Երբ վաճառվում է անգինը

Երբ վաճառվում է անգինը

Հովհաննես Այվազովսկու կտավները միջազգային աճուրդներում

Հայազգի արվեստագետներից Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: PAN-ը ներկայացնում է մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերը:

PanARMENIAN.Net - 1880 թ. Հովհաննես Այվազովսկու վրձնած «Կոլումբոսի նավատորմի ժամանումը» նկարը 2008 թ․ ապրիլին Sotheby’s-ում վաճառվել է 1 մլն 665 հազար դոլարով: Նկարը ցուցադրվել է 1893 թ. Չիկագոյում անցկացված Կոլումբոսյան համաշխարհային ցուցահանդեսում, որը նվիրված էր Ամերիկայի հայտնագործման 400-ամյակին: Կտավում պատկերված է Նինյա, Պինտա և Սանտա Մարիա նավերի ժամանումը դեպի ամերիկյան ափեր: Այվազովսկու ներկապնակը վառ կերպով որսացել է վաղ առավոտյան լույսը, որով ողողված են նավերն ու ծովը: Դա յուրօրինակ հանդիսավոր շունչ է հաղորդում պատկերին՝ խորհրդանշելով նոր աշխարհի բացահայտումը:

«Կոլումբոսի նավատորմի ժամանումը»

2004 թ. դեկտեմբերին Christie's աճուրդի տանը՝ Լոնդոնում, «Իսաակիևյան տաճարը ցուրտ օրը» կտավը անանուն գնորդին վաճառվեց 1,125 մլն ֆունտ ստեռլինգով (ավելի քան 2 միլիոն դոլար): Սանկտ Պետերբուրգի ամենամեծ տաճարը պատկերող այդ նկարը Այվազովսկու ամենաթանկ վաճառված գործն էր մինչև 2007 թ, երբ «Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ» կտավը (1873 թ․) դարձյալ Christie's-ում վաճառվեց ռեկորդային 2,7 մլն ֆունտ ստեռլինգով ($5,3 մլն)։

«Իսաակիևյան տաճարը ցուրտ օրը»

Հետաքրքիր է, որ նկարիչն «Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ» կտավը ստեղծել է միջերկրածովյան նեղուցը տեսնելուց 30 տարի հետո՝ իր հանճարեղ երևակայությամբ, բայց ճշտորեն պատկերելով ժայռերն ու նավերը․ ի դեպ, այդպես են ստեղծվել նրա ծովանկարների մեծ մասը։

«Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ»

Այվազովսկու մեկ այլ գործ՝ 1852 թ․ նկարված «Կոստանդնուպոլսի տեսարանը», 2006 թ․ նոյեմբերին Christie’s-ում վաճառվեց 1,63 մլն ֆունտ ստեռլինգով ($3,2 միլիոն):

«Կոստանդնուպոլսի տեսարանը»

2006 թ․ 1,7 մլն ֆունտ ստեռլինգով (3,3 մլն դոլար) վաճառվեց «Վարյագները Դնեպրի վրա» կտավը (1876թ.), որտեղ պատկերված են դեպի Կիևյան Ռուսիա նավարկող վիկինգները։

«Վարյագները Դնեպրի վրա»

2008 թ. ապրիլին Այվազովսկու «Պարենի բաշխումը» և «Փրկության նավը» կտավները (1892 թ.) Sotheby’s-ում վաճառվեցին $2,393 միլիոնով: Կտավների թեման նվիրված է 19-րդ դ. 90-ականներին ԱՄՆ-ի կողմից Ռուսական կայսրությանը ցուցաբերված օգնությանը: Պատկերված են Այվազովսկու հայրենի Թեոդոսիա նավահանգստին մոտեցող ամերիկյան նավը և քաղաքում ձիակառքերով օգնության բաժանումը:

«Պարենի բաշխումը»

Երկու նկարներն էլ հեղինակը Ամերիկա կատարած իր այցի ընթացքում նվիրել էր Վաշինգտոնի Կորկորան պատկերասրահին, որտեղ դրանք մշտական ցուցադրության են եղել մինչև 1979 թ.: Ուշագրավ է, որ 1961-64 թթ. կտավները ժամանակավորապես ցուցադրության են ներկայացվել Սպիտակ տանը՝ ի նշան Նիկիտա Խրուշչովի Ամերիկա կատարած առաջին այցի և ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի հարաբերությունների բարելավման: Իսկ «Սոթբիս» աճուրդի տունը դրանք համարել է որպես ռուս-ամերիկյան բարեկամության խորհրդանշան:

«Փրկության նավը»

2012 թ. ապրիլի 24-ին Այվազովսկու «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը» կտավը (1856 թ.) անհայտ գնորդին վաճառվեց ռեկորդային բարձր գնով՝ 3,233 մլն ֆունտ ստեռլինգով (մոտ 5,2 մլն դոլար), ընդ որում՝ նկարի նախնական գնահատված արժեքը (էսթիմեյթ) կազմում էր £1,2-1,8 միլիոն։ Ուշագրավ է, որ վաճառքի գինն ընդհանրապես ռեկորդային էր աճուրդային պատմության մեջ առանձին դասակարգվող ռուսական արվեստի ներկայացուցիչների համար (չհաշված մոդեռնիստական ուղղությունների ռուս ներկայացուցիչներին, որոնց արվեստը վերազգային է համարվում)։

«Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»

Հեղինակավոր աճուրդի տներում Հովհաննես Այվազովսկու՝ առավել բարձր գնով վաճառված գործերից նշենք նաև «Գալաթա ամրոցի աշտարակը լուսնկա գիշերին» (£825,250), «Հովիվներն իրենց հոտերի հետ` լուսաբացին» (1859 թ., £657,250), «Մայրամուտը Իսկյայում» (£623,650), «Փոթորիկը Սև ծովում» (1893թ․ £341 հազար), «Ձմեռային լանդշաֆտ» (£277 հազար), «Նավը ծովում» կտավները (1887թ․, £200 հազար) կտավները՝ բոլորը Sotheby's աճուրդի տան կողմից, ինչպես նաև MacDougall աճուրդի տանը վաճառված «Ջիբրալթարը գիշերով» նկարը (385 հազար անգլիական ֆունտ ստեռլինգ): Վերջում հետաքրքիր է նշել, որ մեծ ծովանկարչի մեկ այլ՝ 1851 թ․ նկարված «Կոստանդնուպոլիսն արշալույսին» կտավը, որը Sotheby's-ի կողմից գնահատվել էր 1,8 միլիոն դոլար, Ուկրաինայի ներկա նախագահ Պետրո Պորոշենկոն 2012 թ․ծննդյան տարեդարձի առթիվ նվիրել էր այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչին։

Կարդացեք նաև. Երբ վաճառվում է անգինը. Հայ մշակույթի գանձերը Sotheby’s և Christie's աճուրդի տներում

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---