Ստեփանակերտում նորակառույց դպրոցների թիվը ավելացավ եւս մեկով

Շնորհիվ «Save the children» հասարակական կազմակերպության եւ Լինսի հիմնադրամի, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի աշակերտները կկրողանան ուսում ստանալ արդեն նոր մասնաշենքում

Շնորհիվ «Save the children» (Փրկենք երեխաներին) հասարակական կազմակերպության Ստեփանակերտում նորակառույց դպրոցների թիվը ավելացավ եւս մեկով: Մատրի 31- ին Արցախի Հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցավ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Լինսի հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, «Save the children» կազմակերպության Միջին Արեւելքի եւ Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Թոմաս Թորասը եւ այլք:

PanARMENIAN.Net - Դպրոցի կառուցման ծրագիրը իրականացվել է «Save the children» կազմակերպությունը` Լինսի հիմնադրամի եւ ԼՂՀ կառավարության ֆինսավորմամբ. Արցախի կառավարությունը ներդրել է ծրագրի ողջ արժեքի շուրջ մեկ քառորդը:

Ինչպես դպրոցի բացման արարողության ժամանակ նշեց Լինսի հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, կրթօջախի կառուցման համար տարվել է մեծ աշխատանք: «Մեր նոր երիտասարդ սերունդը մեր ամենաթանկ ռեսուրսն է եւ մեր կատարած աշխատանքից առավել կարեւոր է լինելու դպրոցի ուսուցչակազմի եւ աշակերտության աշխատանքը, որը կօգնի նրանց լինել լավ քաղաքացիներ ու պաշտպաններ մեր հերոսական Արցախի համար: Արցախի ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ: Աշխարհասփյուռ 10 միլիոն հայերը ձեր կողքին են»,- ասաց Հարութ Սասունյանը:

Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը նախկինում տեղակայված էր 1960-ական թվականներին կառուցված երկհարկանի կառույցում: Սա Ստեփանակերտի ամենահին ու ամենամեծ դպրոցն է, որտեղ ներկայումս սովորում է ավելի քան 1000 աշակերտ, գրեթե կրկնակի անգամ ավելի շատ, քան թույլ են տալիս շենքային պայմանները:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը, շենքային պայմանների բացակայության պայմաններում դպրոցը ստիպված էր աշխատել 2 հերթով, ինչը մեծապես խոչընդոտում էր կրթական գործընթացին եւ անհարմարություն պատճառում աշակերտներին: «Մենք անչափ տպավորված ենք, առավել եւս նկատի ունենալով այն հանգամանքը, որ դպրոցի բացումը եղավ մեր կրթօջախի հոբելյանական տարում: Այս տարի լրանում է մեր դպրոցի ստեղծման 85 տարեդարձը եւ սա մեզ համար իսկական նվեր է»,- ընդգծեց դպրոցի տնօրենը: Նա տեղեկացրեց, որ դպրոցի նոր մասնաշենքում կսովորի 350-ից ավել աշակերտ, իսկ մյուսները կշարունակեն իրենց ուսումը դպրոցի մյուս մասնաշենքում: «Կսպասենք նոր բարերարների, որոնք կօգնեն կառուցել մյուս մասնաշենքը: Հուսով ենք, որ դա չի ուշանա»,- հույս հայտնեց Ռոմելա Դադայան:

Դպրոցի նորակառույց շենքը քառահարկ կառույց է, որը համապատասխանում է ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի ուսուչանոց, 18 դասասենյակ, նախադպրոցական կրթության 2 սենյակ, 8 սանհանգույց, սպորտային դահլիճ:

«Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակը իրականացրել է Հայաստանում ավելի քան $47 միլիոն արժողությամբ վերականգնման եւ զարգացման ծրագրեր` օգնելով հանրապետության երեխաներին եւ նրանց ընտանիքներին: Կազմակերպությունն աշխատել է Հայաստանի բոլոր մարզերում` մշակելով եւ իրականացնելով ավելի քան 600 ծրագիր:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել

Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---