«Համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետը»՝ Թումանյանը, 145 տարեկան է

«Համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետը»՝ Թումանյանը, 145 տարեկան է

Կրտսեր որդին՝ Արեգը, դիահերձման ժամանակ գողացել էր հոր սիրտը, որը տեղափոխել էր Թիֆլիս

«Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն… Նա եղավ մեզ համար այն, ինչ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար»: Ավետիք Իսահակյանի խոսքերն են. ուղղված են Հովհաննես Թումանյանին, ում 145-ամյակը լրանում է այսօր՝ փետրվարի 19-ին:

PanARMENIAN.Net - Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը, ասում էր Իսահակյանը: «Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը»:

Հայ մեծագույն գրողն ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869-ի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ Իմիջիայլոց, հենց այնտեղ էլ Թումանյանը գրել է իր առաջին պոեմը, 12 տարեկանում: 1883-ից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում, բայց նյութական ծանր վիճակի պատճառով 1887-ին ստիպված է եղել թողնել դպրոցն ու սկսել աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև մինչև 1893-ը Հայ հրատարակչական միության գրասենյակում:

Ստեղծագործել ու գործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ Թումանյանը սկսել է 80-ականների կեսից ։ Բայց ճանաչել նրան սկսել են «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։

1888-ին Թումանյանը 19 տարեկան էր, երբ ամուսնացավ տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք 10 երեխա ունեցան՝ Մուշեղը, Աշխենը, Նվարդը, Արտավազդը, Համլիկը, Անուշը, Արփենիկը, Արեգը, Սեդան ու Թամարն: Կրտսեր որդին՝ Արեգը, դիահերձման ժամանակ գողացել էր հոր սիրտը, որը տեղափոխել էր Թիֆլիս: Այնտեղ այն պահվում էր բանաստեղծի գրասենյակում մինչև 1948-ը, այնուհետև տեղափոխվել էր Երևանի անատոմիական թանգարան, իսկ արդեն 1994-ին՝ հայրենի Դսեղ, որտեղ էլ հողին էր հանձնվել:

Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանը XIX դարի վերջին տասնամյակը - XX դարի սկիզբն է։ Իր ստեղծագործություններից շատերում նա նկարագրում էր նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի «Մարոն», «Լոռեցի Սաքոն» ու «Անուշը»:

Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, ասում էր ռուս պոետ Վալերի Բրյուսովը:

«Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական»:

Իսկ նկարիչ Մարտիրոս Սարյանը բանաստեղծի մասին ասում էր. «Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝ գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները… Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ»:

Բանաստեղծի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ժողովրդական բանահյուսությունն է։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմներն ու «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

«Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել», Թումանյանի մասին ասել է ռուս մանկագիր Կոռնեյ Չուկովսկին:

1899-ին բանաստեղծը կազմակերպել էր «Վերնատուն» գրական խմբակը, որին անդամակցում էին բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի էր նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թթ. մասնակցում էր Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարությունը նրան երկու անգամ ձեռբակալել էր (1908 և 1911):

Թումանյանին միշտ մտահոգում ու հուզում էին հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում, հասել մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։

1912–1921 թթ.-ը նախագահում էր Հայ գրողների կովկասյան միությունը, իսկ արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22 թթ.):

1921-ի աշնանը Թումանյանը մեկնել էր Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադարձավ հիվանդացած։ 1922-ին տարած վիրահատությունից հետո բանաստեղծի ինքնազգացողությունը բավական լավացել էր, բայց սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել տվեց։ Նրան տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, բայց ապարդյուն՝ 1923 մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվել էր:

Photo from Hovik Charkhchyan's blog
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---