Ղարաբաղ. 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ է մտել հրադադարի մասին արձանագրությունը

Կարգավորման «ռուսական ծրագիրը», ըստ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահի հետեւյալն էր. «Առանց Ղարաբաղի ղեկավարությանը հակամարտության կողմ ճանաչելու չի կարելի կարգավորել այդ հակամարտությունը»

1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Բիշքեկում ստորագրված արձանագրությունը: Մինչ այդ ԼՂՀ Պաշտպանության բանակը ազատագրել էր Շուշին, Լաչինի միջանցքը եւ անվտանգության գոտի էր ստեղծել Լեռնային Ղարաբաղի մերձակա յոթ շրջաններից: Հայոց բանակի առաջխաղացումը լուրջ սպառնալիք էր ատեղծել Ադրբեջանի համար` շուտով պետք է հետեւեր Շահումյանի եւ Գետաշենի ազատագրումը: Հենց այդ պատճառով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, խուսափելու համար ավելի մեծ կորուստներից, իսկ ավելի ճիշտ, թույլ չտալու համար, որ հայկական հողերը վերադարձվեն բուն տերերին, դիմեց ՌԴ նախագահ Բորիս Ելցինին խնդրելով դադարեցնել պատերազմը:
PanARMENIAN.Net - 1994 թվականի մայիսի 4-5 Բիշքեկում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ Դաշնային Ժողովի եւ ԱԳՆ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ նիստ, որի ժամանակ հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «ոչ միայն անդառնալի վնաս է հասցնում ադրբեջանցի եւ հայ ժողովրդներին, այլ նաեւ էապես սահմանափակում է տարածաշրջանի այլ երկրների շահերը, լրջորեն բարդացնելով միջազգային դրությունը»:

Նիստի մասնակիցները կոչ արեցին բոլոր հակամարտող կողմերին «անսալ բանականության ձայնին` դադարեցնել կրակը մայիսի լույս 9-ի գիշերը, հիմք ընդունելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրությունը, այդ թվում դիտորդների տեղակայման հարցում, եւ մոտ օրերին ամրագրել այն հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնության ստորագրմամբ, որը նախատեսում է ռազմական գործողությունների չվերսկսման ապահովման մեխանիզմ, զորքերի դուրս բերում գրավյալ տարածքներից եւ հեռահաղորդակցությունների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ»:

Հենց այն ժամանակ էլ հրապարակվեց կարգավորման «ռուսական ծրագիրը», որն, ըստ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոի հետեւյալն էր. «Առանց Ղարաբաղի ղեկավարությանը հակամարտության կողմ ճանաչելու հնարավոր չէ կարգավորել այդ հակամարտությունը», ինչը բնականաբար, դուր չեկավ ադրբեջանական պատվիրակությանը եւ նրա ղեկավար Աֆիյաթդին Ջալիլովը սկզբից չդրեց իր ստորագրությունը մայիսի 5-ի Բիշքեկի Արձանագրության տակ: Սակայն մայիսի 9-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում նախագահ Բաբկեն Արարքցյանը հաղորդեց, որ նա հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ռասուլ Գուլիեւի հետ , որը տեղեկացրել է նրան, որ Ադրբեջանը եւս ստորագրել է Բիշքեկի Արձանագրությունը:

Բիշքեկի Արձանագրությունը սահմանեց հրադադարի օրը` լույս մայիսի 9-ի կեսգիշերին: Ռազմաճակատներում հարաբերական դադար հաստատվեց: Ճիշտ է, հրադադարը արդյունավետ դարձավ ոչ թե մայիսի 9-ից, այլ մայիսի 12-ից: Ձեւակերպվել է այն մայիսի 11-ի Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների եւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի նամակով, հասցեագրված Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին եւ Ռուսաստանի նախագահի ներկայացուցչին: Մայիսի 17-ին Մոսկվայում ստորագրվեց մանրամասն «պայմանավորվածությունը» Արձանագրության իրականացման կարգի մասին: Նրա տակ դրված են նույն ստորագրությունները, ինչ եւ բուն Արձանագրության տակ:

Սակայն ԱՄՆ-ն պարզ հասկացրեց, որ իրենք դեմ են Ռուսաստանի միջնորդական ջանքերին: Ջորջ Մարեսկան, որը համանախագահ էր 1993 թվականին, արտահայտվեց ԱՄՆ կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման այնպիսի հայեցակարգի օգտին, որը կիրականացվեր Ադրբեջանի սահմաններում «ազատ միության հիման վրա»: Հայաստանում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինի խոսքերով, հակամարտության խաղաղ ավարտն առանց տարածաշրջանին կողմնակի ուժերի միջամտության մոտ ժամանակներս չի նշմարում: «Կարգավորման համար խոչընդոտներ ստեղծելու միջոցներից մեկը եղան ԵԱՀԽ-ից բխող ծրագրերը, որոնք չգիտես ինչու միշտ ուղղված էին ազերիների բավարարմանը, սակայն անընդունելի ղարաբաղցիների համար, որոնք չէին կարող համաձայնվել ետ քաշել իրենց զորքերը չփոխարինելով դրանք բաժանարար ուժերով եւ առանց անվտանգության գոտու ստեղծման: Հայաստանը լիովին աջակցում էր նրանց այդ հարցում»,-գրում է Ստուպիշինը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---