Հայաստանում շարունակվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման շուրջ քննարկումները

Ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները

Հայաստանի քաղաքական շաբաթն սկսվեց խորհրդարանի քառօրյա նիստերով, որոնց ընթացքում ԱԺ նախագահը պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները դեռևս գտնվում են Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգում: Նա ավելացրել է, որ արձանագրությունները հանվել են միայն քառօրյայի օրակարգից:

PanARMENIAN.Net - Այս մասին իրենց կարծիքներն են հայտնել խորհրդարանական տարբեր խմբակցությունների պատգամավորները: Հայ-թուրքական հարաբերությունների մասին ստորագրված արձանագրությունները մնացել են մեծ օրակարգում, որպեսզի հարկ եղած դեպքում դրանք քննարկման դրվեն: Այս մասին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Դալլաքյանի խոսքերի համաձայն, քաղաքական մեծամասնությունը խուսափել է արձանագրություններն օրակարգից հանելու որոշում ընդունել, քանի որ այդ դեպքում դրանք նորից օրակարգ մտցնելու համար հարկ կլինի կրկնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, ինչն էլ բավականին երկար գործընթաց է:

«Մյուս կողմից` նրանք օրակարգից հանել են այդ փաստաթղթերը, քանի որ ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանական երեք նստաշրջանից հետո այդ հարցն անպայման պետք է քննարկվի: Այսինքն` օրենքը պարտադրում է, որ քառօրյա նիստերի օրակարգ մտած յուրաքանչյուր օրինագիծ, խորհրդարանի երեք նստաշրջանից հետո անպայման քննարկվի», - ասել է Դալլաքյանը` ավելացնելով, որ խորհրդարանի մեծամասնությունը քառօրյա նիստերի օրակարգից արձանագրությունները հանելով, կարող է այն հավերժ պահել առկախ վիճակում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին ասել է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին նախագահի հրամանագրի հիման վրա այդ փաստաթղթերը պետք է ոչ թե քառօրյա նիստերի օրակարգից հանել, այլ, ընդհանրապես, խորհրդարանից: «Այսինքն` արձանագրությունները պետք է խորհրդարանի մեծ օրակարգից հանել և ուղարկել հետ` նախագահի աշխատակազմ, ինչն էլ պահանջում է կասեցման տրամաբանությունը», - բացատրել է նա:

Պատգամավորն ընդգծել է նաև, որ նա դեմ է կասեցմանը և համարում է, որ դա լիարժեք քայլ չէ, քանի որ, նրա կարծիքով, Հայաստանը պետք է դուրս գա հայ-թուրքական գործընթացից: «Խորհրդարանի մեծ օրակարգում թողնելով և այդ գործընթացից դուրս չգալով, պահպանվում է հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հարցում առաջընթացի հասնելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գերտերությունների ճնշման հավանականությունը հայկական կողմի վրա», - ասել է նա, ավելացնելով, որ հայկական կողմը գործընթացից վերջնականապես դուրս գալու և միջազգային ճնշումները շրջանցելու լավ առիթ ունեցավ, որը չօգտագործեց;

«Հայաստանի նախագահը ստորագրել է արձանագրությունների վավերացումը կասեցնելու, այլ ոչ խորհրդարանից այն հետ կանչելու մասին հրամանագիր: Կասեցում նշանակում է գործընթացի սառեցում այն փուլում, որում գտնվում են, այսինքն` արձանագրությունները հանել քառօրյա նիստերի օրակարգից, այլ ոչ մեծ օրակարգից», - պնդում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

«Ես վստահ եմ, որ 2013 թվականից հետո կսկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց»,-մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, 2011թ. Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, և, հաշվի առնելով, որ այդ շրջանում աճում են ազգայնական տրամադրությունները, նախընտրական մթնոլորտում քաղաքական ինքնասպանություն կլինի խոսել հայ-թուրքական մերձեցման մասին: «2012թ. խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան Հայաստանում, և այդ շրջանում ևս շահավետ չի լինի խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին»,-ասել է Շաքարյանը: Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և’ Հայաստանը, և’ Թուրքիան, և’ գերտերությունները կստեղծեն ավելի որակյալ հայ-թուրքական արձանագրություններ, որպեսզի այդ գործընթացում առաջընթաց գրանցվի: «Ես կարծում եմ, որ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, կհրապարակվեն առավել որակյալ արձանագրություններ, սակայն ես չեմ կասկածում, որ գործընթացը կվերսկսվի դրանից անմիջապես հետո»,-ասել է հայ փորձագետը:

Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից ավելի քաղաքական նշանակություն ունի, քան իրավական: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույս» կվառի մյուս պետությունների համար և նրանք ևս կճանաչեն այդ փաստը»,-ասել է Մանոյանը` հավելելով, որ ըստ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևերի` 1975, 1986 և 1993թթ., ԱՄՆ-ն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մնում է, որ վարչակազմը հաստատի այդ փաստը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցին` Մանոյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը պետք է պահանջի ոչ միայն փոխհատուցել վնասը, այլ նաև կյանքի կոչել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավական որոշումը: «Հայկական կողմը պետք է մշակի միասնական ու համապարփակ ծրագիր, որտեղ կամրագրվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հաջորդ քայլը: Անպայման չէ, որ այդ ծրագիրը պայմանավորված լինի ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայով»,-ասել է Կիրո Մանոյանը:

Ընդհանուր առմամբ գնահատելով հայ-թուրքական կարգավորման գործընթացը և մեկնաբանելով պաշտոնական Երևանի հայտարարությունն այդ գործընթացի ներկա փուլը առկախելու մասին, Մանոյանն ասել է, որ սպառնալիքը արձանագրությունների մեջ է և քանի դեռ Երևանը չեղյալ չի հայտարարել իր ստորագրությունը, արձանագրություններն իրավական տեսակետից դեռևս «կենդանի են»: «Հայաստանի իշխանությունները, տեղի տալով գերտերությունների ճնշմանը, հետ չկանչեցին ստորագրությունը, իսկ դա նշանակում է, որ սպառնալիքը մեզ համար դեռևս պահպանվում է»,-ասել է Կիրո Մանոյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը, հայտարարելով այս փուլի առկախման մասին և չեղյալ չհայտարարելով իր ստորագրությունը, նոր հնարավորություն տվեց Անկարային` ձգձգելու գործընթացը: Ըստ նրա, Թուրքիային հարկավոր է ոչ թե արդյունքը, այլ գործընթացի առկայությունը: Կիրո Մանոյանը չի բացառել, որ ԱՄՆ-ն, արձանագրությունների վավերացմանը հասնելու համար, ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ավելացնել ճնշումը Երևանի վրա:

«Հենց սկզբից էլ պարզ էր, որ հնարավոր չէր երկար ձգել այս` ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գործընթացը, և իշխանությունները ստիպված էին լինելու ընդունել իրականությունը:

Ինձ զարմացնում է երկու այլ բան: Նախ` իշխանություններն այսօր բաց տեքստով ասում են, որ մեկ տարի շարունակ իրենք հետևել են, թե ինչպես է Թուրքիան իրենց առաջ նախապայմաններ դնում, ինչպես է շահարկում գործընթացն իր օգտին և ոչ միայն հանդուրժել են դա, այլև շարունակաբար պնդել, որ նման բան չկա, որ այս ողջ գործընթացը մեծագույն հաջողություն է և աննախադեպ դիվանագիտական հաղթանակ:

Երկրորդ` եթե այս իրավիճակից դուրս գալու հնարավոր ելք կար` ոչինչ չանելուց մինչև ստորագրության հետկանչը, իշխանությունը ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը: Այժմ Թուրքիայի վրայից սահմանի բացման ամեն պարտավորություն հանված է` մինչև չլուծվի ղարաբաղյան խնդիրը, ինչն էլ Թուրքիան ուզում էր հենց սկզբից: Հայկական կողմն արեց այն, ինչն ամենացանկալին էր Թուրքիայի համար` չվավերացրեց արձանագրությունները, բայց և չհրաժարվեց դրանցից` Թուրքիային հնարավորություն տալով շարունակել ներգրավված մնալ ղարաբաղյան հարցում:

Իշխանությունները մեկ տարի շարունակ հերքում էին հայ-թուրքական գործընթացում առկա խնդիրները, և քննադատությանը հակադարձում էին, թե իրականում ամեն ինչ շատ լավ է ընթանում: Այսօր, փաստորեն, տեսնում ենք, որ իրենք գիտակցում էին, որ ինչ որ բան այն չէ, բայց ձգձգեցին մեկ տարուց ավելի` հույս ունենալով, որ հնարավոր կլինի խուսափել ընդդիմախոսների ճշմարտացիությունն ընդունելուց:

