ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՄՈՆԻՏՈՐԻՆԳՈՎՀայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները առաքելության անդամների համար ստեղծել են բոլոր անհրաժեշտ պայմանները: ԼՂՀ շրջակայքի անվտանգության գոտում շարունակվում է ԵԱՀԿ փորձագետների հատուկ խմբի մոնիտորինգը: Հիշեցնենք, որ խմբի անդամների խնդիրն է պարզել, թե արդյոք իրականությանը համապատասխանում են ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե այդ շրջաններում տեղի են ունենում զանգվածային բնակեցումներ: PanARMENIAN.Net - Երկուշաբթին ծանր օր է: Առաքելության անդամների համար այն առավել ծանր եղավ, քանի որ մոնիտորինգը նրանք որոշեցին սկսել Քարվաճառից (Քելբաջար). ամենաբարդ շրջանը թե ռելիեֆի եւ եղանակի, եւ թե աշխատանքի ծավալների առումով: Սարերում ձյուն է, եւ ճանապարհների երթեւեկությունը դժվարացել է: Այնուհանդերձ, խմբի անդամները եղան Քարվաճառի բոլոր բնակելի շրջաններում` շրջկենտրոնում եւ երկու գյուղում: Այստեղ, ի տարբերություն այլ շրջանների, նրանք հանդիպեցին շատերի հետ: Ոչ ոք երբեւէ չի թաքցրել, որ Քարվաճառում իրոք կան մի քանի ավաններ, ուր բնակվում են փախստականներ Ադրբեջանից: Այստեղ հիմնվել են օկուպացված Հյուսիսային Ղարաբաղի, ինչպես նաեւ` ԼՂՀ Մարտակերտի եւ Մարտունու շրջանների հայկական գրավված գյուղերի բնակիչները: Առաքելության անդամները հանդիպել են նրանց հետ: Փորձագետներին բնակիչների ծագումն ապացուցող բավականաչափ փաստաթղթեր են ներկայացվել: Երեքշաբթի առավել թեթեւ էր առաքելության անդամների համար: Վաղ առավոտյան պատվիրակությունը մեկնեց Ֆիզուլի, իսկ երեկոյան պետք է լիներ արդեն Ջեբրաիլում: Ֆիզուլիում, որտեղով ձգվում է ղարաբաղյան եւ ադրբեջանական ուժերի հատման գիծը, ըստ ամենայնի, փորձագետներն անելիք չունեին: Պաշտպանական կառույցներից եւ սահմանապահ ուժերից բացի այնտեղ ոչ մի հետաքրքրիր բան չկա: Սկզբում նույնիսկ ադրբեջանցիներն էին անիմաստ համարում Ֆիզուլի մեկնելը` պնդելով, որ այդ շրջանում փաստացիորեն բնակչություն չկա: Սակայն այնուհետ, չգիտես ինչու, մտափոխվեցին եւ պահանջեցին մոնիտորինգի ծրագրում ներառել շրջանը: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն ամբողջ շրջանը չի վերահսկում, այլ միայն դրա արեւմտյան հատվածը: Սա բավական էր Մարտունու շրջանի հայկական գյուղերի անվտանգությունն ապահովելու համար: 1993թ.-ին ղարաբաղյան ուժերը չխորացան հակառակորդի տարածքը, քանի որ իրենց առջեւ կոնկրետ խնդիր ունեին` ստեղծել անվտանգության գոտի: Հարեւան Ֆիզուլիում եւ Ջեբրաիլում նույնպես բնակիչնեը շատ չեն: Ըստ ամենայնի, այս մասին տեղեկացված էին նաեւ առաքելության անդամները, քանի որ երկու շրջանների այցելությունը պլանավորել էին մեկ օրում կատարել: Հիշեցնենք, որ նախապես որոշվել էր, որ ամեն շրջանին կհատկացվի մեկ օր: «Տնտեսված» օրը, հնարավոր է, կտրամադրվի Լաչինին, ուր կա մի քանի հայկական գուղ: Հստակեցնենք, Հենց Լաչինով է Ղարաբաղը կապվում Հայաստանի հետ: Մինչ օրս հակամարտության կարգավորման բոլոր ծրագրերում այս շրջանին հատկացվել է հատուկ կարգավիճակ: Նկատի ունենալով այս հանգամանքը` լիովին բնական է համարվում այն, որ Լաչինում ստեղծվել է որոշակի ենթակառույց: Տարօրինակ կլիներ այլ կերպ: Չորեքշաբթին փորձագետները մտադիր են անցկացնել Զանգելանում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղից հարավ-արեւմուտք Իրանի եւ Հայաստանի սահմանին մոտ: Այնուհետեւ ծրագրում ներառված են Լաչինն ու Աղդամը: Մոնիտորինգի ավարտին առաքելության անդամները կմեկնեն Ստեփանակերտ, ուր կրկին կհանդիպեն հանրապետության ղեկավարի հետ: Այնուհետ կժամանեն Երեւան եւ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո կմեկնեն Վիեննա, որտեղ է գտնվում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակը: Փորձագետների հաշվետվությունը կպատրաստվի մեկ ամսվա ընթացքում: Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները ԵԱՀԿ տեղական գրասենյակի հետ համատեղ առաքելության անդամների համար ստեղծել են բոլոր անհրաժեշտ պայմանները: Նրանց տրամադրվել են հուսալի տրանսպորտային միջոցներ, անվտանգություն, թարգմանիչ: Ապահովված են սնունդը, օթեւանը, կապի միջոցները, փաստաթղթերի բազմացման հնարավորությունը: Փորձագետներին ուղեկցում է ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայիլյանը, ով հետեւում է, որ ոչինչ չխոչընդոտի առաքելությանը: Պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է այս առաքելության արդյունավետությամբ: Դեռեւս երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի նախագահը դիմել էր Եվրոպայի խորհրդին եւ ԵԱՀԿ-ին հատուկ խումբ ուղարկելու եւ տեղում իրավիճակը ստուգելու կոչով: Դա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը Ղարաբաղի իշխանություններից մեղադրեց անվտանգության գոտում միջուկային թափոնների պահպանման, թմրանյութերի թրաֆիքի, քիմիական եւ մանրէաբնական զենքի լաբորատորիաների ստեղծման մեջ: ԵԽԽՎ-ում նույնիսկ որոշվել էր հատուկ առաքելություն ուղարկել ղարաբաղցիների կողմից վերահսկվող շրջաններ, սակայն պատվիրակությունն այդպես էլ չժամանեց: Ընթացող ստուգումները ղարաբաղցիների օգտին են: Որքան համակողմանի եւ օբյեկտիվ լինի փորձագետների մոնիտորինգը, այնքան Ղարաբաղի ղեկավարության համար հեշտ կլինի հերքել Ադրբեջանի զրպարտությունները: Արտյոմ Երկանյան ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Պարտության առաջին ամիսը Դրագոմանների ժամանակը Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին |