ԵՄ-ի հետ արտոնյալ գործընկերությունը Թուրքիային ձեռք չի տալիս

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 45 տարի առաջ եւ թե որքան կպահանջվի Անկարայի նկրտումները բավարարելու համար դեռեւս ոչ ոք չգիտի: Ցանկացած դեպքում խոսքը մի քանի տասնայկ տարիների մասին է

Նիկոլյա Սարկոզիի եւ Անգելա Մերկելի վերջին հայտարարությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, բնականաբար, ոչ անակնկալ էր ոչ էլ ինչ-որ նոր բան, գոնե Ֆրանսիայի նախագահի համար: «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում, քանի որ գտնվում է Փոքր Ասիայում: Եթե մենք անվերջ ընդլայնենք ԵՄ-ն, կոչնչացնենք քաղաքական Եվրոպան»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: Հայտարարության մեջ հետաքրքրական է այն փաստը, որ եվրոպացիները «հանկարծ» հայտնաբերեցին, որ Թուրքիան աշխարհագրականորեն բոլորովին էլ եվրոպական երկիր չէ, էլ չասած քաղաքականության մասին:
PanARMENIAN.Net - Միանգամայն օրինաչափ է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան չեն ցանկանում իրենց կողքին 73 միլիոն թուրք տեսնել: Ճիշտ է, երկրում, ըստ թուրքական աղբյուրների, բնակվում են 25 ազգային փոքրամասնություններ, սակայն նրանք կազմում են բնակչության ընդամենը 10 տոկոսը: Մնացած բոլորը իսլամ դավանող թուրքեր են: Ավելորդ չէ նշել, որ երկրում գործում են շուրջ 80 հազար մեջիթներ: Սակայն կա նաեւ բավականին վտանգավոր վիճակագրություն` Թուրքիայի բանակը երկրորդն է ՆԱՏՕ-ում ըստ քանակի եւ մարտական հզորության: Սպառազինության թուրքական շուկայում վաճառքի տարեկան ծավալը կազմում է 3-5 մլրդ դոլար:

«Ֆրանսիայի եւ Գերմանիայի հայտարարությանը դեմ են Մեծ Բրիտանիան եւ Դանիան: Ավելին, Արեւելյան Եվրոպայի երկրների մեծ մասը նույնպես կողմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ նրանք գտնվում են ԱՄՆ-ի ազդեցության տակ»,-ընդգծել է Ռ.Սաֆրաստյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ն ամեն կերպ ջանում է, որ Թուրքիան առաջիկայում եւս մնա իր դաշնակիցը եւ այդ պատճառով լոբբինգի է ենթարկում նրա շահերը Եվրամիությունում:

Ինչ վերաբերում է Անկարային, ապա, ըստ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի, Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու պատրաստվածության մասին կհայտարարի 2013 թվականին: «Մենք չենք կարող դանդաղեցնել այդ ընթացքը միայն այն պատճառով, որ ԵՄ-ի 27 երկրներից մեկին ինչ-որ բան դուր չի գալիս»,-նշել է Բաբաջանը: Նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը ամենանշանակալի նախագծերից մեկն է, գրում է «Միլիեթը»:

Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի վերաբերյալ Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեպքում, ԵՄ-ի առաջատարները` Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ստիպված կլինեն տեղ ազատել: Թուրքիան, իր մեծ տարածքով, բնակչությամբ, տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակությամբ, նրանց հետ կկազմի Եվրոպայի առաջատարների քառյակ: Պաշտոնական Բեռլինի եւ Փարիզի դիրքորոշումն այդ հարցում «չափազանց անհաջող հայտարարություն է», գտնում է «Թըրքիշ Դեյլի նյուսի» մեկնաբան Ջեմ Օգուզը: Նրա կարծիքով, ԵՄ-ն որոշակի շահեր ունի Թուրքիայում եւ այդ քայլը մեծ անարդարություն է: Օգուզը կարծում է, որ Թուրքիան չի ընդունի Գերմանիայից եւ Ֆրանսիայից նման, հանրության համար նախատեսված հայտարարություններ: «Այդ հայտարարությունները վնասում են ԵՄ-ի հեղինակությանը»,-նշել է թուրք լրագրողը:

Ճիշտ է, լիիրավ անդամակցության փոխարեն Թուրքիային առաջարկվում է «Արտոնյալ գործընկերություն», որը նրան ձեռք չի տալիս: Սակայն ձգտելով Եվրոպա` Անկարան մոռանում է որոշ հիմնարար պայմանների մասին, որոնք պարտադի պետք է կատարվեն: Թուրքիան միակ երկիրն է, որ չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, որը ԵՄ անդամ է: Փոխարենը Անկարան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ: Եվս մեկ եւ շատ լուրջ պատճառ` Հայոց ցեղասպանության ժխտումը, թեեւ Ֆրանսիայում եւ ԵՄ-ի մի շարք այլ երկրներում այդ փաստի ժխտումը հավասար է քրեական հանցագործությանը: Իսկ կա նաեւ տխրահռչակ 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է խոսքի ազատությունը, Հյուսիսային Իրաք ներխուժելով քրդական հարցը «վերջնականապես լուծելու» փորձերը:

Վերջին քայլը եղավ ուսումնական հաստատություններում խիջաբի կրումը թույլատրող օրինագիծը: Իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը փորձում է իսլամական պետություն ստեղծել Թուրքիայում, օրինակ, արգելել ալկոհոլը եւ դպրոցներում ներմուծել իսլամի խորացված ուսուցում: Եվ որքան էլ երկրի նախագահը վարչապետի հետ միասին համոզեն աշխարհին, որ Թուրքիան պատրաստ է դառնալ եվրոպական ընկերակցության լիիրավ անդամը, ոչ ոք մայրցամաքում չի ցանկանում իսլամիստների տեսնել Եվրախորհրդարանում եւ այլ կառույցներում: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 45 տարի առաջ եւ թե որքան կպահանջվի Անկարայի նկրտումները բավարարելու համար դեռեւս ոչ ոք չգիտի: Ցանկացած դեպքում խոսքը մի քանի տասնայկ տարիների մասին է:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ

Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---