Արաբական ուղղությունը կարող է բավականին գրավիչ լինել Հայաստանի համար

Հայաստանը միակ քրիստոնյա երկիրն է, որը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՊԼ-ում, որն, ինչպես հայտնի է, հասանելի է ոչ բոլոր արաբական կամ մահմեդական երկրների համար

Չունենալով ԱՄՆ-ի ուժեղ եւ հստակ աջակցությունը որպես ռազմավարական գործընկերոջ, չունենալով նավթի պաշարներ, ինչպես Ադրբեջանը, եւ, վերջապես, ելք չունենալով դեպի Սեւ ծով, Վրաստանի պես, Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, հստակ հավատարիմ է մնում հիմնական ուղղություններին: Դրանցից առաջնայիններն են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչն իր հերթին կարող է նախապայմաններ ստեղծել հայ-թուրքական սահմանի բացման համար:
PanARMENIAN.Net - Այդ երկու ուղղությունները փոխկապակցված են, սակայն կա նաեւ երրորդը, որը կարող է բավականին գրավիչ լինել Հայաստանի համար: Դա արաբական ուղղությունն է, ավելի ճիշտ հարաբերությունները Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հետ: Հայաստանը միակ քրիստոնյա երկիրն է, որը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՊԼ-ում, որն, ինչպես հայտնի է, հասանելի է ոչ բոլոր արաբական կամ մահմեդական երկրների համար: Հարաբերությունների պատմությունը սկսվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանում, երբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նյու Յորքում հանդիպեց ԱՊԼ-ի Գլխավոր քարտուղար Ամր Մուսայի հետ: Այն ժամանակ էլ պայմանավորվածություն ձեռք բերվեց Երեւանում կամ Կահիրեում, որտեղ գտնվում է ԱՊԼ-ի կենտրոնակայանը, հրավիրյալի կարգավիճակով այդ կազմակերպության աշխատանքներին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հուշագիր ստորագրելու մասին: Ըստ արաբագետ Սուրեն Մանուկյանի, Հայաստանի արտաքին քաղաքականությունն արաբամետ է եւ դա ճիշտ է: «ԱՊԼ-ն շատ խնդրահարույց հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, որոնք մենք կարող ենք ի շահ մեզ օգտագործել: Ճիշտ է, կա քրդական գործոնը, որը շատ է ազդում Հայաստանի եւ արաբական պետությունների, մասնավորապես Սիրիայի հետ հարաբերությունների վրա: Հարաբերություններն երկու երկրների միջեւ վատթարացան հենց քրդերի պատճառով, որոնք շատ են Սիրիայում: Հենց այդ պատճառով էլ այժմ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունները վերելքում են: Թուրքական գործոնը Սիրիայում նույնպես շատ մեծ է կրկին քրդական խնդրի պատճառով»,-գտնում է Մանուկյանը:

Արաբական ուղղության օգտին է խոսում նաեւ Մերձավոր Արեւելքի դեռեւս բազմամարդ հայկական սփյուռքը, որը բավականին ծանր պայմաններում է ապրում: Ճիշտ է, կրոնական տեսակետից վերաբերմունքը նրանց հանդեպ հանդուրժող է, սակայն ով կարող է երաշխավորել նրանց անվտանգությունը թեկուզ Լիբանանում պատերազմի վերսկսման դեպքում: Ճիշտ է, այստեղ արդեն Հայաստանը կարող է միայն ապաստան տալ փախստականներին, ինչն էլ արվեց «Հեզբոլլահի» դեմ Իսրայելի վերջին պատերազմի ժամանակ: Հայաստանի մասնակցությունը ԱՊԼ-ին կարող է հակակշիռ դառնալ Ադրբեջանի համար, որը բավականին ակտիվ աշխատում է Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) հետ: Այդ երկու կազմակերպություններն, ինչպես արդեն նշվել է, բավականին լարված հարաբերություններ ունեն միմյանց հետ Թուրքիայի պատճառով, որը ցանկանում է առավելագույնը ստանալ ԵՄ-ին անդամակցելու ձգձգվող գործընթացից: Ռեջեփ Էրդողանն ամեն ինչ անում է իսլամական աշխարհում Թուրքիայի իշխող դիրքը հաստատելու համար: Իսկ իսլամական աշխարհը դա, առաջին հերթին, արաբական աշխարհն է, եւ այն երկրներն են, որ անկախություն են ստացել Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում: Հազիվ թե Իրաքը, Եգիպտոսը կան Սաուդյան Արաբիան ցանկանան կրկին ենթարկվել Ստամբուլին: Կամ, եթե ցանկանում եք, Անկարային: Հենց այստեղ է տարաձայնությունների արմատը եւ Մերձավոր Արեւելքում ամուր դիրքեր ունենալու Հայաստանի հնարավորությունը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ ստեղծման մասին համաձայնագիրը 1945 թվականի մարտի 22-ին ստորագրեցին 7 երկիր` Եգիպտոսը, Իրաքը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Տրանսհորդանանը (այժմ` Հորդանան) եւ Յեմենը: Ավելի ուշ ԱՊԼ-ին միացան Լիբիան, Սուդանը, Մարոկկոն եւ Թունիսը, Քուվեյթը, Ալժիրը, Յեմենը, Բահրեյնը, Քաթարը, Օմանը եւ Միացյալ Արաբական Էմիրությունները, Մավրիտանիան, Սոմալին, Ջիբուտին, Կոմորյան կղզիները: 1976 թվականին ԱՊԼ ընդունվեց Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ), որը 1988 թվականից Պաղեստին պետությունն է ներկայացնում Լիգայում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---