ՀՀ նախագահի առաջիկա այցը ԱՄՆ դարձավ ներքաղաքական քննարկումների հիմնական թեման

Ապրիլի 5-10-ի ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Անցյալ շաբաթվա հիմնական քաղաքական իրադարձությունները սկսվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Der Spigel ամսագրին տված հարցազրույցից: Ապրիլի 5-ին Der Spigel ամսագրին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտնեց, որ թուրքերը դեմ են 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն որակելուց: "Սակայն սա այն հարցը չէ, որը պետք է Անկարան լուծի",- նկատեց նախագահը: “Ապօրինի ներգաղթյալ հայերին Թուրքիայից արտաքսելու վերաբերյալ անընդունելի հայտարարությունները իմ ժողովրդի հիշողության մեջ արթնացնում են հիշողությունները Ցեղասպանության մասին: Ցավոք, նման հայտարարությունները, որ հնչում են թուրք քաղաքական գործիչների շուրթերից, անսպասելի չեն ինձ համար: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի",- նշեց ՀՀ ղեկավարը:

PanARMENIAN.Net - > Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասսենին: Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող վիճակը: Անդրադարձ է կատարվել նաև դատական համակարգի լիակատար կախվածությունն և, մասնավորապես, քաղբանտարկյալների առկայության փաստը:

Ապրիլի 6-ին ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ԵՄ հետ համագործակցությունը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Իր հերթին, Ֆյուլեն ասաց, որ ԵՄ-ն ռազմավարական հետաքրքրություն ունի և ցանկանում է իր արևելյան հարևանների կայունությունը և զարգացումը: “Մենք ուրախ ենք, որ Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը զարգանում է, ինչը մեր հարաբերությունները նոր մակարդակի վրա է բարձացնում”,- ասել է Ֆյուլեն: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, մեկնաբանելով տարածաշրջանում պատերազմի վերսկսման հնարավորությունը, հայտարարեց, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը միշտ կա և այն պարբերաբար աճում է: Նրա խոսքերով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության հետ, նրանք կապված են հայ-թուրքական գործընթացի հետ: Իր հերթին Մանասյանն ասաց, որ առանց գերտերությունների թույլտվության Բաքուն պատերազմ չի սկսի: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը պատերազմն ինքնագլուխ սկսեր, այլ ոչ թե գերտերությունների հրահանգով, ապա նա դա վաղուց կաներ և կհայտնվեր նույն դրության մեջ, որում եղել էր մեկ անգամ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին, որը ժամանել էր` մասնակցելու մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին: “Մեզ համար շատ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն և հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում՚ և հավելել.”ՙհատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի` հայոց ցեղասպանության մասին",- նշել է Սերժ Սարգսյանը: Դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն իր հերթին նշել է, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, և առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է:

Նույն օրը Երևանում` Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի մոտ, կայացավ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հերթական հանրահավաքը: Ցույցը բացեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ Գրիգոր Հարությունյանը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցույցի ժամանակ հայտնեց, որ ներկա պահին անիմաստ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, քանի որ այն կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: Նրա խոսքով, հայ-թուրքական գործընթացում առաջընթաց չի լինի, քանի դեռ այն առկա չէ ղարաբաղյան հակամարտության մեջ: "Հայաստանի նախագահը երկընտրանքի առջեւ է կանգնած` կամ նա ստորագրում է թարմացված Մադրիդյան սկզբունքները, կամ ժամանակ է ձգում եւ չի ստորագրում թաստաթղթերը, ինչը կարող է զայրացնել միջազգային հանրությանը",- նշեց ՀԱԿ առաջնորդը` ավելացնելով, որ Սերժ Սարգսյանն "ամեն դեպքում" կկորցնի իշխանությունը:

ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Հայաստանի խորհրդարանում "Միջազգային պայմանագրերի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ եւ "ՀՀ ԱԺ կանոնադրության" մեջ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նկատեց, որ վերապահման իրավունքը նորություն չէ, քանի որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն վերապահում է համարցում պետության միակողմ հայտարարությունը, ինչի իրավունքն ունի Հայաստանի խորհրդարանը: "Ժառանգություն" կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին նկատեց, որ այդ օրենսդրական փաթեթի առնչությամբ Հայաստանի կառավարության բացասական եզրակացությունը ՀՀ Սահմանադրության կետերի նեղ մեկնաբանության արդյունքն է: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով վերոնշյալ օրինագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը, նշեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, արտաքին քաղաքականությունը միայն նախագահի եւ կառավարության համար է առաջնահերթ, հենց այդ պատճառով էլ խորհրդարանին վերապահման իրավունքի տրամադրումը հակասում է երկրի Սահմանադրությանը:

Ապրիլի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության ընդլայնման եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշեց, որ Ֆյուլեի այցը լավ հնարավորություն է Հայաստանին ծանոթանալու եւ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Շտեֆան Ֆյուլեն իր հերթին նշել է, որ բավականին մոտ է ԵՄ-ի և Հայաստանի միջև պայմանագրային նոր հարաբերությունների ձևավորման նպատակակետը, ինչը ենթադրում է համագործակցության ավելի բարձր աստիճան: Իսկ արդեն ապրիլի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ գործերով բանագնացը` Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ժամանեց Երևան: Այդ մասին Երևանում հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ նկատեց, որ առանց Ղարաբաղի հիմնախնդրի գլխավոր` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման, դժվար է խոսել այլ խնդիրների կարգավորման մասին: Նա ավելացրեց նաեւ, որ նախկինի նման բանակցությունների հիմքում ընկած են Մադրիդյան սկզբունքները: Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, թե ինքը գտնում է, որ հայ-թուրքական գործընթացն անբարենպաստ է Հայաստանի համար, սակայն ավելի անբարենպաստ կլինի դուրս գալ այս գործընթացից: Ընդ որում, նա նկատել է, որ մինչ Արձանագրությունների ստորագրումը կողմերը ավելի լավ հարաբերությունների մեջ էին, քան այժմ: “Այս պահի դրությամբ հարաբերություններն երկրների միջև ագրեսիվ-թշնամական են”,- ասել է Հովհաննես Իգիթյանը: Անդրադառնալով Սարգսյան-Օբամա առաջիկա հանդիպմանը` Իգիթյանն ասել է, որ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը ճնշում կգործադրի Հայաստանի հանդեպ` արագացնելու համար ղարաբաղյան հակամարտության լուծումը, որպեսզի Թուրքիան ինչ-որ քայլեր ձեռնարկի հայ-թուրքական գործընթացում:

Ապրիլի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց, Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուին: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց միջազգային հանրության տեսակետներին համահունչ Հայաստանի մոտեցումները` շարժվելու առաջ, առանց նախապայմանների վավերացնելու և իրագործելու Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և այդ ուղղությամբ թուրքական կողմից գործնական քայլերի ակնկալիքը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով նույնպես ընդունել է նրա հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիլիօղլուին: "Հայաստանը Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ",- ասել է Սերժ Սարգսյանը: Բանագնաց Սինիլիօղլուն իր հերթին ՀՀ նախագահին է փոխանցել թուրքական կողմի հավաստիացումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ: Իր բանագնացի միջոցով Թուրքիայի վարչապետը նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել ապրիլի 12-13-ը միջուկային անվտանգության վերաբերյալ գլոբալ գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նույն օրը, ՀՀ խորհրդարանում կայացած կառավարական ժամի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ Ադրբեջանն արդեն բազմիցս ընդունել է Ղարաբաղը որպես ղարաբաղյան հակամարտության բանակցային կողմ ոչ միայն դե-ֆակտո, այլև դե-յուրե, քանի որ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ Ադրբեջանը փաստաթղթի ներքո ստորագրել է ԼՂՀ հետ միասին: Նրա խոսքով, որքան շուտ Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց, այնքան լավ կլինի ինքնին գործընթացի համար: Ապրիլի 7-ին Երասխավանի մոտ` Հայաստանի և Ադրբեջանի սահմանում, ադրբեջանական կողմին է հանձնվել ռազմագերի Ռաֆիկ Հասանովը, որը 2008-ի հոկտեմբերի 8-ին անցել էր հայկական կողմ:

Ապրիլի 8-ին ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հայտնեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլու հետ հանդիպման ժամանակ տվել է իր համաձայնությունը Վաշինգտնում Սարգսյան-Էրդողան երկկողմանի հանդիպումը կազմակերպելու համար միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում: Նույն օրը Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Արտակ Զաքարյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում եւ ՀՀ ղեկավարի ողջ այցն ընդհանուր առմամբ կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ելույթ ունենալով Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտնել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ղարաբաղյան հակամարտության գոտում շատ մեծ է, քանի որ բանակցային գործընթացը մտել է փակուղի: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացման հնարավոր ձախողումը միայն կմեծացնի պատերազմի հավանականությունը: "Ասել, որ այս տարվա մայիսին կարող է պատերազմ սկսվել, դժվարանում եմ, բայց պատերազմ լինելու է: Եթե ոչ այս տարի, ապա` մյուս”,- ասել է Կոմանդոսը: Նա նկատել է նաեւ, որ չի կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է հանձնել Ղարաբաղի տարածքներն առանց անվտանգության որևէ երաշխիքների: Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը Al Watan սիրիական թերթին տված հարցազրույցում` Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ, դա քաղաքական և դիվանագիտական հայտարարություն է, բայց ինձ թվում է, որ զիջումների մասին իրավունք ունի խոսելու մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, որովհետև նա է արյուն թափել այդ տարածքների ազատագրման համար: Ընդ որում Կոմանդոսն ավելացրեց, որ ինքը դեմ է ղարաբաղյան հակամարտության հարցում տարածքային զիջումներին: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր տարածած հայտարարության մեջ մեկնաբանել է վերջին հանրահավաքում իր հասցեին հնչած մեղադրանքները: ”Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել",- նշում է Քոչարյանը: Ընդ որում, Հայաստանի նախագահը նկատել է, որ եթե ինքը որոշի վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարի բաց և ուղիղ:

Ապրիլի 9-ին` ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ “Ժառանգություն” կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտնեց, որ ոչ մի անսպասելի բան չկա նրանում, որ Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Վաշինգտոնում` ապրիլի 12-13-ին կայանալիք միջուկային անվտնագության վերաբերյալ միջազգային գագաթաժողովի շրջանակներում: “Հայաստանի նախագաի համաձայնությունը` հանդիպել Էրդողանի հետ, չի զարմացնում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ՀՀ ղեկավարության նախաձեռնողական քաղաքականությունը ոչ մի առաջարկ չի մերժում”,- ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Թուրքիայի վարչապետի հետ Հայաստանի նախագահի առաջիկա հանդիպմանը մեծ կարեւորություն է տվել "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, այժմ այժմ Թուրքիայի պատասխան քայլերի ժամանակն է, եւ եթե այդ երկիրը հավատարիմ է Արձանագրությունների ոգուն եւ տառին, ապա պետք է առանց նախապայմանների վավերացնի դրանք: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այդ առիթով նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցն առավել կարեւոր է հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: Նույն օրը Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը Տավուշի մարզում լրագրողներին հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ եղել և լինելու է: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկայիս բանակցային գործընթացին` Հայաստանի նախագահն այն գնահատեց որպես "նորմալ": "Ես արդեն բազմիցս հայտարարել եմ, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին մեր ձեռքերում է",- ասաց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, ապա մյուս հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի: Անդրադառնալով հայ-թուրքական մերձեցման գործընթացին` Սարգսյանը նկատեց, որ Հայաստանը գրեթե ընդունել է որոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ: Նրա խոսքով, հայկական կողմն իր որոշումը հասարակության դատին կներկայացնի, եթե վստահ լինի դրա ճշտության մեջ: "Այս դեպքում շատ կարևոր է ճիշտ որոշում ընդունել, բայց այդ մասին խոսելը վաղ է",- ասաց Հայաստանի նախագահը: Իսկ արդեն օրվա վերջին Հայաստանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայրենականի մեծ պատերազմի 65-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին մասնակցելու հրավերի համար: Երկու երկրների ղեկավարները խոսել են նաև առաջիկա հնարավոր հանդիպման մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---