Օվկիանոս Արարատի փոխարեն

Օվկիանոս Արարատի փոխարեն

Ինչ է եղել ներկայիս Հայաստանի տեղում միլիոնավոր տարիներ առաջ

Հայկական լեռնաշխարհի մեր աչքին սովոր լանդշաֆտը ձևավորվել է մոտ 500-700 հազար տարի առաջ: Մինչ այդ Հայաստանի տարածքում հզոր երկրաբանական պրոցեսներ են ընթացել:

PanARMENIAN.Net - Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան լեռնային գոտում: Այդ շղթան գոյացել է նեոգենի շրջանում ` մոտ 25 մլն տարի առաջ: Այդ ժամանակահատվածում են առաջացել Կովկասյան լեռները, Ալպերը, Հիմալայները: Այդ լայնածավալ տեկտոնիկ հրաբխային պրոցեսներին նախորդած շրջանում` մոտ 150 մլն տարի առաջ, Հայաստանի տարածքը հնագույն Թետիս օվկիանոսի ջրերի տակ էր գտնվում: Դրա հետքերն այսօր էլ կարելի է հայտնաբերել երկրի տարբեր մասերում:

Թետիս օվկիանոսը գտնվում էր Միջերկրածովյան գեոսինկլինալ իջվածքի սահմաններում (երկրակեղևի տեկտոնիկ բարձր ակտիվության գոտում) և տարածվում էր Հյուսիսարևմտյան Աֆրիկայի լայնությամբ, Միջերկրական ծովի, Փոքր Ասիայի, Կովկասի, Իրանի, Աֆղանստանի, Չինաստանի տարածքով:

Երկրաբանական տարբեր դարաշրջաններում օվկիանոսը պարբերաբար միախառնվել է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հետ: Միայն 25 մլն տարի առաջ Հայաստանի տարածքը վերջնականապես ձևավորվեց որպես ցամաք: Անշուշտ, դրան նախորդել է երկրաբանական բարդ փոխակերպումներով հագեցած երկարատև շրջանը: Օվկիանոսի ջրերը պարբերաբար նահանջում էին և կրկին վերադառնում: Տեկտոնիկ շարժման արդյունքում երկրակեղևը ցիկլիկ ձևով բարձրացել է և իջել: Առաջացել են կղզիներ, որտեղ կյանք է սկսել նշմարել, հետո դրանք կրկին հայտնվել են օվկիանոսի ջրերի տակ: Եվ ամեն ինչ նորից է սկսվել:

Այդ երկրաբանական շրջանի նստվածքներում առկա են հսկայական քանակի ծովային ֆաունայի հանածոներ. գաստրոպոդներ (փորոտանի կակղամորթներ), ամոնիտներ (գլխոտանի կակղամորթներ), ոստրեներ, մարջաններ, ծովային ոզնիներ և այլն: Ծովային ֆաունայի ջերմասեր բնույթը հուշում է երբեմնի օվկիանոսի արևադարձային կլիմայի մասին: Հնագույն կաթնասուններից մեկը, որը հայտնաբերվել է Անդրկովկասի տարածքում, ավելի ուշ շրջանում, կետն է: Նրա բրածո մնացորդները հայտնաբերվել են Ապշերոնի թերակղզու տարածքում: Դա իր տեսակի հնագույն ներկայացուցիչն է: Նույն տեղանքում հայտնաբերվել են նաև ծովակովի բրածո մնացորդներ, նույն էոցենի դարաշրջանին դասվող, ինչ կետը` 55-56 մլն տարի վաղեմության:

Օլիգոցենում (30-35 մլն տարի) օվկիանոսի ջրերը նահանջել են` նստվածքային ապարների մեծ զանգվածներ թողնելով: Նստվածքային ապարներում կարելի է հայտնաբերել մոլորակի երկրակեղևը կազմող բոլոր լեռնային ապարների նմուշներ, ինչպես նաև բրածոներ:

Վաղնջական շրջանի օվկիանոսից մնացել են նաև նրա գոյության կենդանի վկայություններ` Միջերկրական, Սև, Կասպից ծովերն ու Պարսից ծոցը:

Ջրերի նահանջից հետո Հայկական լեռնաշխարհում սկսեց ցամաքային կյանք ձևավորվել: Սարերը բարձր չէին, կլիման տաք էր` պիտանի արևադարձային բույսերի և կենդանիների գոյության համար: Վաղ օլիգոցենում (25 մլն տարի) հայտնաբերվում են պտերանմաններ, հսկայական փշատերև ծառեր, մրտենի, հացահատիկայինների մնացորդներ: Իսկ միոցենի շերտերում (20-25 մլն տարի) հայտնաբերվում են տարբեր կաթնասուններ. գետաձիեր, ռնգեղջյուրներ, փղեր և այլն:

Ըստ գիտնականների, ընդհանուր առմամբ այն դարաշրջանի ֆլորան և ֆաունան շատ մոտ էին ժամանակակից Արևելյան և Արևադարձային Աֆրիկայի բնությանը: Հնարավոր է, որ մասնակիորեն այն դրանից է առաջացել: Օրինակ, պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են խոշոր այծքաղերի ոսկորներ, որոնք այժմ կան միայն Աֆրիկայում:

Երևանի երկրաբանական թանգարանում պահվող տրոգոնտերիական փղի կմախքը

Ավելին, տարբեր ժամանակաշրջաններում Շիրակի բարձրավանդակի տարածքում հայտնաբերվել են մասթոդոնտների, մամոնտների, հարավային փղերի, ընձուխտների, ջայլամների, ռնգեղջյուրների մնացորդներ: Ֆլորայի կազմում գերակշռում էին մշտադալար, մերձարևադարձային, արևադարձային, փշատերև բույսերը: Այսպիսով, ցամաքային ձևավորման շրջանում Հայաստանի կլիման, և հետևաբար, կենդանական և բուսական աշխարհը մոտ էին արևադարձայինին:

Մոտ 7 մլն տարի առաջ պատմական Հայաստանը կրկին արմատական փոխակերպումների է ենթարկվում: Դա տեղի է ունենում ջերմաստիճանի ռեժիմի փոփոխության արդյունքում, որն ակտիվ լեռնագոյացման պրոցեսի և հրաբխային գործընթացների, ինչպես նաև մոլորակում համընդհանուր կլիմայական փոփոխությունների հետևանք էր: Սակայն, չնայած սառեցմանը, Երկրի բոլոր սառցե դարաշրջանները Հայաստանի տարածքում թույլ են արտահայտված եղել: Այդ շրջանները համեմատաբար փոքր նշանակություն են ունեցել նրա երկրաբանական պատմության մեջ:

2 մլն տարի առաջ Երկիր մոլորակի պատմության մեջ մի քանի սառցե «դարաշրջան է» եղել: Այն դեպքում, երբ Ռուսական հարթավայրը, Եվրոպայի մեծ մասը, Հյուսիսային Աֆրիկան պատված էին ձյան և սառույցի հաստ շերտով, Հայաստանում և մերձակա տարածաշրջաններում այդ դաժան ժամանակաշրջանը նվազ խիստ էր արտահայտված: Սառցապատ էին միայն Հայաստանի ամենաբարձր լեռները (Արարատ, Արագած, Գեղամա լեռներ, Զանգեզուրի գագաթները) և սառցադաշտերը հնագույն գետերի հովիտներով իջնում էին մինչև 2000 մ բարձրության վրա: Սառցադաշտերի սահմանը ներկայինից ցածր էր 150 մ: Կիրճերը, լեռների ստորոտներն ու դաշտավայրերն ազատ էին սառույցից:

Բնականաբար, այս պայմաններում կենդանական և բուսական աշխարհը ստիպված էր կամ նահանջել ավելի տաք տարածքներ, կամ հարմարվել: Հազարամյա փոխակերպումների արդյունքում հայտնվեցին կենդանիների և բույսերի նոր տեսակներ, որոնք բնորոշ էին միայն այդ տարածքին: Օրինակ, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, հայկական դեղին մեղուն, հացազգիների վայրի տեսակները և այլն:

Դեպի վեր ձգվելով` Հայկական բարձրավանդակն աստիճանաբար արևադարձային հովիտների ու դաշտավայրերի երկրից վերածվում էր խստաշունչ լեռնաշխարհի: Այդ շրջանը` 7-3 մլն տարի, ավերիչ երկրաշարժերի և հրաբխային ժայթքումների ժամանակաշրջան էր: Որոշ միջանկյալ երկրաբանական դարաշրջաններում Հայաստանը տարեկան բարձրացել է մի քանի տասնյակ սանտիմետրով: Բնության այդ հսկայածավալ «ներկայացումների» մի մասը տեղի էր ունենում առաջին մարդկանց աչքերի առաջ: Այդ ահեղ դարաշրջանի վերջին գլուխգործոցներից մեկը բիբլիական Արարատի ծնունդն էր: 2,5 մլն տարի շարունակ ժայթքող լավան կազմավորել է այս վեհաշուք հսկային:

Հզոր լեռնակազմական գործընթացների արդյունքում Հայկական բարձրավանդակը ծովի մակերեսից բարձրացավ միջինը 2000 մ: Հարակից տարածքներից Հայկական լեռնաշխարհը բարձրադիր է միջինը 500-600 մետրով:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---