Այսօր ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն երևույթը նշմարվում է Ղարաբաղի հարցում: Այսօր նույնպես իմ քննադատությանը հակադարձում են, թե ղարաբաղյան բանակցություններում ամեն ինչ լավ է ընթանում, որ ոչ մի վտանգավոր զարգացում չկա:

Հիմա, սակայն, չարախնդալու ժամանակը չէ: Եվ ոչ էլ սեփական ճշմարտացիությունն ամեն գնով ապացուցելու ժամանակն է: Փաստը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացն մեզ համար անբարենպաստ հունով է առաջ գնում, և իրավիճակը պետք է շտկել, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ է ոչ միայն շեշտադրումների, այլ նաև քաղաքականության փոփոխություն: Բայց դրա համար իշխանությունները պետք է համարձակություն ունենան իրականությունը սթափ գնահատելու և դրա լրջությունն ընդունելու, որպեսզի Ղարաբաղի հարցում էլ նույն իրավիճակում չհայտնվենք: Անհրաժեշտ է նախ` գիտակցել և ընդունել, որ խնդիրներն առկա են, փորձել պարզել դրանց առաջացման իրական պատճառները և ոչ թե շարունակել իրականությունը հերքելու ավանդույթը:

Ինձ նաև մտահոգում է մեկ այլ միտում: Երկու տարի շարունակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ գովաբանեցին հայ-թուրքական գործընթացը, անտեսեցին բոլոր խնդիրները, հասարակության մոտ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և սահմանի բացման ակնկալիքներ ստեղծեցին: Եվ երբ դա հենց սկզբից տեսանելի պատճառներով տեղի չունեցավ, այսօր արդեն մի նոր` հակառակ, ծայրահեղ արձագանքի ենք ականատես:

Այդ նույն քարոզչամեքենան լծվել է հակաթուրքական քարոզչությանը: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ընդունել են կարծրատիպային ծայրահեղական մի նոր կեցվածք: Բոլոր կողմերի անզգույշ քաղաքականության հետևանքով մենք հանգել ենք հայ-թուրքական հարաբերություններում փակուղու: Եվ այս նոր միտումները կարող են ավելի վատթարացնել առանց այդ էլ նուրբ իրավիճակը` փակելով հետագայում որևէ դրական զարգացման հնարավորություն»: -Վարդան Օսկանյանի խոսքը PanarmenianNet-ին է ուղարկել «Սիվիլիթաս» հիմնադրամը:

«Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի շահերց են բխում, իմ կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մեր երկրի քաղաքական համակարգը կարող է նկատելի առաջընթաց արձանագրել: Սակայն արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրից հետո Հայաստանի քաղաքական համակարգն այլևս առաջընթաց չի ունենա, քանի որ իշխանությունը պահելու համար ինտելեկտուալ ներուժ այլևս պետք չի լինի», – Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքերի համաձայն, ՀՀ նախագահի հրամանագիրը արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին չարդարացված դեմարշ էր, և կարող է ունենալ բացասական հետևանքներ հայկական կողմի համար: «Օրինակ` հիմա կարող է արագանալ ղարաբաղյան խնդրի կարգավորումը, քանի որ համաձայն Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարության, Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում հիմնական հարցը լինելու է ղարաբաղյան հակամարտությունը»,- ասել է Սուրենյանցը;

Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին խոսելով, Սուրենյանցն ընդգծել է, որ այդ հարցն ընդհանրապես պետք է հանվի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից: «Այդ հարցը մեր թույլտվությամբ դարձել է գերտերությունների համար չարաշահումների առարկա»,- ասել է նա:

Տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դերի մասին խոսելիս նկատել է, որ ռուսական կողմի շահերից բխում է, որ պահպանի իր ազդեցությունը տարածաշրջանում:

Ներքաղաքական խնդիրների մասին նա ասել է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ լինելու դեպքում ՀԱԿ-ը միասնական ճակատով հանդես կգա, իսկ եթե բանը հասնի հերթական ընտրություններին, ապա չի բացառվում ՀԱԿ-ի կազմի մեջ ներգրավված քաղաքական ուժերի առանձին մասնակցությունը դրանց:

