14  Արցախի Հանրապետություն. Ամարաս վանքային համալիր, Գրիգորիսի դամբարան (IV դար)
15  Արցախի Հանրապետություն. Տիգրանակերտ (մ.թ.ա. I դար)
Տիգրանակերտից` Ամարաս. Քարե քաղաքի առեղծվածը

Տիգրանակերտից` Ամարաս. Քարե քաղաքի առեղծվածը

Տիգրանակերտը շքեղ բացառություն է, քանի որ պեղումների արդյունքում քարե մեծ քաղաքի ավերակներ են բացվել

Ադրբեջանական քարոզչամեքենան անընդմեջ փորձում է «ապացուցել», որ հայերը Կովկասում, և հատկապես Արցախի տարածքում եկվոր են: Գրքեր են գրում, սեփական պատմությունը հորինում, փորձում ապացուցել, թե իրենք «բնիկ ազգ» են, անգամ հատուկ աղվանաց տեսություն են «մշակել», բայց ապարդյուն: Հայկական լեռնաշխարհի տարածքում բազմաթիվ են հակառակն ապացուցող հուշարձանները: Ամենամեծ վկայություններից մեկն էլ Տիգրանակերտն է: PanARMENIAN.Net-ը զրուցել է արդեն մոտ տասը տարի շարունակվող պեղումների արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի հետ, որը բացահայտել է ու շարունակում է բացահայտել քարե քաղաքի գաղտնիքները, իսկ PAN Photo-ն լուսանկարել այդ ամենը:

PanARMENIAN.Net - Տիգրանակերտը հին հայկական, հելենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Նախ, թյուրիմացություններից խուսափելու համար նշենք, որ այս Տիգրանակերտը պետք չէ խառնել մայրաքաղաք Տիգրանակերտի հետ, քանի որ հայոց արքա Տիգրան Մեծը նորաստեղծ հայկական կայսրության տարածքում իր անունը կրող միանգամից մի քանի քաղաք էր հիմնել:

Պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաք Տիգրանակերտը գտնվել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, ենթադրաբար` ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին։ Այն նվաճվել և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մ.թ.ա. 69 թվականի արշավանքների ժամանակ։ Մ.թ.ա. 55 թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը լինելուց։ Տիգրանի հիմնադրած ևս մեկ Տիգրանակերտ այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում է:

Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը հնագիտական հետազոտության առարկա է: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) հիմնադրած քաղաքը հայտնաբերել է 2005-ին և պեղումները շարունակվում են արդեն մոտ տասը տարի:

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին. նրա տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները:

Հնագիտական արշավախմբեր կազմավորելիս հնագետներն առաջին հերթին ակնկալում են նյութական մշակույթի մնացորդներ գտնել` խեցեղեն, մետաղ, զարդեր: Ճարտարապետական միջավայրը բացելն ու տեսնելը գրեթե անհնար է, սակայն այդ տեսակետից Տիգրանակերտը բացառություն է, քանի որ պեղումների արդյունքում ոչ թե փոսեր կամ բնակելի համալիրների ավերակներ են բացվել, այլ` քարե մեծ քաղաքի ավերակներ:

Հայաստանի ու Կովկասի տարածքում չկա ավելի մասշտաբային, դիտարժան, հեռվից լավ երևացող, կանոնավոր ուրվագիծը ցուցադրող հուշարձան, քան Տիգրանակերտն է: Արշավախումբը 70 հա զբաղեցնող քաղաքից պեղել է ընդամենը 2 հա, սակայն այսքանն էլ արդեն բավական է` ներկայացնելու պատմամշակութային հզոր միջավայրը: Բավական է նշել, որ միայն հյուսիսային պարսպապատի արդեն իսկ բացված հատվածի երկարությունը հասնում է 240 մ-ի, բարձրությունը` տեղ-տեղ 5 մ-ի: Այդ ամենը ժայռափոր հիմքերի վրա է, 1-1,5 տոննա սրբատաշ կվադրերով շարված, համապատասխան մշակումով:

Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի Տիգրանակերտը` հիմնադրումից 5-6 դար հետո, հարուստ մի քաղաք է: Արդեն իսկ բացվել է վաղ քրիստոնեական հրապարակը, որը 2 եկեղեցի ունի: Դրանցից մեծն այսօր Կովկասի ամենամեծ միանավ եկեղեցիներից մեկն է` սրբատաշ քարերով, 5 շքամուտքով, քանդակազարդ դետալներով:

«Քարից ճարտարապետությունը, քարից կոթողները թույլ են տալիս զգալ միջավայրը. կարելի է լինել այդտեղ, քայլել, զգալ քաղաքի շունչը, ինչպես Անիում է»,- նշում է Համլետ Պետրոսյանը:

Պեղումները

Պեղումները կենտրոնացել են 3 հիմնական տեղամասում: Առաջինն ուամենահիմնականը` ամրացված թաղամասն է, որ կառուցել է հենց Տիգրանը, կարծես թե Տիգրանակերտի ինքնության անձնագիրն է: Առայժմ հետազոտվել է միջնաբերդի մի հատվածը միայն, փորձում են ամբողջական պարիսպները բացել, գտնել ամրոցի շքամուտքը, գուցե հաջողվի նաև հիմնադրման մասին արձանագրային ինչ-որ տեղեկություններ ստանալ:

Վավերացրվել է անտիկ 6 թաղամաս, պեղվում է միայն մեկը, որտեղ շատ հետաքրքրիր կանոնավոր ճարտարապետություն է. մի քանի տասնյակ մետրի հասնող ուղիղ պատեր, պատերի երկու կողմերում` ուղղանկյուն, գրեթե միանման կացարաններ:

«Կացարանների դիրքն էլ կարծես ցույց է տալիս, որ կամ արհեստավորական, կամ մի խավի բնակարաններ են, որ ունեցել են սեփական տնտեսությունը, իրենց հատիկն են աղացել, ճաշ պատրաստել, ու զբաղվել մանածագործական կամ այլ արհեստով»,- մանրամասնում է հնագետը:

Այս հատվածի պեղումները, ըստ մասնագետի, կօգնեն հասկանալ, թե Տիգրան Մեծի քաղաքականության մեջ ինչպիսի դերակատարում ունեին քաղաքները և ինչպես էին ստեղծվում: Պարզվում է` դրանք ստեղծվում էին ոչ միայն որպես ռազմական հենարան, այլ հիմնադրվում միասնական օրգանիզմի, բաղկացուցիչների հետ միասին.

«Եթե պեղումները նույն հունով շարունակվեն, հնարավորություն կունենանք խոսել շատ վեհաշուք ճարտարապետական նախաձեռնության մասին, որը չի ենթադրում միայն պաշտպանական կառույցի ստեղծում»:

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Որպես բնակավայր այն գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։ Խորհրդային շրջանում Տիգրանակերտն Աղդամի շրջանի տարածքում էր, որն Արցախի բանակն ազատագրել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։

Պեղման երրորդ թաղամասը Կենտրոնականն է` թաղամասներից ամենամեծը, որի մշակութային շերտը տեղ-տեղ հասնում է 6-7 մետրի:

«Պատկերացրեք՝ ինչքան ինտենսիվ է եղել բնակությունը, որ 13-րդ դարի կեսերին կործանված քաղաքում 1000-ամյակից մի քիչ ավելի ժամանակում այսպիսի հզոր մշակությաին շերտ է գոյացել»,- հիացմունքը չի թաքցնում Համլետ Պետրոսյանը:

Բավական է նշել, որ վաղ քրիստոնեական բազիլիկան գտնվում է ներկա մակարդակից 4 մ խորությամբ, ինչը, ըստ մասնագետի, շատ մեծ, ինտենսիվ, հարուստ կյանքի վկայություն է: Այդ մասին վկայում են նաև գտածոները, որոնք նախևառաջ վերաբերում են քաղաքային կյանքը ներկայացնող բազմաթիվ տիպերի խեցեղենին` սկսած հենց Տիգրանի ժամանակաշրջանից.

«Եթե համեմատելու լինենք Հայաստանի կամ Կովկասի մի շարք հուշարձանների հետ, գունազարդ խեցեղենի առատությունը, սև փայլեցված, ողկույզազարդ կերամիկայի, ներմուծված խեցեղենի տեսակետից բավական հետաքրքիր պատկեր է` մ.թ.ա. 1-ին և մ.թ. 1-ին դարի խեցեղեն է»:

Հաջորդ կարևոր գտածոները կարատիպ կնիքներն ու կնքադրոշմներն են, որոնք ցույց են տալիս քաղաքի և´ ադմինիստրատիվ, և´ առևտրատնտեսական բնույթը: Դրանք ինչ-որ պաշտոնյաներ են օգտագործել: Դա մատնանշում է քաղաքում կարևոր թղթերի, փաստաթղթերի առկայությունը:

Բազմաթիվ են նաև երկրագործական տնտեսությունը ներկայացնող իրերը: Այստեղ գտնվել է երկաթե գութանի 4 խոփ:

Տիգրան Մեծի կիսադեմով դրամ արշավախումբը դեռ չի պեղել, փոխարենը բացել են կարասային մեկ թաղում, որտեղ գտել են պարթևական 2 արծաթե դրամ: Բանն այն է, որ Տիգրանի կայսրության ամենածաղկուն ժամանակաշրջանում անգամ Հայաստանի դրամային շրջանառության 70-80%-ը պարթևական դրամներով է եղել:

«Եթե պեղենք և գտնենք մ.թ.ա. 100 արծաթադրամ, 1 տասնյակից ավելին լինելու են Տիգրանի դրամները: Առայժմ չենք գտել, որովհետև չենք պեղել դամբարանադաշտերը»,- մանրամասնում է արշավախմբի ղեկավարը:

Նրանց առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկը Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի տեղը գտնելն է: Այժմ հայտնի է միայն մեկի տեղը, որը քաղաքից մոտ 2 կմ հեռավորությամբ է, և հնարավոր է, որ անգամ դրան չի պատկանել: Անտիկ դամբարանադաշտերը հիմնականում արտաքին նշաններ չեն ունենում: Կա տարածված պրակտիկա` մագնիսային հետազոտությունը, բայց ամենամատչելի գներով անգամ 1 հա-ն արժե 1 մլն դրամ: Տիգրանակերտի դեպքում մոտ 100 հա տարածքի հետազոտության կարիք կա:

Եվս մեկ կարևոր գյուտ` երկրորդ եկեղեցու արևմտյան բակում բացվել են շատ խոշոր գերեզմաններ` երկու սարկոֆագ. մեկն ամբողջական քարից, երկրորդը` սրբատաշ մեծ սալերից:

Ամենաէական գտածոներից մեկը բազիլիկ տաճարում պեղված կավե սկավառակն է, որի վրա հայերեն արձանագրություն կա: Այն հայտնաբերվել է 2008 թվականին: Արձանագրությունում գրված է` «Ես Վաչե (կամ Վաչագան) ծառա Տիառն Աստուծո»:

2010-ի մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որն այցելուներին է ներկայացնում աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։ Սկավառակը նույնպես ցուցադրված է այստեղ:

Արցախում սրբերի դամբարանների կառուցումը և նրանց վրա եկեղեցիների հիմնադրումը տեղի է ունեցել Վաչագան բարեպաշտի ժամանակ, որն ապրել է 5-րդ դարի վերջերում:

«Այսինքն, մենք, փաստորեն, հնագիտորեն նյութեր ենք ձեռք բերում, որը վերաբերում է 5-րդ դարի վերջերին շատ մեծ կրոնական ռեֆորմին, որն էլ մանրամասն նկարագրված է Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմության» մեջ:

Մովսես Կաղանկատվացին 7-րդ դարի հայ պատմիչ է, որը համարվում է «Աղուանից աշխարհի պատմություն» գրքի շարահարողը: Այն կազմված է տարբեր դարերում գրված կարճ պատմություններից, նամակներից, իշխանների և սրբերի կենսագրություններից։ Մովսես Կաղանկատվացու աշխատության մեջ հարուստ տեղեկություններ կան Հայաստանի, հատկապես «արևելից կողմանց»՝ Արցախի և Ուտիքի վաղ միջնադարյան պատմության մասին։

Կենտրոնական թաղամասի երկրորդ եկեղեցին արշավախումբը բացել է միայն այս տարի: Պահպանվել են սրբատաշ պատերի առաջին շարքը, սալահատակի մի հատվածը:

«Բայց ամենահետաքրքիրը, ինչը մեզ դրդեց Ամարասում պեղումներ կատարել, երկրորդ եկեղեցու խորանի տակ կամ ավագ խորանի տակ դամբարանի հայտնաբերումն է: Կարող ենք ենթադրել, որ սկզբնապես այնտեղ կառուցվել է սրբերի գետնափոր դամբարան` սրբատաշ բլոկերով շարված, թաղաձև ծածկով, հարավային և հյուսիսային պատերի մեջ սրբատաշ խորշերով, որտեղ, հավանաբար, եղել են սրբերի մասունքները»,- պատմում է Համլետ Պետրոսյանը` հավելելով, որ բուն եկեղեցին, միջավայրը, 9-րդ դարի սկզբերին ամբողջությամբ ավերվել է ու վերածվել արկածախնդիրների փորփրելու օբյեկտի:

Արշավախմբի ձեռք բերած տվյալներով` դամբարանը կառուցվել է 5-րդ դարի կեսերին, որից հետո դրա վրա կառուցվել է մի փոքրիկ եկեղեցի` 11 մ երկարությամբ: Ավելի ուշ այդ եկեղեցուց հարավ կառուցվել է քաղաքային մեծ եկեղեցին` մոտ 30 մ երկարությամբ:

Հատկանշական է, որ դամբարանն ունի միայն մեկ մուտք, այն էլ` արևելքից. քրիստոնեական կառույցների հիմնարար ուղղությունը արևմուտքից արևելք է և շքամուտքը կամ միակ գլխավոր մուտքը որպես կանոն պետք է լինի արևմուտքում.

«Եվ ահա մենք տեսնում ենք քրիստոնեական մի կառույց, որի մուտքն արևելքում է: Սա ստիպեց մեզ վերհիշել, որ ԱմարասիԳրիգորիսի մատուռը, որն այսօր, փաստորեն, բաժանված է երկու մասի և միայն նրա արևմտյան կեսն է ներառված ժամանակակից եկեղեցու խորանի տակ, ունի երկու մուտք` հարավից և հուսիսից, ունի նաև դեպի արևելք տանող նեղ միջանցք: Ժամանակին մասնագետները ենթադրել են, որ այստեղ պետք է որ մուտք լինի: Եվ մենք, ունենալով մեկ արևելյան մուտքի օրինակ Տիգրանակերտում, մտածեցինք, որ լավ կլինի պեղել Գրիգորիսի մատուռի անհայտ հատվածը, որը գտնում է 19-րդ դարի կեսերին կառուցված եկեղեցու արևմտյան պատից դուրս»:

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարասկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում թաղված է Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը` Լուսավորչի թոռը։ Դամբարանն այժմ 1858 թվականին վերակառուցված եռանավ բազիլիկ եկեղեցու բեմի տակ է։ Հայ եկեղեցին Գրիգորիսի հիշատակը տոնում է տարին երկու անգամ:

Պեղումներն արդարացրեցին արշավախմբի հույսերը. բացվեց կառույցի արևելյան հատվածը՝ նեղ միջանցքի շարունակություն ու դեպի մատուռ տանող 6 աստիճան.

«Մենք այսօր կարող ենք փաստել, որ Գրիգորիսի մատուռը ևս ունեցել է արևելյան մուտք: Դրա շքամուտքը կամ ճակատը լրացուցիչ մշակված է եղել, դրսում ունի մոտավորապես 2,5 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ սալահատակ: Դա նույնպես կարող է վկայել, որ դեպի արևելք մի ուրիշ բան էլ է եղել: Մեզ հաջոցվեց բացել գետնախարիսխը և կարող ենք ասել, որ Գրիգորիսի դամբարանը եղել է կիսով չափ գետնի տակ, մի մասը` գետնից վերև»:

5-րդ դարասկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորն Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։ 5-րդ դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։

Ըստ Համլետ Պետրոսյանի` արևելյան մուտքերը գաղափարական չեն, և ծիսական-հաղորդակցային գործառույթ են ունեցել.

«Եթե մենք ունենք արևլյան մուտք, ավելի հակված եմ ենթադրել, որ ունենք արևելյան ելք, որը պետք է տանի մեկ ուրիշ, գուցե բացօթյա կոթողի, որն ինքը պետք է սրբության սրբոց հանդիսանա»:

Կարելի է ենթադրել, որ Ամարասի Գրիգորիսի դամբարանից արևելք էլ է նման ավելի կարևոր շինություն կամ սրբատեղի եղել, ինչպես Տիգրանակերտում էր, սակայն, ըստ Պետրոսյանի, դեպի արևելք պեղումների կազմակերպումը բոլորովին այլ, մեծ ծրագիր է ենթադրում, և իրենք չեն շտապում:

Գրիգորիսի դամբարանի պեղումները` ադրբեջանական ոճով

Ամարասի մատուռը գրավել է ժամանակին նաև ադրբեջանցի հետազոտողների ուշադրությունը, երբ ստեղծում էին «աղվանական տեսությունը»: Գրիգորիսի մատուռը, որպես հայտնի հուշարձան նույնիսկ պեղվել է 60-ականներին: Համլետ Պետրոսյանը կիսվեց ադրբեջանցիների «յուրահատուկ աշխատելաոճով».

