«Դրայվի» վերադարձը

«Դրայվի» վերադարձը

Նախկին քաղաքապետը՝ նոր վարչապետի թեկնածու

Սեպտեմբերի 8-ին ՀՀԿ ԳՄ և ԳԽ նիստերի արդյունքում Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն առաջադրվեց որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Նա գալիս է փոխարինելու հրաժարականի դիմումը ներկայացրած Հովիկ Աբրահամյանին: Թեկնածությունը պետք է հավանության արժանանա ԱԺ-ում:

PanARMENIAN.Net - PAN-ը վերհիշում է՝ ինչ է արել ՀՀ պոտենցիալ 14-րդ վարչապետը դեռևս որպես քաղաքապետ պաշտոնավարած տարիներին:

Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է եղել շատ կարճ ժամանակահատված՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նա մի քանի էական որոշումներ ընդունեց:

Օրինակ՝ մեկ գիշերվա ընթացքում «մաքրեց» Մաշտոցի պողոտան հսկայական գովազդային վահանակներից: Որոշումից դժգոհ էին միայն գովազդային ընկերությունների տնօրենները: Կարեն Կարապետյանը հատուկ կարևորում էր քաղաքի գլխավոր մայրուղիների, կամուրջների, ինչպես նաև շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորումն ու կանաչապատումը: Նա նաև խոստացել էր ապամոնտաժել Աբովյան փողոցի «բուտիկները», մայթերին հայտնված սրճարաններն ու ժամանցի այլ հաստատությունները. սկսեց, բայց ավարտին չհասցրեց:

Հաջորդ էական քայլը, որը նախաձեռնեց Կարեն Կարապետյանը, Երևանի կենտրոնական հատվածի տարբեր փողոցներում անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած կրպակների և տաղավարների ապամոնտաժումն էր: Ի տարբերություն գովազդային վահանակների, կրպակների ապամոնտաժումը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքացիների շրջանում, ովքեր բողոքում էին, որ զրկվել են ապրուստի միակ միջոցից: Կրպակատերերը մեկ անգամ չէ, որ բողոքի ակցիաներ են անցկացրել քաղաքապետերանի մոտ: Բացի այդ, նա Ազատության հրապարակը մաքրեց դեռևս 2008-ից այնտեղ տեղադրված փչովի խաղալիքներից:

Եվս մեկ աղմկահարույց որոշում. Երևանի մետրոյի սակագինը կրկնակի բարձրացավ` դառնալով 100 դրամ։ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ չգնալով այս քայլին՝ մենք կվտանգեինք մետրոպոլիտենի շահագործման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը։

Փոխարենը Կարեն Կարապետյանը Երևանի մանկապարտեզները դարձրեց անվճար. որոշումը տարածվում էր ոչ միայն Երևանում մշտական գրանցում ունեցող, այլև՝ քաղաքում ժամանակավոր բնակվող և զինվորական ծառայություն կատարող անձանց երեխաների վրա: Բացի այդ, նա փոխեց համալսարաններում, դպրոցներում ու մանկապարտեզներում դասերը սկսվելու ժամերը՝ խցանումներից խուսափելու համար: Նույն խնդրի լուծման համար նա նաև նպատակ էր դրել երթուղային տաքսիների հիմնական մասը փոխարինել ավտոբուսներով:

Եվս մեկ «նորամուծություն». Կարեն Կարապետյանն իր բոլոր աշխատակիցներին` ներառյալ բարեկամներին, հրամայել էր գրանցվել Ֆեյսբուքում, որպեսզի ծանոթ լինեն իրենց նկատմամբ մարդկանց դժգոհությանը և առաջարկներին: Ի դեպ, դեռևս 2011-ին մամուլում լուրեր էին պտտվում, թե ՀՀ հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն հենց նա է: Սակայն հրաժարականից կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 2-ին, նա նշանակվել է ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ, իսկ 2012-ի նոյեմբերին՝ «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի` ռազմավարական զարգացման գծով տեղակալ:

Ինչ արտահայտություններով նա հիշվեց

«Ինձ ահավոր հետաքրքիր է այստեղ, որպես կառավարչի ահավոր հետաքրքիր է: Այդ բառը ես սիրում եմ, դրա համար կօգտագործեմ` դրայվ ունեմ քաղաքի կառավարման համար», - որպես քաղաքապետ պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում ասել էր Կարեն Կարապետյանը:

«Կանաչ գոտին դեռ չի նշանակում, որ առավոտը Երևան քաղաքի բնակիչը զարթնելուց աքլորի ձայն է լսելու, գետի խշխշոց է լսելու»

«Վերնիսաժ որ գնում ես` զզվանքդ գալիս է»

Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին Ստեփանակերտում: 1986թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1989թ. դարձել է տնտեսական գիտությունների թեկնածու, իսկ 2010թ.` տնտեսական գիտությունների դոկտոր: Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001թ.-ից մինչև 2010 թվականը: Մինչ այդ նա եղել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար և «Հայէներգո» ընկերության գլխավոր տնօրեն: Կարեն Կարապետյանն ամուսնացած է, ունի երեք երեխա:

Կարդացեք նաև՝ Հովիկ Աբրահամյան, թվապատում. Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---