Խոզի գրիպը. Տեսակները, ախտանիշներն ու բուժումը

Խոզի գրիպը. Տեսակները, ախտանիշներն ու բուժումը

Խոզի գրիպը դասվում է պանդեմիկների շարքին

«Խոզի գրիպը» մարդկանց և կենդանիների հիվանդության պայմանական անվանումն է, որի հարուցիչը գրիպի վիրուսի շտամերն են: Առաջին անգամ խոզի գրիպի բռնկում արձանագրվեց 2009-ի մարտին Մեխիկոյում: Վիրուսն առաջացել է եվրոպական և ամերիկյան ցեղատեսակների խոզերի գրիպի երկու վիրուսի խաչաձևման հետևանքով, որը նաև մարդուն վարակելու և մարդուց մարդուն անցնելու հատկություն ձեռք բերեց:

PanARMENIAN.Net - Խոզի գրիպը դասվում է պանդեմիկների շարքին: Այն աչքի է ընկնում հիվանդության ծանր ընթացքով, գրիպի մյուս «սովորական» ձևերի համեմատ ավելի բարձր մահացությամբ, արագ տարածվելու հատկությամբ: Այն կոչվում է A (Н1N1) վիրուս:

Ընդհանուր առմամբ գոյություն ունի գրիպի վիրուսի 3 խումբ` А, В և C: А խմբի վիրուսներն ամենազանգվածային ու ծանր հիվանդությունները` պանդեմիա, այսինքն համաշխարհային համաճարակ, են առաջացնում:

А խմբի վիրուսները շատ են: Դրանք ախտահարում են մարդկանց, ձիերին, խոզերին, բադերին, սագերին, ճայերին, փոկերին, դելֆիններին: Յուրաքանչյուր տեսակին իր վիրուսներն են հատուկ: Սակայն խմբի վիրուսներն արագ զարգանում են և խաչաձևվում: Եվ երբեմն կարող է առաջանալ այնպիսի վիրուս, որը կարող է վարակիչ լինել ոչ միայն «իր» տեսակի, այլ նաև մյուսների համար:

Ինչ վերաբերում է խոզի գրիպին, ապա խոզերի գրիպի վիրուսները շատ ավելի մոտ են մարդու գրիպի վիրուսներին, քան, օրինակ, թռչունների վիրուսները: H1N1 խմբի վիրուսն արտաքին միջավայրում կայունության առումով ոչնչով չի տարբերվում գրիպի մյուս վիրուսներից: Դրանք բոլորը բավականին լավ պահպանվում են նաև ցուրտ եղանակին:

Մարդու գրիպի վիրուսներն ամենից լավ են զարգանում 33о - 39оC աստիճանի պայմաններում: Բայց պետք չէ հուսալ, թե վիրուսը կոչնչանա օրգանիզմում հիվանդի բարձր ջերմությունից: Հիվանդն ավելի շուտ կվախճանվի: Եթե ջերմությունը 39,5оC բարձր է, այն հարկավոր է իջեցնել ջերմիջեցնող դեղերի միջոցով:

Եթե մարդ հիվանդացել է գրիպով, նա կայուն դիմադրողականություն է ձեռք բերում այն վիրուսի հանդեպ, որն առաջացրել էր հիվանդությունը: Սակայն, ինչպես արդեն նշվել է, մարդու գրիպի վիրուսները շատ արագ են զարգանում, ուստի ընթացիկ շրջանում հիվանդության պատճառ հանդիսացող վիրուսի հանդեպ իմունիտետը կարող է քիչ ազդեցիկ լինել այն վիրուսի հանդեպ, որը կտարածվի 3-4 տարի անց:

Խոզի գրիպի գաղտնի շրջանը հիմնականում 2-4 օր է, առավելագույնը` մեկ շաբաթ:

Խոզի գրիպի դրսևորումները նույնն են, ինչ սովորական վիրուսի դեպքում: Ախտանիշները հետևյալն են`

• շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն

• մաշկի կապտավուն երանգ

• արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ

• ցավ կրծքավանդակում

• հոգեկան վիճակի փոփոխություն

• բարձր ջերմություն, որը չի նվազում ավելի քան 3 օր

• արյան ցածր ճնշում

Մահացու ելքեր գրիպի դեպքում լինում են տարբեր պատճառներով: Շատ բան կախված է դիմադրողականությունից և քրոնիկ հիվանդությունների առկայությունից: Ավելի հաճախ մահվան պատճառ է դառնում թոքաբորբը: Գրիպի ժամանակ թոքաբորբը կարող է վիրուսածին լինել, ինչն առավել վտանգավոր է, սակայն ավելի հաճախ զարգանում է երկրորդական բակտերիալ թոքաբորբ:

Կանխարգելիչ միջոցներն են` սպորտը, զբոսանքը մաքուր օդում, օրվա ընթացքում ավելի քան 3 լ հեղուկի ընդունումը (բացառությամբ գազավորված ըմպելիքների): Դիմադրողականության բարձրացմանը նպաստում է մասուրով թեյի օգտագործումը:

Կարևոր է նաև դիմակ կրել, որն արդյունավետ է, պաշտպանում է փռշտալու ժամանակ առաջացող հեղուկի մանր կաթիլներից, որոնք նստում են 4-5 ժամվա ընթացքում:

Արդյունավետ է նաև սենյակի ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Հունվարի 15-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, ՀՀ-ում մահացել է H1N1-ով (խոզի գրիպ) հիվանդ 13 մարդ:

Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Ինչպես ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ, բոլոր ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Միջոցառումներն իրականացվում են 2 ուղղությամբ` կանխարգելման և բուժման: Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---