28  02.05.14 - Հայ-ադրբեջանական սահման․ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես
Կյանքն Ադրբեջանի հետ սահմանին․ Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրն ու Մովսեսը

Կյանքն Ադրբեջանի հետ սահմանին․ Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրն ու Մովսեսը

Ցանկացած բաց տարածքում բլրի գագաթ բարձրանալիս տեղացիների կյանքին վտանգ է սպառնում

Տավուշի մարզ։ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ու Մովսես գյուղերի անունները լսելուց բոլորի մոտ առաջինը մի միտք է ծագում՝ հրադադարը կրկին խախտվել է, սահմանամերձ գյուղերը՝ գնդակոծվել։ Բայց միայն հրադադարի պատճառով չէ, որ պետք է անդրադառնալ հայ-ադրբեջանական սահմանից մի քանի կմ հեռավորությամբ գտնվող գյուղերին։ Այնտեղ էլ են մարդիկ ապրում, երեխաներ ծնվում, մեծանում, ընտանիք կազմում ու հաճախակի լքում գյուղը, կամ էլ մնում սահմանները պաշտանելու․ բայց ամենամեծ խնդրից՝ հակառակորդի գնդակներից խուսափելուց բացի այլ խնդիրներ էլ կան։ PAN Photo-ն օրերս Տավուշում էր․ լուսանկարել ենք գյուղերը, որտեղ կրակոցները սովորական երևույթ են, PanARMENIAN.Net-ն էլ պարզել է, թե ինչի կարիք ունեն դրանք ու ինչ խնդիրներ են արդեն լուծվել։

PanARMENIAN.Net - Հակառակորդի կողմից հրադադարի խախտումն արդեն սովորական երևույթ է։ Պարբերաբար ահազանգում են՝ նորից կրակում են․ մեր զինվորներն էլ չեն զիջում՝ երբ հրադադարը խախտվում է, պատասխանում են այդ կրակոցներին։ Տավուշի մարզում ամենաշատը գնդակոծվող գյուղերից են Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրն ու Մովսեսը։ Բնակիչներն արդեն սովորական դարձած կրակոցներից գրեթե չեն վախենում՝ կենսակերպ է դարձել։ Իսկ պատերազմի հետքերն այստեղ դեռ շարունակում են տեսանելի մնալ։

Վերջին անգամ պաշտոնյաներից ապրիլին Տավուշ էր մեկնել նախագահը։ Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը ծանոթացել էր պաշտպանության, գյուղատնտեսության,առողջապահության, մշակույթի, կրթության, ճանապարհաշինության ու մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, հանձնարարականներ տվել այդ ոլորտներում պետական քաղաքականություն իրականացնող պատասխանատուներին:

Այցելելով Ներքին Կարմիրաղբյուր, նախագահը ծաղիկներ էր դրել 1941-1945-ի Հայրենական պատերազմում զոհվածների ու անհայտ կորածների հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետև մասնակցել նորակառույց համայնքային կենտրոնի բացմանը:

Կառուցվել է կենտրոնը նախկին երկհարկանի վարչական շենքի տեղում, որը դեռ 1992-ին էր հրետակոծվել և ամբողջությամբ այրվել: Շենքի կառուցման աշխատանքները սկսվել էին 2012-ի նոյեմբերին, ավարտվել՝ նախորդ տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել էր 124,8 մլն դրամ:

Մոտ 200 տարվա պատմություն ունեցող Ներքին Կարմիրաղբյուրում, 2012-ի տարեսկզբի տվյալներով, 1072 բնակիչ կա։ Տեղացիները հիմնականում Ղարաբաղից տեղափոխվածներ են: Մինչև 1990-ականների սկիզբը գյուղը բավական զարգացել է՝ կառուցվել են միջնակարգ դպրոց, մշակույթի, կապի, առևտրի և կենցաղային սպասարկման շենքեր: 2000-ից ի վեր պետբյուջեից և այլ ծրագրերից ստացված գումարներով այդտեղ բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ են տարվել: Բայց մինչև հիմա էլ վնասված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ և ինժեներական կառույցներ կան: Պատմամշակութային կոթողներից XIX դարի Սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կիսով չափ ավերված է։ Բնակչության հիմնական զբաղմունքները բուսաբուծությունը, այգեգործությունն ու անասնապահությունն են։ Խմելու ու ոռոգման ջրով այստեղ ապահովվածությունը մասնակի է։ Համայնքի դպրոցում 420 աշակերտական տեղ կա, բայց նույն թվականի տվյալներով այդտեղ 125 երեխա է սովորում։ Գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասում է՝ չնայած կրակոցներին, մարդիկ չեն արտագաղթում, տղամարդիկ նույնպես արտագնա աշխատանքի քիչ են մեկնում՝ վախենում են ընտանիքներին կրակահերթի տակ թողնել: Ու, չնայած արդեն մեկ տարի է՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ազատված են հողի հարկից, ջրի վարձն էլ 50 տոկոս են վճարում, տեղացիներից շատերը հող չեն մշակում․ պատճառը նույնն է՝ կրակում են: Գյուղացիներն ասում են՝ սահմանի մոտ ապրողները պետք է արտոնություններ ունենան, անգամ օրինակ են բերում՝ ուսանողների վարձը կարող են զեղչել։