Ջավախքի մասին լրագրողների հարցին Սուրենյանցը պատասխանել է, որ ընդդիմությունն, առաջին հերթին, պետք է պայքարի իր երկրի ներսում եղած խնդիրների լուծման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բաքվում մասնակցել է Կրոնապետների համաշխարհային գագաթաժողովին` նվիրված կրոնների և ավանդական արժեքների վրա համաշխարհայնացման ազդեցության խնդիրներին: «Մենք` կրոնական առաջնորդներս, համախմբվել ենք խորհելու և համագործակցության ուղիներ փնտրելու արդի աշխարհում հոգևոր արժեքների պահպանության ու ամրապնդման համար: Բոլոր ժողովուրդների համար ընդհանուր են մարդասիրության, ազնվության ու արդարության արժեքները, ընդհանուր է խաղաղ կյանքի ձգտումը: Մեր առաքելությունն է մեր ժողովուրդներին համամարդկային արժեքների մեջ ամրագրելը, հավատքի մեջ զորացնելը, աստվածահաճո ուղիներով առաջնորդելը»,-ասել է Վեհափառը: Նորին Սրբությունը հրավեր է ուղղել կազմակերպիչներին` կրոնապետների հաջորդ գագաթաժողովը Հայաստանում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարելու: Նա նաև հրավիրել է Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը միջնորդել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թոմաս Համարբերգին և Եվրոպայի Խորհրդի իրավասության ներքո գտնվող մի շարք կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի աջակցեն վերականգնելու Էռնեստ Վարդանյանի ոտնահարված իրավունքները: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամը միջնորդության մեջ գրել է.”«Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն փաստը, որ թեպետ Մերձդնեստրյան հանրապետությունը չի հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ և չի միացել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային, այնուամենայնիվ` գտնում եմ, որ շտապ անհրաժեշտություն է ծագել հնարավորինս կանխելու և վերացնելու մարդու իրավունքների ոտնահարումը` կապված Էռնեստ Վարդանյանի գործի հետ` օգտագործելով Եվրոպայի Խորհրդի իրավասության ներքո գտնվող միջոցները»:

Ապրիլի 29-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած "Ոստիկանական ծառայության մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Օրինագծով արգելվում է ոստիկանական ակադեմիա ընդունվել այն անձանց, ովքեր պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանականներն ընդունեցին նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի նախաձեռնած օրինագիծը` «ՀՀ ԱԺ կանոնակարգի մասին» և «Իրավական ակտերի մասին» օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու մասին: Վերոնշյալ օրինագծում խորհրդարանի նախագահի տեղակալն առաջարկում է հետևյալը. Հայաստանի կառավարությունը, ներկայացնելով օրինագիծ, պետք է պարտադիր ներկայացնի դրա կիրառման ռեժիմը:

Մայիսի 29-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է պաշտպանության նախարարության հետ համագործակցող 39 ձեռնարկությունների ղեկավարների հետ` քննարկելու ռազմարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է ռազմարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Վերջինիս խոսքով, միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրն է` մշակել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգ, պետական ծրագիր, ինչպես նաև` ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործնական քայլեր ձեռնարկել: Որոշվել է ձեռնարկությունների ղեկավարների ներկայացնելիք անձնագրերի հիման վրա ստեղծել տվյալների ամբողջական բազա և գործնական նախաձեռնություններ մշակել, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: Հայ-թուրքական արձանագրություններն անընդունելի են մեզ համար, պաշտոնական Երևանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը: Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի միայն դիվանագիտական նոտայի պարզ փոխանակմամբ և ոչ ավելին: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության պետ Արմեն Մարտիրոսյանը ՀՀ Աժ-ում տեղի ունեցած ճեպազրույցում:

Իր հերթին, «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների սառեցումն արժանի պատասխան է թուրքական կողմի նախապայմաններին: «Բայց մենք մտադիր ենք շարունակել հայ-թուրքական երկխոսությունը, և ես կարծում եմ, որ կգա ժամանակ, երբ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ և կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է նա` միաժամանակ դժվարանալով ասել, թե դա երբ կլինի:

Այս խնդրի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշել է, որ արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը հնարավորություն է տալիս Թուրքիային ևս մեկ անգամ քննարկել Հայաստանի հետ առանց նախապայմաններ հարաբերություններ հաստատելու հարցը: «Եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները, ապա այդ փաստաթղթերի վավերացումը Հայաստանի խորհրդարանում խնդիրներ չի առաջացնի»,- ասել է նա, ավելացնելով, որ Հայաստանը կողմ է հայ-թուրքական երկխոսության շարունակմանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը նշել է, որ հայ-թուրքական արձանագրություններն իրենց մեջ վտանգավոր տարրեր չունեն, և եթե Թուրքիան վավերացնի այդ փաստաթղթերն առանց նախապայմանների, այդ ժամանակ հայկական կողմը կվերանայի իր դիրքորոշումը: «Բայց ես դժվարանում եմ ասել, թե արդյոք Թուրքիան հենց այդպես կվարվի»,- ասել է պատգամավորը:

