Լրագրող և պատգամավոր. Համատեղել անհամատեղելին

Լրագրող և պատգամավոր. Համատեղել անհամատեղելին

Ի՞նչ է պահանջում լրագրողական էթիկան, և, ի վերջո, ի՞նչ են մտածում հենց իրենք՝ առաջադրվող լրագրողները

Լրագրող և պատգամավոր. որքանո՞վ են այս երկուսը համատեղելի, հնարավոր է լիարժեքորեն ներկայացնել 1-ին ու 4-րդ իշխանությունները միաժամանակ: Գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց ուժերն են ուզում փորձել նաև լրագրողները: Մի քանի գործող լրագրողներ արդեն իսկ դարձան կուսակցական և ընդգրկվեցին համամասնական ցուցակներում, մյուսները` առաջադրվեցին մեծամասնական ընտրակարգով:

PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրությունը կարծես թե չի արգելում պատգամավորներին զբաղվել լրագրությամբ. 65-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը կարող է կատարել միայն գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք: Իսկ լրագրողական էթիկա՞ն. ի՞նչ են պահանջում լրագրողական չափորոշիչներն ու նորմերը, և, ի վերջո, ի՞նչ են մտածում հենց իրենք՝ առաջադրվող լրագրողները:

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը կարծում է, որ եթե լրագրողը մտնում է կուսակցություն և, առավել ևս, կուսակցական նախընտրական համամասնական ցուցակ, եթե նույնիսկ ամենամեծ պրոֆեսիոնալ հատկությունները ցուցաբերի, նրա ամեն մի բառը, ամեն մի հարցը դիտարկվելու, ընկալվելու է ոչ թե որպես այդ լրատվամիջոցի, այլ կուսակցության տեսակետ, կուսակցության դիրքորոշում. «Ընթերցողն անընդհատ տողատակ է փնտրելու, փորձելու է գտնել կուսակցական թաքնված շարժառիթները, թե ինչու է տվյալ լրագրողը այս կամ այն բանն ասում կամ գրում»:

Օրաթերթի արդեն նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու հենց նույն օրը հրաժարվեց լրագրողի իր աշխատանքից: «Այլևս չեմ աշխատում «Առավոտում», այլապես բախումն անխուսափելի է: Այս 2 մասնագիտությունները նույն ճանապարհով, նույն ուղիով չեն կարող գնալ: Իրավունք չունի լրագրողը զբաղվել լրագրությամբ, եթե ընտրում է քաղաքականությունը: Շահերի բախում է առաջանում, իսկ մենք իրավունք չունենք, մեր հասարակությանը, ընթերցողին խաբել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգարիտ Եսայանը:

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն էլ էր պատգամավոր առաջադրվելու ցանկություն հայտնել: Սակայն օրերս հայտարարեց, որ նախընտրում է լրագրությունը. «Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղել լրագրողական աշխատանքի հետ: Սակայն, ներսից ծանոթանալով գործընթացներին, նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր, կամ մնայի լրագրող»: Պետրոս Ղազարյանի հետ համակարծիք է նաև Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի լրատվական և վերլուծական ծրագրերի ղեկավար Սամվել Ֆարմանյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ընտրվելու դեպքում կդադարեցնի լրագրողական գործունեությունը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով լրագրողը պետք է հստակ ընտրություն կատարի՝ կամ մեկը, կամ մյուսը: «Այն պահից սկած, երբ լրագրողն ընդգրկվում է որևէ կուսակցության մեջ, պետք է դադարեցնի լրագրողական գործունեությունը: Այլապես, երեկոյան հաղորդում են վարում, ցերեկը՝ քաղաքական գովազդով զբաղվում: Տվյալ դեպքերում հարցը ոչ այնքան կուսակցության անդամ լինել-չլինելուն է վերաբերում, այլ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելուն՝ պատգամավոր լինելուն: Լրագրողը պետք է ազնիվ լինի ընթերցողների հետ, իսկ այս պարագայում շահերի բախումն անխուսափելի է, և սա անընդունելի է լրագրողական էթիկայի տեսանկյունից»:

Սակայն, ոչ բոլոր լրագրողներն են այն կարծիքին, թե կուսակցական լինելը դեմ է լրագրողական էթիկայի կանոններին: «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի Բյուրոյի տնօրեն Աղասի Ենոքյանն, օրինակ, կարծում է, որ լրագրողական էթիկայի տեսանկյունից այս մասնագիտությունները համատեղելի են: PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա նշեց, որ «մեզանում ընդունված է կուսակցական լրագրող լինելը կամ լրագրող, որն ունի հստակ արտահայտված քաղաքական դիրքորոշում: Սա հայկական իրականության համար սովորական երևույթ է: Նույնը և միջազգային լրագրության մեջ է. շատ երկրներում կան լրագրողներ, որոնք ներկայացնում են այս կամ այն քաղաքական ուժը, այդ ուժի շահերը»: Ենոքյանը սակայն նշեց, որ իր կարծիքով, կուսակցական լրագրողը կամ պատգամավոր լրագրողն այլևս չի կարող ընկալվել որպես զուտ լրագրող և դադարում է անաչառ լինելուց:

«Արմենիա» հեռուստաընկերության խմբագիր Գագիկ Մկրտչյանը, ով վերջերս դարձավ ՀՀԿ անդամ, համոզված է, թե իր կուսակցական լինելը չի կարող ազդել հեռուստաընկերության գործունեության վրա: «Առավոտին» տված հարցազրույցում նա նշում է, որ «խմբագիրը նաև լրագրող է, իսկ լրագրողն անգամ կուսակցական վիճակում շարունակում է մնալ լրագրող, ամենակարևորը օբյեկտիվությունն է»:

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանն էլ է ժամանակին կանգնել այս խնդրի առջև: Արդյունքում նա հրաժարվել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից, սակայն ղեկավարել է և շարունակում է ղեկավարել խմբագրական խորհուրդը: «Եթե խոսքը կոնկրետ լրագրողի կամ խմբագրի մասին չէ, այլ խմբագրական խորհրդի անդամ կամ ղեկավար լինելուն է վերաբերում, պատգամավորը կարող է միայն հարստացնել տվյալ խմբագրության աշխատանքը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում անձնական փորձով կիսվեց Բաբուխանյանը:

Ընդունված է, որ լրագրողը պետք է լինի քաղաքական դիրքորոշումներից և ազդեցություններից անկախ, ներկայացնի հանրության շահերը, բարձրաձայնի խնդիրները: Չորրորդ իշխանությանն ընդունված է դիտարկել որպես Օրենսդրի, Գործադրի ու Դատականի զսպաշապիկ: Սակայն, մեր համոզմամբ, լրագրող-կուսակցական- պատգամավորը չի կարող զսպել ու օբյեկտիվորեն քննադատել իր «կուսակից գործընկերներին»:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---