Նեմեսիս. Հայոց ցեղասպանության արդար հատուցումը

Նեմեսիս. Հայոց ցեղասպանության արդար հատուցումը

1919-ի աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի ժամանակ որոշվեց իսկապես պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրագործած ոճրագործներին

Վրեժն էր, որ միավորեց նրանց, 1.500.000 զոհի հիշատակն էր, որ տևականություն հաղորդեց նրանց գործողություններին: Հաստատակամ, խանդավառ, միասնական ու նպատակասլաց. այդպիսինն էին «Նեմեսիս» գործողությունն իրականացնողները: 3 տարվա ընթացքում, գործելով ԱՄՆ-ից, Եվրոպայից մինչև Թուրքիա, նրանք ոչնչացրեցին մոտ երկու տասնյակ հանցագործ:

PanARMENIAN.Net - Հայ ժողովրդի ծանր ու դառն էջերով լեցուն պատմության մեջ կան նաև մի շարք փառավոր էջեր, որոնք հիշվել և հետագա սերունդներին են փոխանցվել որպես միահամուռ գործունեության օրինակներ, որպես մի բռունցք դարձած ժողովրդի կամքի արտացոլում: Այդպիսին է «Նեմեսիս» գործողությունը:

Առաջին համաշխարհային պատերազմը վերջացել էր, դաշնակիցները հաղթել էին, կնքվել էր Մուդրոսի զինադադարը, սակայն, ի հեճուկս հանդիսավոր խոստումների, Կ. Պոլսը գրավողները ոչինչ չձեռնարկեցին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրագործած երիտթուրք ոճրագործներին արդար պատժելու համար: Իսկ ռազմական տրիբունալների ստեղծման մասին տեղեկությունը հակառակ արդյունք ունեցավ՝ Օսմանյան կայսրության վերնախավում միանգամից գնահատեցին նման հեռանկարի վտանգավորությունը: Եթե խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները քննվեին միջազգային դատարաններում, ի հայտ էր գալու պատասխանատվության խնդիրը՝ տարածքային կորուստներով, նյութական հատուցման խնդրով:

1919-1920-ին հենց թուրքերը հայերի տեղահանության և կոտորածների մեղադրաքով 63 տարբեր դատական գործընթաց կազմակերպեցին: Այս դատավարությունները «արդար պատիժ» որակելուն խանգարում է նաև փաստը, որ դրանք առաջին հերթին իթիլաֆականների վրեժն էին իթթիհաթականներից: «Ազատություն և համաձայնություն» («Հյուրիյեթ վե իթիլաֆ») կուսակցությունը երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն»(«Իթթիհաթ վե թերաքի») կուսակցության իշխանության տարիներին վտարանդի էր, աքսորված:

Ցեղասպանության համար պատժի առումով այս դատավարությունների արդյունքը ոչինչ էր, քանի որ իթթիհաթական պարագլուխները հասցրել էին տեղափոխվել Մալթա կղզի, այնուհետև անաղմուկ ազատ արձակվել և ցրվել աշխարհով մեկ՝ հիմնականում կեղծ փաստաթղթերով:

1919-ի աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի ժամանակ որոշվեց իսկապես պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրագործած ոճրագործներին, 1918-ի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ գործակցած հայ դավաճաններին։ Խիստ գաղտնի պայմաններում կազմվեց 41 իթթիհաթական պարագլխի անուն ներառող գլխավոր ոճրագործների ցուցակը: Առաջին և գլխավոր անունը՝ Թալեաթ: Գործողության պայմանական անունը՝ «Նեմեսիս»: Այն ղեկավարում էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արեմ Գարոն (Գարեգին Փաստրմաճյան) և Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան):

Վերջինս էլ 1920-ին նամակ է գրում Սողոմոն Թեհլերյանին. «Գտնվել է մոտ ազգականներիցս մեկի հետքը Բեռլինում, ուր և մեկնում եմ: Եթե ուզում ես համալսարան ընդունվել, դու էլ շտապիր»:

Մինչև այդ նախորդ ամբողջ տարին Թեհլերյանը Փարիզում փնտրում էր Թալեաթի թաքստոցը: Անհաջող փորձերից հետո պատրաստվում էր վերադառնալ Կովկաս, սակայն ԱՄՆ-ում գտնվող իր բարեկամուհի Երանուհի Դանիելյանից նամակ է ստանում, որ իրեն հետաքրքրող հարցով անմիջապես մեկնի ԱՄՆ: Թեհլերյանը հասկանում է՝ ինչի մասին մտածում էր գիշեր ու ցերեկ, այնտեղ արդեն նախապատրաստում են: 3 օրվա ընթացքում ձևակերպում է փաստաթղթերը և մեկնում, իսկ վերադարձին արդեն «Նեմեսիս»-ի մասնակիցն էր: Գործողության մեջ ներգրավված էին նաև ժամանակի ականավոր հայեր` Հայաստանի Առաջին հանրապետության նախկին դեսպանները, Դաշնակցության բյուրոների անդամներն ու պարզապես հասարակ մարդիկ, ովքեր նույնիսկ կուսակցության անդամ չէին:

Բեռլինում Շահան Նաթալիի հետ, ով ստեղծել էր հետախուզական ցանց աշխարհով մեկ՝ բացահայտելով հանցագործներին, Թեհլերյանը սկսում է հետախուզական աշխատանքը Տրապիզոնի ճիվաղ կուսակալ Ջեմալ Ազմիի խանութի շուրջ. այն դարձել էր Գերմանիայում թաքնվող երիտթուրք ոճրագործների հավաքատեղին: Հունվարին գերմանական մայրաքաղաք ժամանեց նրանց պարագլուխը, որին սափրած բեղերն ու եվրոպական լայնեզր գլխարկն էլ չքողարկեցին հայի աչքից: Շահան Նաթալին ճանաչեց Թալեաթին:

Մարտի 15-ին Հարդենբերգ պողոտայի համար 37 տնից նրա շարժին հետևող Թեհլերյանը ժամը 11-ին նկատեց դուրս գալը, շտապեց հետևից... ատրճանակը հանելն ու ծոծրակին կրակելը մի ակնթարթ տևեց: Թալիաթի դին ընկավ Հարդենբերգ պողոտայի համար 17 տան դիմացի մայթին և այդպես մնաց մի քանի ժամ. քաղաքապետարանում դիակառք չկար գաղթի ճանապարհի եզրերին հայերի մահվան դատավճիռը կայացրած թուրք առաջնորդի համար:

Թալեաթից առաջ՝ ոչ ոք. ասել էր Նաթալին Թեհլերյանին: Նա նաև փորձում էր Թեհլերյանի դատավարությունը վերածել Ցեղասպանության պատասխանատուների քաղաքական հրապարակային դատի: Մասամբ հաջողվեց, իսկ գերմանական դատարանում երդվյալ ատենակալների գլխավոր Օտտո Ռայնիկեն կարդաց Թեհլերյանի արդարացման դատավճիռը. «Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը՝ հանցավոր է արդյոք ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շարլոտենբուրգում կանխամտածված մի մարդ՝ Թալեաթ փաշային սպանելու համար: Ոչ»:

Վրեժխնդրության սարսափաշունչ աստվածուհին` Նեմեսիսը, որի անունն էլ կրում էր գործողությունը, չնայած և ոչ լիարժեք, բայց պատժեց մեղավորներին` բաժանելով ճիշտն ու սխալը, դատապարտելով ու պատժելով Հայոց ցեղասպանության հեղինակների մի մասին, և առ այսօր մնում է սերունդների հիշողության մեջ որպես դաժանորեն պարտադրված, բայց արդարացի սխրանք:

Անի Ավետյան, Սեդրակ Մկրտչյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---