ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՁԳՏԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼ

Վլադիմիր Պուտինը հավաստում է, որ ռուսական տնտեսությունը հայկական ներդրումների կարիք ունի:

Ավարտվեց Ռուսաստանի նախագահի աշխատանքային այցը Հայաստան: Վլադիմիր Պուտինը Մոսկվա վերադարձավ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում Հայաստանում Ռուսաստանի տարվա բացումը նշանավորող հանդիսավոր համերգի ավարտից հետո: Այցի պաշտոնական առիթը հենց այս հանդիսությանը մասնակցելն էր: Սա երկու երկրների ղեկավարների թվով յոթերորդ հանդիպումն է եւ Վլադիմիր Պուտինի երրորդ այցը Հայաստան:
PanARMENIAN.Net - Ուրբաթ օրվա ծրագիրը սկսվեց երկու առաջնորդների հանդիպմամբ: Նրանք շարունակեցին նախորդ օրվա երեկոյան ընթրիքի ժամանակ ծավալված ոչ պաշտոնական զրույցը: Երկխոսությունը շարունակվեց ավելին, քան նախատեսված էր օրակարգով: Այնուհետեւ տեղի ունեցան բանակցություններ ծավալում կազմով: Այստեղ ներկա էին գործընկերության միջկառավարական հանձնախմբի համանախագահները` Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեվիտանը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Հատկանշական է, որ հենց տրանսպորտի եւ պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգանում է խիստ դինամիկորեն: Այցի օրը հենց շահագործման էր հանձնվել նավահանգստային հաղորդակցությունը, որը թույլ կտա վրացական Փոթի նավահանգստով Հայաստանը կապել Ռուսաստանին: Իսկ ռազմա-տեխնիկական փոխգործակցությունը մշտապես էլ առաջնային ուղղություններից է եղել հայ-ռուսական հարաբերություններում:

Բացի տրանսպորտի եւ պաշտպանության ոլորտներում համագործակցությունից, հանդիպման ընթացքում շոշափվեցին նաեւ էներգետիկային, առեւտրին, գունավոր մետալուրգիային առնչվող թեմաներ: Առանձին քննարկվեցին միջազգային ահաբեկչության վտանգի չեզոքացմանը եւ Կովկասում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն հատկացվեց «Գույք պարտքի դիմաց» գործարքի իրականացմանը, որի շրջանակներում Ռուսաստանին էր փոխանցվել ռազմավարական նշանակության հինգ հայկական ձեռնարկություն: Դրանց մեծամասնությունն այդպես էլ չեն շահագործվել, որն էլ զգույշ անբավարավածություն է առաջացնում հայկական կողմի մոտ: Չշրջանցվեց նաեւ Իրան-Հայաստան գազատարի հարցը, որի շինարարությանը պետք է մասնակցի նաեւ «Գազպրոմը»: Այդ հարցի վերաբերյալ սկզբունքային որոշումն արդեն ընդունվել է, սակայն ռուսական կողմը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ խողովակը հետագայում չի շարունակվի Վրաստանի կողմը, այնուհետեւ` Եվրոպա: Հումանիտար բնույթի հարցերից կարելի է առանձնացնել լեզվի հարցը: Մինչ պետական այրերը քննարկում էին Հայաստանում ռուսերեն լեզվի եւ Ռուսաստանում հայերենի ամրապնդման նշանակությանն ուղղված միջոցառումները, Լյուդմիլա Պուտինան եւ Բելլա Քոչարյանը բացում էին ռուսական գրքի Կենտրոնը, որտեղ ներառված են գրադարան, տեսադարան եւ ընթերցասրահ:

Բանակցությունների ավարտից հետո պետությունների ղեկավարները համատեղ մամլո ասուլիս տվեցին: ԱՊՀ հեռանկարի մասին հարցին պատասխանելով` Վլադիմիր Պուտինը նշեց, որ ի տարբերություն ԵՄ-ի «Համագործակցությունը ստեղծվել էր քաղաքակիրթ ապահարզանի համար»: «Դա ԱՊՀ-ին հաջողվեց»,- կարծում է նախագահը` ենթադրելով, որ «բոլոր հիասթափություններն ավելորդ սպասելինքներից էին»: Միաժամանակ նա համոզված է, որ արժե պահպանել ԱՊՀ-ն, քանի որ դա «բավականին օգտակար ակումբ է պետությունների ղեկավարների հայացքները դրսեւորելու համար»: Խոսելով երկու երկրների տնտեսկան համագործակցության հեռանկարների մասին` Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ էներգետիկայի ոլորտում Հայաստանը եւ Ռուսաստանը մշակում են «տարածաշրջանային նշանակության հիմնավոր ծրագրեր»: Նա նաեւ հիշատակեց Ռուսաստանի մասնակցությամբ մի քանի հաջողված ներդրումային ծրագրեր, մասնավորապես ծանր արդյունաբերության, շինարարության եւ բանկային գործի ոլորտներում: Իսկ Վլադիմիր Պուտինը ընդգծեց, որ Ռուսաստանն էլ իր հերթին ձգտում է Հայաստանից կապիտալ ներգրավել: «Ողջունելի են Ռուսաստանի տնտեսությունում հայկական ներդրումները, հատկապես այն բնագավառներում, որոնց զարգացմամբ շահագրգռված է նաեւ Հայաստանը, իսկ նման ոլորտներ կան»,-ասաց նախագահը: Վլադիմիր Պուտինը նշեց նաեւ գործընկերոջ հետ Ղարաբաղի հարցի վերաբերյալ զրույցը: Նախագահը հույս հայտնեց, որ շուտով Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կվերականգնեն անձնական հանդիպումները: Բացառված չէ, որ նրանց բանակցությունները կայանան հենց Մոսկվայում, ուր երկու ղեկավարները մեկնելու են Հաղթանակի 60-րդ տարելիցը տոնելու համար:

Մամլո ասուլիսից հետո ռուսական պատվիրակության անդամները ուղեվորվեցին Էջմիածին, որտեղ գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի նստավայրը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումը Հայաստան այցելող արտասահմանյան հյուրերի այցելությունների ավանդական կետերից մեկն է: Իսկ երեկոյան երկու նախագահները ելույթ ունեցան Հայաստանում Ռուսաստանի տարվա բացմանը նվիրված հանդիսավոր համերգին: Ի դեպ, Երեւան գալուց անմիջապես առաջ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 2006 թվականը Ռուսաստանում Հայաստանի տարի կլինի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---