Հայկական դրամի պատմությունից. XIX դարում Հայաստանում սկսվեցին թղթադրամներ շրջանառվել

Հայկական դրամի պատմությունից. XIX դարում Հայաստանում սկսվեցին թղթադրամներ շրջանառվել

Թղթադրամների թողարկումների հետ մեկտեղ լայն շրջանառության մեջ էին նաև ոսկե, արծաթե, պղնձե մետաղադրամներ

XIX դարասկզբին Հայաստանի արևելյան մասն ընդգրկվում է Ռուսական կայսրության կազմում և շրջանառության մեջ են դրվում Ռուսական կայսրության դրամանիշերը: Առաջին անգամ Հայաստանում շրջանառվում են թղթե դրամանիշեր: Մոտ 100 տարի՝ մինչև 1917 թվականը, շրջանառության մեջ էին Ռուսաստանի կայսերական, այդ թվում Ալեքսանդր Առաջինի, Նիկոլայ Առաջինի, Ալեքսանդր Երկրորդի, Ալեքսանդր Երրորդի և Նիկոլայ Երկրորդի թղթադրամները:

PanARMENIAN.Net - Թղթադրամների նկարագրությունը

Ռուսաստանի կայսրերի թղթադրամները շատ բազմազան էին՝ դրանք և պետական թղթադրամներ էին, պետական բանկատոմսեր, գանձապետական տոմսեր, գանձապետական թղթե դրամանիշեր, գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր և այլն: Թղթադրամների վաղ շրջանի թողարկումներում կան համապատասխան մակագրություններ: Ավելի ուշ շրջանի թողարկումներում հայտնվում են բազմապիսի պատկերներ, այդ թվում Ռուսական կայսրության կայսրերի ու կայսրուհիների դիմանկարները, փոխաբերական իմաստ ունեցող պատկերներ, զարդանախշեր:

1910 թվականի 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ

Մետաղադրամների նկարագրությունը

Թղթադրամների թողարկումների հետ մեկտեղ լայն շրջանառության մեջ էին նաև մետաղադրամները: Շրջանառվում էին ոսկե, արծաթե, պղնձե մետաղադրամներ, ավելի ուշ շրջանում նաև բիլոնային (արծաթի ցածր պարունակությամբ) մետաղադրամներ:Որպես կանոն մետաղադրամների վրա պատկերված են Ռուսական կայսրության զինանշանը, տիրակալի անվանագիրը, իսկ խոշոր անվանական արժեք ունեցող թղթադրամների վրա առկա էին նաև թագավորների դիմանկարները:

1828-1845 թվականներին առաջին անգամ համաշխարհային պրակտիկայում Ռուսաստանում թողարկվել են պլատինե մետաղադրամներ 3, 6 և 12 ռուբլի անվանական արժեքով: Դրամական բարեփոխումների արդյունքում ոսկու մոնոմետաղայնության վրա հիմնված դրամային և մետաղադրամային համակարգերը օպտիմալացվեցին և իրենց ժամանակի համար համարվում էին ամենաառաջադեմներից մեկն աշխարհում: Արծաթե թողարկումներից հետաքրքիր են 1 ռուբլի և 1,5 ռուբլի անվանական արժեքով հուշադրամները, ինչպես նաև հոբելյանական մետաղադրամները, որոնց թողարկումները կապված են ռուսական պատմության կարևորագույն իրադարձությունների հետ:

Պղնձե մետաղադրամներն ունեին 1/4, 1/2, 1, 2, 3 և 5 կոպեկ անվանական արժեք, բիլոնայինները՝ 5, 10, 15 և 20 կոպեկ, արծաթե մետաղադրամները՝ 25, 50 կոպեկ և 1, 1,5 ռուբլի, ոսիկները՝ 3 ռուբլի, 5 ռուբլի, 7 ռուբլի 50 կոպեկ, 10 ռուբլի և 15 ռուբլի անվանական արժեք:

Ռուսական կայսրության պղնձե մետաղադրամների դարձերեսը

Ռուսական կայսրության բիլոնային մետաղադրամների դարձերեսը

Նիկոլայ Երկրորդի արծաթե մետաղադրամի դիմերեսը

Հետաքրքիր են Ռուսական կայսրության դոնատիվ (նվիրատվական) թողարկումները: Դրանք անսովոր ոսկե թողարկումներ են 25 ռուբլի, 37 ռուբլի 50 կոպեկ անվանական արժեքով, որոնք թողարկվել են սահմանափակ քանակով:

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում շրջանառության մեջ մտան Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության թողարկումները: Մետաղադրամներ այդ շրջանում չեն թողարկվել: Շրջանառության մեջ էին միայն թղթե դրամանիշերը, որոնք ժողովուրդն անվանում էր «դումկաներ» և «կերենկաներ»:

Ռուսաստանի ժամանակավոր կառավարության «կերենկաները»

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo
| Նախագծի գործընկեր
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---