Հայաստանի բժիշկները ստիպված են ոչ միայն պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ, այլեւ գտնել դրանց բուժման միջոցն

Ամեն տարի Հայաստանում մահանում է մի քանի երեխան, որովհետեւ նրանց բուժման համար գումար չի լինում

Փետրվարի 15-ը մանկական ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչ-ինչ, բայց պայքարելու բան այս բնագավառում կա : Ամեն տարի Հայաստանում գրանցվում են քաղցկեղային հիվանդությունների 7000 նոր դեպքեր, որոնցից 100-ը մինչեւ 15 տարեկան երեխաների մոտ է նկատվում: Այս թվերը սարսափեցնող են, թեեւ դրանք համաշխարհային ցուցանիշներից չեն տարբերվում: Քաղցկեղը դաժան հիվանդություն է, այն հաճախ այլ հիվանդության է նմանվում: Մեծ մասամբ անցնում է գաղտնի շրջան, այդ պատճառով էլ դժվար է լինում նախնական վիճակում այն նկատել:

PanARMENIAN.Net - Սակայն երեխաների մոտ այդ շրջանն ավելի կարճ է տեւում, քան մեծահասակների մոտ, այդ պատճառով բուժվում է ավելի շուտ: «Եթե բուժումից երկու տարի անց հիվանդությունը չի կրկնվում, ապա երեխան միանգամայն առողջ է համարվում: Ես ընդգծում եմ, որ մենք ոչ թե կյանքի երկարատեւությունն ենք ապահովում, այլ ամողջովին բուժում ենք այդ հիվանդությունից», - ասում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժնի ղեկավար պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:

Հայաստանում բուժվում են ավելի քան 65% քաղցկեղով հիվանդ երեխաներ, իսկ հայ բժիշկների ջանքերի շնորհիվ մեր երկրում 62% -ը բուժվում է այդպիսի հիվանդություններից, որը դեռ 10 տարի առաջ համարվում էր անբուժելի:

Ուռուցքը կարող է առաջ գալ յուրաքանչյուր տարիքում, բայց դրա ակտիվացման ժամանակը 2-4 եւ 10-12 տարեկանում է: «Վերջերս մենք մեծ հաջողությամբ վիրահատեցինք 20 օրական երեխայի», - պատմում էր Գրիգոր Բադալյանը:

Լինում են դեպքեր, երբ բժիշկներն էլ չեն կողմնորոշվում, արդյոք արժե սկսել բուժումը: «Օրերս մեր կենտրոն մի հիվանդ այցելեց, որի հիվանդությունը բարձիթողի վիճակում էր, սակայն մեկ ամիս բուժվելուց հետո նա տուն է գնում», - հիշողություններն էր պատմում պրոֆեսորը:

Այսպիսի արդյունքներն, իհարկե, շատ հուսադրում են, մեր երկրում լավ բժշկական սարքավորումներ եւ գերազանց մասնագետներ կան, ընդ որում, ե'ւ ավագ սերնդի ներկայացուցիչների, ե'ւ երիտասարդ մասնագետների շրջանում: Սակայն մեկ հիմնախնդիր կա, որի դեմ բժիշկները ոչինչ չեն կարողանում անել` ֆինանսական խնդիրը: Ուռուցքային հիվանդությունների բուժումը շատ թանկ արժի, եւ բոլորը չէ, որ ի վիճակի են վճարել: Բուժման ընթացքում անհրաժեշտ է շատ թանկ դեղեր գնել:

Որոշ դեպքերում պետությունը բուժման համար վճարում է` ամեն հիվանդ երեխայի համար 190 հազ. դրամ: Սակայն սա չնչին գումար է, որը միայն ծախսվում է բազային դեղերի գնման համար: Ավելի լավ եւ լուրջ բուժման համար անհրաժեշտ է խոշոր գումար: Պրոֆեսորը ցնցող փաստեր էր բերում` ամեն տարի Հայաստանում մի քանի երեխա է մահանում միայն այն պատճառով, որ նրա բուժման համար գումար չի լինում: «Մենք, իհարկե, փորձում ենք այդ երեխաներին այլ դեղեր նշանակել, այլ կերպ օգնել, սակայն այդպիսով կորցնում ենք շատ թանկ ժամանակը, իսկ այդպիսի հիվանդությունները բուժելու համար պետք է պահպանել հստակ բուժման կարգը»:

Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված են եւ ակտիվորեն գործում են քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության հիմնադրամներ: Նրանց տրամադրած միջոցներով գնվում են անհրաժեշտ դեղերն ու սարքավորումները: «Ես էլ կուզեի այդպիսի հիմնադրամ ստեղծել Հայաստանում: Այնտեղ հավաքված գումարը կտրամադրվեր դեղորայք գնելու համար», - իր մտահոգությունները մեզ հետ կիսեց ՈւԱԿ-ի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժնի ղեկավարը: Այդ նպատակին հասնելու համար բժիշկը հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպում է բարեգործական համերգներ եւ ճաշկերույթներ: Այդպիսի ճաշկերույթներից մեկը տեղի ունեցավ փետրվարի 18-ին: «Ճաշկերույթին մասնակցում էին 60 բարձրաստիճան հյուրեր` Հայաստանի պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպաններ, հիվանդանոցների ղեկավարներ, գործարարներ: Ես զեկույց կարդացի գործող ծրագրի մասին, որից հետո ցանկացողները կարողացան իրենց նվիրատվությունները կատարել: Այդ օրը հավաքեցինք 6000 դոլար, որը օգտագործվելու է երեխաների բուժման համար: Մենք չենք կարող ծրագրել, թե ում բաժին կհասնի գումարը, մենք պետք է արագ գործենք: Երբ որեւէ երեխայի բուժման համար գումարը չի բավականացնում, մենք հենց տեղում նրան տրամադրում ենք այն», - պատմում էր Գրիգոր Բադալյանը:

Այն երեխաները, որոնք բուժվում են ՈւԱԿ-ում, հաճախ գլխի են ընկնում, բայց չեն գիտակցում իրենց հիվանդության մասին: Ոմանք բուժվելուց հետո բացեիբաց պատմում են իրենց հիվանդության մասին, եւ թե ինչպես են այն հաղթահարել: «Հունիսին ես ուզում եմ հավաքել բուժված բոլոր երեխաներին, որոնցից շատերն արդեն երեխաներ ունեն` ծնողներ են: Կարծում եմ, մենք միասին մեծ ակցիա կկազմակերպենք», - ասաց պրոֆեսորը:

Աստված տա մինչեւ հունիս բուժվածների թիվն ավելանա, որպեսզի մեծամասշտաբ ակցիա կազմակերպվի, որի նմանը երբեւէ չի եղել:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---