Քրիստոնեական գերեզմանոցի ոչնչացում. Ադրբեջանցիները օսմանցի թուրքերի տաղանդավոր աշակերտներն են

Բաքուն կրկին հաստատեց, որ բոլոր հայտարարությունները հայերի կողմից հրեաների եւ ռուսների հանդեպ իբր կատարած «ցեղասպանությունների» մասին, ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական արարքների քողարկում

Նախիջեւանի Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցի ավերումից հետո, հասկանալով, որ հին գերեզմանոցների համար լավագույն դեպքում Ադրբեջանին սպառնում է դիտողություններ լսել Եվրոպայի Խորհրդի կամ նույնիսկ ՄԱԿ-ի պաշտոնյաներից, Բաքուն անցավ այն գերեզմանոցներին, որտեղ թաղված են քրիստոնյաներն ու հրեաները: Բաքվում ավտոմայրուղու շինարարության պատրվակով քանդում են Նարիմանյան գերեզմանոցն, որն ավելի հայտնի է որպես Հայկական, որտեղ հիմնականում հուղարկավորված են հայեր, հրեաներ եւ ռուսներ:
PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարել է ադրբեջանական Բնակչությանը քաղաքացիական ծառայությունների մատուցման տրեստի գլխավոր ինժեներ Ֆիրուզ Ասկերովը, «լուրերն այն մասին, թե բուլդոզերները քանդել են Նարիմանյան գերեզմանոցում գտնվող շիրիմները, չեն համապատասխանում իրականությանը: Նրանք աշխատում են այստեղ տեղափոխված գերեզմանոցների տեղում ճանապարհ սարքելու համար: Նրա խոսքերով, «մինչ օրս այդտեղից Գովասանի գերեզմանոց է տեղափոխվել 134 շիրիմ»: Ֆ.Ասկերովը նշել է, որ ադրբեջանական շիրիմներից բացի, գերեզմանոցում կան նաեւ ռուսների, վրացիների, մոլոկանների, թաթարների գերեզմաններ: (Ընդ որում հայերի գերեզմանոցների մասին ոչինչ չի ասվում` խմբ.): Նա ընդգծել է, որ «գերեզմանոցից կտեղափոխվեն միայն այն շիրիմները, որոնք նախատեսված են նոր ճանապարհի շինարարության ծրագրով»: Այդ աշխատանքների ավարտի ժամկետների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Ադրբեջանի ռուսական համայնքի փոխնախագահ Ալեքսանդր Ալեքսեեւի խոսքերով, ներկայումս, պաշտոնյաների ցուցումով, իբր ճանապարհի կառուցման համար, կիրառելով շինարարական տեխնիկա, քանդվում են շիրիմները, իսկ տապանաքարերը հավասարեցվում են հողին: «Բաքվի քաղաքապետի հրահանգն ինքը սխալ է կազմված իրավաբանական տեսակետից, քանի որ ըստ սանէպիդկայանի 1977 թվականի որոշման, որը դեռեւս ուժի մեջ է, գերեզմանոցի տարածքում որեւէ շինարարություն սկսելուց առաջ, այն պետք է արդեն փակ լինի 50 տարվա ընթացքում: Իսկ այդ գերեզմանոցը փակ չէ, այն դեռեւս գործում է, եւ վերջին թաղումներն այստեղ եղել են երկու շաբաթ առաջ»,-նշել է Ա.Ալեքսեեւը:

Ներկայումս գերեզմանոցում իշխում է վանդալիզմը, շիրիմները հողին են հավասարեցվում, քանդվում են տապանաքարերը, գերեզմանոցի տարածքի 150 մ արդեն ծածկված է հողով, ոչնչացվել են ծառերը, քանդվում են մետաղյա ցանկապատները: Ավելի քան հարյուր գերեզմանների ավերումն արդեն իսկ ավելին է, քան հանցագործությունը: Եթե վերահուղարկավորում է հարկավոր, ապա այն կարելի է կատարել քաղաքակիրթ կերպով, ինչպես դա ընդունված է աշխարհում: Հրեական նորությունների գործակալությունը հաղորդում է, որ Բաքվի հրեական համայքնի անդամների վկայությամբ, որոնք ստիպված են եղել անցնել նարիմանյան էքսգումացիայի մղձավանջի միջով, «գերեզմանոցի տարածքում հրեական ավանդույթների պահպանումը սահմանափակվում է նրանով, որ փորողները բահերով, ինչպես ինչ-որ շինարարական աղբ, հրեաների աճյունը տեղափոխում են պլաստիկ պարկերի մեջ, իսկ հետո փոխանցում հարազատներին»: Իսկ այդ գերեզմանոցի տնօրեն Քյամրան Մամեդովն ասում է, որ «դեռեւս հանգուցյալների հարազատների հետ չլուծվող հարցեր չեն առաջացել»:

Ադրբեջանական իշխանությունների գործողություններում ոչ մի նոր բան չկա եւ չի էլ կարող լինել: Երկրում նպատակային քաղաքականություն է տարվում, ուղղված ադրբեջանցիներից բացի այլ ազգերի առկայության ցանկացած հետքը ոչնչացնելուն: Որքան էլ Ադոլֆ Հիտլերի Գերմանիան ատում էր ոչ արիացիներին, իսկ ԽՍՀՄ-ը` այլախոհներին, սակայն նույնիսկ այդ ռեժիմները գերեզմանների հանդեպ ոտնձգություններ չէին կատարում: Ադրբեջանի ռուսական եւ հրեական գերեզմանները նույն ճակատագրին կարժանանան, ինչ Սումգաիթի, Գանձակի (Գյանջա, խորհրդային տարիների Կիրովաբադ) հայկական գերեզմանատունը, որոնք ավիրվեցին եւ թալանվեցին: Մարմարից պատրաստված հայկական տապանաքարերից քերում էին արձանագրությունները եւ քարը վաճառում որպես շինանյութ...Գանձակի հայկական եկեղեցին վերածվել է թեյարանի, Դաշտային Ղարաբաղի հայկական եկեղեցիները ավերակների են վերածվել: Ադրբեջանցիների օսմանցի թուրքերի տաղանդավոր աշակերտները դարձան` նրանք, ինչպես հայտնի է, նույնպես ոչնչացրել են հայկական ճարտարապետության շուրջ 3000 հուշարձաններ: Այն, որ Բաքուն թույլ չի տալիս մշակութային հուշարձանների պահպանման գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը եւ ԵԽ-ի Խորհրդարանական Վեհաժողովի մշակութային հուշարձանների գծով առաքելությանը այցելել Ադրբեջան, այս իմաստով ավելի քան հասկանալի է: Հերթական անգամ Բաքուն հաստատեց ոչ թե խոսքով, այլ գործով, որ բոլոր հայտարարություններն «ադրբեջանցիների խաղաղասիրության եւ հանդուրժողականության» մասին եւ հայերի կողմից հրեաների եւ ռուսների դեմ իբր կատարած «ցեղասպանությունների» մասին, ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական արարքների քողարկում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---