Երբ վաճառվում է անգինը

Երբ վաճառվում է անգինը

Հայ մշակույթի գանձերը Sotheby’s և Christie's աճուրդի տներում

Հայ արվեստի առանձին նմուշներ ոչ միայն ներկայացված են աշխարհի թանգարաններում, այլև արվեստասերների կողմից գնվում են Sotheby’s և Christie's հեղինակավոր աճուրդի տներում։ PAN-ը ներկայացնում է հայ արվեստի ու մշակույթի՝ աճուրդով վաճառված ուշագրավ նմուշները, որոնք հիմնականում միջնադարյան ձեռագիր մատյաններ ու մանրանկարներ են:

PanARMENIAN.Net - Չորս ավետարաններ, ջնարակված թուղթ, Նոր Ջուղա, 1695 թ. : Գրվել և ծաղկվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Ազարիա Ջուղայեցու կողմից: Sotheby’s-ում վաճառվել է 35 հազար ֆունտ ստեռլինգով: Նախնական արժեքը գնահատվել է 12-18 հազար ֆունտ:

Հայկական գորգ, Տավուշ: Վաճառվել է 3500 ֆունտ ստեռլինգով:

17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան: Sotheby’s-ի կողմից վաճառվել է 13,750 ֆունտ ստեռլինգով, գրքի նախնական արժեքը տատանվել է £4000-6000: Մագաղաթյա ձեռագիրը բաղկացած է 271 էջից, որի վրա գրված է սև թանաքով և «բոլորգիր» կոչված տառատեսակով: Այն հարուստ է բազմաթիվ զարդանախշերով, պարունակում է թռչունների, կենդանիների և մարդկային ֆիգուրներ:

1656-1658 թթ. թվագրվող Ավետարան, բաղկացած է 265 էջից, ենթադրաբար ընդօրինակվել է17-րդ դ. բանաստեղծ Ազարիա Ջուղայեցու կողմից: Sotheby’s-ի կողմից վաճառվել է 8125 ֆունտ ստեռլինգով:

Մանրանկարներով զարդարված թղթե ձեռագիր աղոթագիրք, 16-րդ դար, բաղկացած է 147 էջից, ընդօրինակողն անհայտ է: Վաճառվել է 4750 ֆունտ ստեռլինգով:

Ավետարան ըստ Հովհաննու, թվագրվում է 9-12-րդ դդ., մագաղաթ: Վաճառվել է 8750 ֆունտ ստեռլինգով:

Հայ արվեստագետների գործերից աճուրդի տանը երբևէ վաճառված ամենաթանկ գործը՝ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) «Անհամբերություն» կտավը (1945թ.): Հայազգի ամերիկյան նկարչի այս սյուրռեալիստական ոճով կտավը 2012 թ. վաճառվել է 6,802 մլն դոլարով:

Եվ վերջում, ևս մի հետաքրքիր փաստ. 2015 թ. նոյեմբերին Sotheby’s աճուրդի տանը շուրջ 120 հազար ԱՄՆդոլարով վաճառվեց 70 տարվա հնեցման հայկական «Արարատ» կոնյակը: Հատուկ աճուրդում, որը նվիրված էր Մեծ Բրիտանիայի նշանավոր վարչապետ Ուինսթոն Չերչիլի մահվան 50-րդ տարելիցին, վաճառվել են Չերչիլի նախընտրած խմիչքները, ծխախոտները, հագուստը և այլն: Աճուրդի ժամանակ մեծ հետաքրքրություն է եղել հատկապես հայկական կոնյակի նկատմամբ:

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---