«Իրենք պեղում են, բայց չեն լուսանկարել, հրապարակել, միայն «կարևոր եզրակացություններ» են շարադրել»:

Ըստ այդմ, հետազոտությունների ամփոփման մեջ ադրբեջանցիները գրել են, թե մի դամբարան են գտել, այնտեղ կուչ եկած մի կմախք, որը Գրիգորիսն է:

«Սա բացարձակ անհեթեթություն է, որովհետև Գրիգորիսի ոսկորները գտնվել են նրա թաղումից մոտավորապես 130-140 տարի անց և վերածվել մասունքների, ստեղծվել են մասնատուփեր ու տարածվել»,- ադրբեջանցիների անտրամաբանական հայտարարությունները հերքում է Համլետ Պետրոսյանը:

Գրություն` ոչ վաղ անցյալից

Այնուամենայնիվ, սկսելով Գրիգորիսի դամբարանի շրջակայքի ուսումնասիրությունը, արշավախումբը նկատում է, որ արևելյան պատին կպած մոտ 3մ² հատվածը փորփրված է: Դա վերագրելով ադրբեջանցիներին, նրանք շարունակում են փորել, մինչև հասնում են ամենաներքևի աստիճանին, որը վերին մակարդակից մոտ 2,5 մ խորությամբ էր: Այստեղ հնագետները տեսնում են խորհրդային տարիների գարեջրի կամ լիմոնադի մի շիշ, և այդ շշի մեջ` գրություն:

«Եկեղեցին, որը գտնվում է Սոս գյուղի Ամարաս տեղամասում, հիմնադրված է 4-րդ դարում: Պեղումների ժամանակ ոչ մի բան չի հայտնաբերվել: Դա եղավ 1989-ի նոյեմբեր ամսում մի խումբ ընկերների կողմից»,- ասվում է այնտեղ, և նաև թվարկված է մասնակիցների անունները:

1989-ին Արցախում արդեն պատերազմ էր, անիշխանական ժամանակներ էին: Վարկածներից մեկի համաձայն` պեղումներ իրականացնողները «գանձեր որոնողներ» են եղել: Մեկ այլ վարկածով` մտածել են պեղեն, գրություն թողնեն, որ հետագայում, եթե այդ տարածքն անցնի թշնամուն, կարողանան ապացուցել դամբարանի հայկական ծագումը:

Պեղել-պահպանել

Տիգրանակերտն Արցախի ամենաշատ այցելվող հնագիտական հուշարձանն է` տարեկան 30-40 հազար այցելու: Դա մի կողմից լավ է, մյուս` պահպանման խնդիրներ են ծագում:

Տիգրանակերտի հնագիտական հետազոտության արշավախումբն իր առջև ոչ միայն զուտ ակադեմիական խնդիրներ է դնում, այլև փորձում լուծել միջավայրն ամրակայելու, պահպանելու, ներկայացնելու հարցը: Ըստ այդմ` տարածքը պետք է ամբողջովին ցանկապատվի, որպեսզի բացառվի մարդկանց ապօրինի, ինչպես նաև` անասունների մուտքը:

«Մեր նպատակը լուրջ ակադեմիական հետազոտությունն է: Մեր արշավախմբում ընդգրկված են հնագետներ, ճարտարապետներ, հնաբուսաբան, հնամարդաբան: Գործակցում են Ֆլորենցիայի համալսարանի հետ, մեր պեղումներին մասնակցում է նաև մարդաբան Մարսելից, ակնկալում ենք նաև հնակենդանաբանի մասնակցություն: Նման պեղումները ենթադրում են շատ ավելի մեծ ներդրումներ, քան այսօր կարող են անել Արցախի իշխանությունները»,- նշում է Համլետ Պետրոսյանը:

Ե՞րբ կավարտվեն Տիգրանակերտի պեղումները. օրենսդրական ակտերով հուշարձանը չի կարելի ամբողջությամբ պեղել, քանի որ դա կնշանակի սերունդներին զրկել ինքնուրույն հետազոտության հնարավորությունից: Սակայն, ելնելով հնագիտական պրակտիկայից, Պետրոսյանը պնդում է` հուշարձանի ընդհանուր կառուցապատման, ճարտարապետական տեսքի, տնտեսական, մշակութային կերպարի վերաբերյալ մոտավորապես 70-80% պատկերացում կազմելու համար բավական է անգամ դրա ընդհանուր տարածքի 15-20%-ի ուսումնասիրությունը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Արեգ Բալայան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---