները դատապարտվեցին 10-ից մինչեւ 2 տարվա ազատազրկման: Դատարանը հայտարարեց, որ պարտավոր է հումանիստական մոտեցում ցուցաբերել մեղադրյալների հանդեպ, քանի որ նրանք «90-ականներին մասնակցել են Ղարաբաղի ռազմական գործողություններին»: Այնուհանդերձ, պետք է խոստովանել, որ ընդհանուր առմամբ դատավճիռը ավելի կոշտ էր, քան սպասում էին վերլուծաբանները: Սրա բացատրությունը հեշտ է գտնել: Ակնհայտ է, որ դատավճիռը արտաքին լսարանի համար էր նախատեսված: Իշխանությունները ձգտեցին դատական գործընթացը ցուցադրական դարձնել, որը պիտի համաշխարհային հանրությանը համոզեր, թե Բաքուն չի աջակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհն ընտրողներին: Միաժամանակ, «ղարաբաղյան պարտիզանների» վրա ուշադրությունը սեւեռելով` Բաքվի ղեկավարները փորձում էին ցույց տալ, որ ադրբեջանական հանրությունը Ղարաբաղի պայքարի համար պատրաստ է դիմել արմատական գործողությունների: Այս կերպ Իլհամ Ալիեւը փորձում է միաժամանակ երկու նապաստակ սպանել: Մի կողմից Արեւմուտքին ցույց տալ, որ ինքն «աղավնի է», իսկ մյուս կողմից ցուցադրել, որ «բազեների» փաստարկներն ընդունելի են ժողովրդի համար, եւ կառավարության համար այնքան էլ հեշտ չէ նրանց սանձել: Արմատականնների հանդեպ իշխանությունների բացասական վերաբերմունքն այնքան էլ չի հիմնավորվում փաստերով: Հայտնի է, որ վերջերս ստեղծված «Պարտիզանների պաշտպանության կոմիտեի» կազմում ընդգրկված են Ադրբեջանի օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, ընդ որում, ոչ միայն ընդդիմադիր, այլեւ` իշխանամետ դաշինքներից:

Բաքվում շատերն են զայրացած, իրենց կարծիքով, «խիստ կոշտ» դատավճռից: Սակայն, ամենայն հավանականությամբ, «պարտիզանները» բանտում երկար չեն նստի: Ենթադրվում է, որ նրանք կազատվեն, հենց որ ստացվեն քարոզչության արդյունքները: Այդպես եղավ եւ այս ամռանը դատապարտված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» գործիչների հետ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են

Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---