ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔԻՑ

Ամերիկյան խորհրդարանի երկու պալատների անդամներն էլ կողմ են արտահայտվել Հայաստանին հատուկ վերաբերմունք ցուցաբերելուն:


ԱՄՆ սենատի Հատկացումների հանձնախումբը սկսել է 2006թ.-ի արտաքին հատկացումների մասին օրինագծի քննարկումը: Նախօրեին ենթահանձնախմբի կողմից հաստատված օրինագծի համաձայն` հաջորդ տարի Հայաստանին տրամադրվելիք օգնության ծավալները չեն կրճատվի: Այնինչ, վարչակարգն առաջարկել էր մեր երկրին տրամադրել 2005թ.-ին հատկացվածից երեք անգամ պակաս գումար:
PanARMENIAN.Net - Առայժմ հնարավոր չէ հստակ պատասխան տալ այն հարցին, թե որքան կլինեն Միացյալ նահանգների կողմից Հայաստանին տրամադրվելիք օգնության ծավալները: Բանն այն է, որ օրինագծի ընթացակարգը բավականաչափ երկար է, իսկ փաստաթուղթը դեռեւս անցել է անհրաժեշտ ճանապարհի մեկ երրորդը միայն: Նախքան օրենքի ուժ ստանալն այն պետք է «սրբագրվի» 7-8 մակարդակներում: Առայժմ փաստաթուղթն անցել է նախնական ենթահանձնաժողովներով եւ Ներկայացուցիչների պալատով եւ հաստատվել է Ներքին պալատի պլենար նիստում: Որոշ ուղղումներ մտցրել է Սենատի ենթահանձախումբը եւ օրինագիծը փախանցել նախնական հանձնախմբին: Այս աստիճանակարգն անցնելուց հետո փաստաթուղթը կքննարկվի հենց Սենատում, այնույետեւ` կփոխանցվի համաձայնեցման հանձնախմբում, որը կազմված է երկու պալատների ներկայացուցիչներից: Այն բանից հետո, երբ կգտնվի փոխզիջումային տարբերակը, նախագիծը կրկին կվերադարձվի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հաստատմանը: Եթե տարաձայնություններ չառաջանան, ապա ընդունված փաստաթուղթը կդնեն նախագահի սեղանին: Նրա ստորագրությունից հետո միայն կարելի կլինի հաստատապես նշել Հայաստանին հատկացվելիք գումարը:

Սակայն հատկանշական է, որ առայժմ օրինագծի քննարկումն անցնում է մեզ համար բավականին շահավետ ճանապարհով, քանի որ բոլոր փուլերում Հայաստանին վերաբերող գումարները դիտարկվել են բարձրացման օգտին: Ենթահանձնախմբի կարծիքին ականջալուր լինելով` Ներկայացուցիչների պալատի հանձնախումբը որոշեց Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնությունը բարձրացնել մինչեւ 67.5 միլիոն դոլոր: Հիշեցնենք, որ վարչակարգն առաջարկել էր այս անգամ սահմանափակվել 55 միլիոնով: (Փաստաթղթին կողմ էին քվեարկել 425 ներկաներից 393-ը): Իսկ չորեքշաբթի Սենատի արտաքին հատկացումների ենթահանձնախմբի կայացած նիստում գումարը բարձրացվեց մինչեւ 75 միլիոն, այսինքն` հասցվեց մինչեւ 2005թ.-ին հատկացվածի մակարդակին: Հիմքեր կան ենթադրելու, որ հանձնախումբը կհաստատի այդ թիվը եւ կհանձնի Սենատի դատին, որն, ամենայն հավանականության, նույնպես կողմ կլինի նախաձեռնությանը:

Հայաստանի օգնության ծավալների վերաբերյալ հարցում վարչակարգի եւ օրենսդիրների միջեւ առկա հակասությունը հին պատմություն ունի: Արդեն հինգ տարի շարունակ Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը, սակայն տեղի հայկական համայնքի հաջող լոբբիստական գործունեության շնորհիվ օրենսդիրներին գրեթե միշտ հաջողվել է հասնել թվերի բարձրացման օգտին վերանայմանը: Վերջին 10 տարում օգնության ծավալը կրճատվել է ընդամնեը 15 միլիոնով: (90-ականների սկզբներին այն կազմում էր 90 միլիոն): Սպիտակ տանն, իհարկե, գիտակցում են, որ կոնգրեսականները փորձելու են պաշտպանել հայերի շահերը, սակայն այնուամենայնիվ ամեն անգամ հաստատակամորեն առաջարկում են կրճատել Երեւանին հատկացվելիք օգնության ծավալը: Հայ լոբբիստներն իրենց նախաձեռնությունը հիմնավորում են շարունակվող շրջափակմամբ, որի վերացման համար պաշտոնական Վաշինգթոնն ավելի քիչ ջանքեր է գործադրում, քան ցանկալի է, ինչպես նաեւ` Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ նախատեսող Ազատության աջակցման Ակտի 907 բանաձեւի գործողությունների դադարեցմանը վերաբերող քննարկման ժամանակ տրված վարչակարգի խոստումով: Այն ժամանակ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու համաձայնության դիմաց Սպիտակ տունը կոնգրեսականներին խոստացավ ապահովել Հայաստանին տրամադրվող օգնության ծավալների կայունությունը:

Հատկանշական է, որ կոնգրեսականները լիովին ընդունելի են համարում հաջորդ տարում Ադրբեջանին հատկացվելիք օգնության չափերը, որ տեղ են գտել օրինագծում: Բաքուն Վաշինգթոնից կստանա ընդամնեը 38 միլիոն դոլար, այսինքն` երկու անգամ քիչ, քան օրենսդիրներն առաջարկում են տրամադրել Երեւանին: Միաժամանակ Լեռանային Ղարաբաղը նույնպես օգնություն կստանա Միացյալ Նահանգներից: Ինչպես եւ նախորդ տարիներին Ստեփանակերտին կհատկացվի 5 միլիոն դոլար: Ընդ որում, ուղղակիորեն, որը Բաքուն գնահատում է ինչպես Վաշինգթոնի կողմից ԼՂՀ-ի ինքնուրույնության անուղղակի ճանաչում:

Բոլոր այս թվերը վերաբերում են սովորական տնտեսական օգնությանը: Օրինագիծն առանձին նախատեսում է ռազմական օգնություն: Այստեղ օրենսդիրները տարաձայնություններ չունեն վարչակարգի հետ: Եվ Հայաստանին, եւ Ադրբեջանին կտրամադրվի 5 միլիոն 750 հազար դոլար, որից 750 հազարը պետք է օգտագործվի զինվորականներին արտասահմանում ուսուցանելու համար: Ռազմական օգնության հավասարությունը կարելի է ձեռքբերում համարել, քանի որ 2003թ.-ին ամերիկացիների ստեղծած հակաահաբեկչության կոալիցիայում Ադրբեջանի մասնակցությունը պաշտոնական Բաքվին հնարավորություն տվեց ռազմական կարիքների համար Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը մեկուկես անգամ գերազանցող գումար ստանալ: Այժմ Վաշինգթոնի համար Երեւանն ու Բաքուն հավասարազոր ռազմական գործընկերներ են, որը հաստատում է արտաքին հատկացումների մասին օրինագիծը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---