Ապրիլի 28-30-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի է ունեցել «Եվրոպական անվտանգության երկխոսությունը եւ սպառազինությունների վերահսկումը» թեմայով համաժողով, որին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

Փոխնախարար Արման Կիրակոսյանի ելույթը վերաբերում էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթությունները, պաշտոնական դիրքորոշումը` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է ադրբեջանական կայքերում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին զետեղված ստահոդ լուրերին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված էր. «Երբ խոսքը վերաբերում է ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքներին, ապա կարիք չկա տրամաբանություն որոնել նրանց «փաստարկներում»: Այսպես` իրենց համար լիովին արդարացված է, որ երկրի նախագահն ու նախարարը ի լուր աշխարհի «ավետում են» ռազմական ծրագրերի, սպառազինության մասին, որով պատրաստվում են խոցել «ցանկացած նպատակակետ Հայաստանում»: Բայց երբ, բնականաբար, դրան ի պատասխան հնչում է ՀՀ պաշտպանության նախարարի զգուշացումը, ապա, «մոռանալով», թե ինչու է նախարարը հայտարարություն անում, այն որակում են սպառնալիք և սահուն «անցում» են անում իրենց իսկ հորինած թեմային`«նախարար Ս. Օհանյանի` Խոջալուի դեպքերին մասնակցությանը»` չմոռանալով կասկածի տակ առնել Հայոց մեծ եղեռնը: Իսկ նման հերյուրանքներ տարածելու համար կայքեր, հին ու նոր, ինչքան ասես ունեն:

Մնում է հավելել նաև, որ ամեն գնով ՀՀ պաշտպանության նախարարի հասցեին ադրբեջանական կայքերում զետեղվող ստահոդ լուրերն ու մշտական զրպարտությունները տեղեկատվական դաշտին իրազեկ մարդկանց և փորձագետների ծիծաղն են ընդամենը հարուցում», - ասվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: Հայկական կողմը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ներգրավված կողմերին պետք է հստակորեն հասկացնի, որ այդ հիմնախնդիրը Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպման շրջանակներում քննարկման առարկա չէ: «Ես հատուկ ընդգծում եմ այդ բանը, քանի որ Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում քննարկվող հարցերից մեկը հենց ղարաբաղյան հակամարտության հարցն է լինելու», - ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքերի համաձայն, Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հասնի Մինսկի խմբից Թուրքիայի վերջնականապես դուրս գալուն, քանի որ այդ երկրի ազդեցությունը ղարաբաղյան կարգավորման հարցում օր օրի աճում է: Պատգամավորը նաև նշել է, որ մինչև Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա, պաշտոնական Երևանը պետք է կողմերին ուղերձ ուղարկի այն մասին, որ ԼՂՀ հիմնախնդիրը Անկարայի պատերի ներքո քննարկման առարկա չէ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հերթական հայտարարությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր. «Համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների, ապրիլի 23-ին Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքները զավթելու, ԼՂՀ շուրջ ստեղծված անվտանգության գոտում ամեն ինչ ավերելու մեջ (կարծես մենք ենք հողին հավասարեցրել Ջուղայի խաչքարերի հազարամյա անտառը), և հերթական անգամ հայտարարել, որ Ադրբեջանը չի կարող հանդուրժել նման դաժանությունն ու անարդարությունը»:

Տարված ցանկալին իրականի տեղ ներկայացնելու մոլուցքով և պարտադրված լինելով ադրբեջանական ժողովրդի մոտ ինչ-որ կերպ արդարացնելու իրենց իսկ սանձազերծած պատերազմում կրած պարտությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության քարոզչական օղակները և ընդհանրապես` պետական ողջ քարոզչամեքենան շարունակում են վաղուց մաշված ձայնասկավառակը պտտել, ակնարկելով պատերազմում հայկական կողմին օգնած խորհրդավոր ինչ-որ երրորդ ուժի մասին, բայց անգամ վախենում են արտասանել այդ պետության անունը:

Իսկ զազրախոսությամբ զբաղվելու և հայկական բանակի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի մասին մտավարժանքներ ու դատողություններ անելու փոխարեն, Սաբիրօղլուն և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թող զբաղվեն սեփական բանակի անթիվ հոգսերով, ասվում էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---