Հայկական ընկերությունը մշակում է նվերների փոխանակման աշխարհում միակ ունիվերսալ հարթակը

Հայկական ընկերությունը մշակում է նվերների փոխանակման աշխարհում միակ ունիվերսալ հարթակը

1,5 տարի առաջ ստեղծված GiftsApp ընկերությունը մտադիր է դուրս գալ համաշխարհային շուկա 2016-ի առաջին եռամսյակում

Բոլորն են սիրում նվերներ մատուցել, և առավել ևս, նվերներ ստանալ: Սակայն, շատ հաճախ անցանկալի իրավիճակ է ստեղծվում, որն այս կամ այն կերպ բացասաբար է ազդում մարդու տրամադրության վրա: Օրինակ, երբ ցանկություն կա նվեր մատուցելու ոմն մեկին, սակայն հնարավորություն չկա իմանալու, թե նա ինչ կցանկանար ստանալ: Կամ ժամանակը չի բավարարում ինքնուրույն նվեր ընտրելու համար, կամ հարազատ մարդը հեռու է գտնվում և հնարավոր չէ իմանալ նրա հասցեն: Ոմանք սիրում են անակնկալներ մատուցել, նշանակում է` չէին ցանկանա հարցաքննել, թե ինչ նվեր կգերադասեր ստանալ տվյալ անձը: Նվերների բազմամիլիարդանոց շուկայում այս հարցը միշտ բաց է մնում և չունի ունիվերսալ լուծում: Հայկական GiftsApp սկսնակ ընկերությունը նպատակ է դրել ստեղծել նվերների փոխանակման ունիվերսալ հարթակ, որը միակը կլինի աշխարհում: Այդպես ձևավորվեց համանուն ծառայությունը:

PanARMENIAN.Net - GiftsApp-ը սոցիալական հարթակ է նվերների փոխանակման համար, որտեղ օգտատերերը կարող են ընկերների հետ կիսվել ինֆորմացիայով, թե ինչ կցանկանային նվեր ստանալ, ինչպես նաև կարծիք հայտնել արդեն ստացած նվերի մասին: Ընկերության տեխնիկական տնօրեն Վիկտոր Օհանյանը PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում պատմել է, որ համակարգը վեբ և բջջային միջավայր է իրենից ներկայացնում, որտեղ գրանցվելուց հետո սոցցանցերում և հեռախոսում աքաունթների բոլոր կոնտակտներն ինքնաբերաբար բեռնվում են հարթակ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ գտնել ընկերներին և հետևել նրանց ակտիվությանը:

«Գուցե ընկերներից մեկը երազում է ստանալ ինչ-որ կոնկրետ նվեր, կամ արդեն ստացել է, կամ մեկնաբանություն է թողել այդ մասին: Ելնելով այդ ակտիվությունից` օգտատերը կարող է կողմնորոշվել ընկերոջ համար նվեր ընտրելու բարդ գործում: Դա գործընթացն առավել ինտերակտիվ է դարձնում»,-ասել է զրուցակիցը:

Համակարգը եզակի կարողություններ ունի: Եթե օգտատերը ցանկանում է նվեր մատուցել, սակայն չի կարողանում ընտրություն կատարել, նա կարող է էլեկտրոնային նվեր-քարտ ուղարկել: Ըստ Օհանյանի, շուկայում գոյություն ունեցող նմանատիպ քարտերը մի շարք սահմանափակումներ ունեն` ամրագրված են կոնկրետ խանութի, իսկ եթե օգտատերը չի օգտվում դրանից, ապա գումարը զրոյանում է և այլն: GiftsApp համակարգի նվեր-քարտերը չեն սահմանափակվում մեկ խանութով, այլ կգործեն մի շարք առևտրային կենտրոններում, որոնց հետ համագործակցում է ընկերությունը: Ցանցն, իր հերթին, կապահովի ապրանքների ամբողջ տեսականին: Նվեր-քարտ ստացած օգտատերը կկարողանա նվերն ընտրել ըստ իր ճաշակի: Իսկ եթե չի ցանկանա նվերն ընդունել, կամ ոչինչ չի գնի, որոշ ժամանակ անց գումարը կվերադառնա ուղարկողին առանց որևէ ֆինանսական կորուստի:

«Եթե օգտատերը կոնկրետ նվեր է ուղարկել, սակայն հասցեատերին այն դուր չի եկել, վերջինս կարող է փոխանակել այն ըստ ցանկության: Նվերից հրաժարվելու դեպքում գումարը կրկին կվերադառնա ուղարկողին: Համակարգը հնարավորություն է տալիս չնշել ստացողի կոնկրետ հասցեն` բավարար է միայն հեռախոսահամարը, էլփոստի հասցեն կամ աքաունթը սոցցանցերում: Այդ դեպքում ստացողը ծանուցում կստանա այն մասին, որ իրեն ցանկանում են նվեր մատուցել: Եվ իր հերթին, մտնելով համակարգ, կկարողանա իրազեկել նվերի ստացման վայրի ու ժամանակի մասին: Այդ համակարգը մի միջավայր է ձևավորում, որտեղ մարդը նվեր ստանալիս չի հիասթափվի: Ընդ որում, ինչպես նվեր ուղարկողը, այնպես էլ ստացողը կարող են կիսվել տպավորություններով տեքստային կամ տեսանյութի ձևաչափով»,-պարզաբանել է Օհանյանը:

Սկսնակ ընկերությունը համագործակցելու է ԱՄՆ և Եվրոպայի խոշորագույն կենտրոնների, այդ թվում` Best Buy, Macy’s-ի և մյուսների հետ, որոնք կստանձնեն նվերների առաքումը: GiftsApp-ը նպատակ է դնում տարածել իր հարթակն աշխարհով մեկ: Հարթակն անվճար է, օգտատերը կվճարի միայն նվերի համար` այն նույն գումարը, որով այն վաճառվում է խանութում: Երբ համակարգը պատրաստ լինի, այն կներառի 15-20 մլն անուն ապրանքատեսակ:

GiftsApp-ի թիմը շահել է 50 տոկոսով համաֆինանսավորման դրամաշնորհ, որը տրամադրվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տեխնոլոգիական լուծումների մրցույթի շրջանակում, որն անցկացվել է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---