Չինարի գյուղը, սահմանից ընդամենը 1,5 կմ հեռավորությամբ է։ Նույն 2012-ի դրությամբ այստեղ 1256 մարդ է ապրում։ Վարչական տարածքում է XIII դարասկզբին կառուցված նշանավոր Խորանաշատի վանքը, որը վերանորոգման կարիք ունի, ճանապարհներն էլ։ Խմելու ու ոռոգման ջրով ապահովվածությունը գյուղում բավարար է։ 300 աշակերտական տեղով դպրոցում 138 դպրոցական կա։ Մանկապարտեզի շենքը սահմանի դիմաց է, դպրոցինը նույնպես տեսանելի է: Որպեսզի փոքրիկները կրակոցներից չլացեն, մանկապարտեզում դաստիարակները դրանց սկսվելուն պես երաժշտություն են միացնում, բայց երեխաները գիտեն՝ եթե այն միանում է, ուրեմն կրակում են։ Ադրբեջանի հետ ձգվող սահմանի ընդհանուր երկարությունը 28 կմ է: Տներ կան, որ սահմանից մոտ 600 մ հեռավորությամբ են․ հակառակորդին չափազանց մոտ լինելու պատճառով գյուղում քչերն են հողագործությամբ զբաղվում, ոմանք ասում են՝ մտածում են միայն հեռանալու մասին։ Ու չնայած արդեն մի քանի տարի է՝ ազատված են հողահարկից, հողագործությամբ զբաղվել չեն կարողանում՝ գյուղի 1000 հա կազմող հողերի 70 տոկոսից ավելին սահմանի վրա է, ականապատված ու թշնամու վերահսկողության ներքո, որի պատճառով էլ դրանք ավելի քան 16 տարի է չեն օգտագործում: Հիմնական զբաղմունքն այստեղ խաղողագործությունն է` ընդամենը 60 հա կազմող խաղողի այգիներում: Վերջին տարիներին արտագաղթած չինարեցիների ֆինանսական աջակցությամբ գյուղն ապահովված է գիշերային լուսավորությամբ, այդ գումարներով հիմնանորոգվել է նաև տեղի համայնքային կենտրոնը:

Հաջորդը՝ Այգեպարը, երևի թե, մակերեսով Տավուշի ամենափոքր համայնքներից է՝ ընդամենը 0,3 քառակուսի կմ է։ Այն սահմանից մոտ 1 կմ հեռավորությամբ է․ իմիջիայլոց, կրակ բացած հակառակորդը նաև տների վրա է կրակում, փամփուշտներն անգամ շենքերի պատերն են ծակում: Մինչև կրակոցները չդադարեն, փողոցները մնում են դատարկ, չնայած տանն էլ ապահով չէ՝ փամփուշտներն անգամ պատուհանից են ներս մտնում։ Այստեղ 639 բնակիչ կա, որոնցից 61-ը դպրոցական (տեղի դպրոցը նախատեսված է 250 աշակերտի համար)։ 20 երեխա մանկապարտեզ է հաճախում, որը խաղահրապարակ էլ չունի՝ վտանգավոր է։ Այգեպարցիների խոսքով, վերջին տարիներին ամուսնություններն ու ծնելիությունը նվազել է՝ երիտասարդ ընտանիքները գյուղում ապրելու ցանկություն չունեն՝ աշխատատեղեր չկան, սոցիալական խնդիրներն էլ բազմաթիվ են: Համայնքը սահմանամերձ է անմիջապես Ադրբեջանի Թովուզի շրջանին, որի հետևանքով ժամանակին ռմբակոծությունից տուժել են բնակելի շենքերն ու գինու գործարանը, պահածոների գործարանն ամբողջովին ավերվել:

Այցելած գյուղերից վերջինը Մովսեսն է, որը 18-րդ դարավերջերին, բնակություն հաստատելով, հիմնադրել են Ղարաբաղից եկած չորս ընտանիք: Այստեղ հասնելը շատ ժամանակ դժվար է լինում՝ ուղևորվողները կարող են կրակահերթի տակ հայտնվել: 2012-ի տվյալներով գյուղում 1951 մարդ է ապրում, բայց դեռ 1980-ի մարդահամարը 2593 բնակիչ էր հաշվառել։ 500 աշակերտական տեղով դպրոցում 168 երեխա է սովորում։

Մովսեսը նույնպես գրեթե ամբողջությամբ հակառակորդի դիտակետերի տեսադաշտում է, պատերազմի հետքերն այստեղ էլ չեն անցել: Տներից շատերի պատերին մինչև հիմա էլ պատերազմից մնացած գնդակների հետքեր կան, որոնք գնալով միայն ավելանում են: Մովսեսցիների հիմնական ապրուստը արտերկրում աշխատանքն է՝ հակառակորդի պարբերաբար ու հաճախակի կրակոցների պատճառով գյուղացիները սահմանամերձ այգիները մշակելու հնարավորություն գրեթե չունեն: Հողագործությամբ այն քիչ զբաղվողները, ինչպես իրենք են ասում` կյանքի ու մահվան կռիվ են տալիս:

2011-ի ամռանն իր դռները բացած Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է ծագումով մովսեսցի, մոսկվայաբնակ բարերար Վազգեն Վանեսյանի նախաձեռնությամբ: Տեղի համայնքային կենտրոնը վերանորոգման կարիք ունի․․․

Կրակահերթի տակ ապրող գյուղացիների կյանքը մի քանի ժամով տեսնելուց բացի լսեցինք նաև կրակոցները, որոնց տակ տեղացիները ապրում են։ Երբ դրանք սկսվում էին, փողոցները դատարկվում էին, դադարելուց որոշ ժամանակ անց ամեն մեկը նորից վերադառնում էր իր գործին։ Ցանկացած բաց տարածքում բլրի գագաթ բարձրանալիս տեղացիների կյանքին վտանգ է սպառնում, բայց, այնուամենայնիվ, նրանք շարունակում են այստեղ ապրել՝ պահելով սահմանը։

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---