«Արագ փողեր» մարդկային առողջության հաշվին

«Արագ փողեր» մարդկային առողջության հաշվին

Հոմեոպատիան ընդդեմ ավանդական բժշկության

ԱՄՆ իշխանություններն օրերս պարտավորեցրել են հոմեոպատիկ «դեղամիջոցներ» արտադրողներին իրենց արտադրանքի վրա մակնշում կատարել՝ ընդգծելով, որ այդ «դեղամիջոցները» գիտական չեն, կլինիկական փորձարկումներ չեն անցնում, դրանց արդյունավետությունը հաստատված չէ, իսկ դրանք արտադրողներն առաջնորդվում են 18-րդ դարի տեսություններով։ Նախաձեռնությունն, իհարկե, կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկային առողջության հաշվին «արագ փողեր» աշխատողների դեմ պայքարում, սակայն իրականությունը մի փոքր ավելի տրիվիալ է․ իրենք, հոմեոպատների հիվանդները, ավելի շատ հակված են հավատալ սեփական «հեքիմների» ստեղծած «հրաշք թուրմերի» բուժիչ ազդեցությանը, քան ավանդական բժշկության հորդորներին։

PanARMENIAN.Net - Ի՞նչ է հոմեոպատիան և ինչո՞ւ է այն հակագիտական․ PanARMENIAN.Net ը կպատասխանի մի շարք կարևոր հարցերի։

Ի՞նչ է հոմեոպատիան

Հոմեոպատիան (հունարեն ὅμοιος՝ «նման» և πάθος՝ «հիվանդություն» բառերից) իրենից ներկայացնում է այլընտրանքային բժշկության տեսակ։ Այն առաջարկում է հեղուկի (մեծամասամբ՝ ջրի) մեջ խիստ լուծված «դեղամիջոցների» օգտագործում, որոնք, ինչպես ենթադրվում է, առողջ մարդկանց մոտ առաջացնում են նույն ախտանշանները, որոնք հատուկ են բուժվող հիվանդությանը։ Այսինքն, հոմեոպատիան առաջնորդվում է «բուժել նմանը նմանով» հակագիտական սկզբունքով, որը հակասում է ռացիոնալ դեղաբուժության սկզբունքներին։

Տերմինի հիմնադիրն է 18-րդ դարում ապրած գերմանացի բժիշկ Քրիստիան Ֆրիդրիխ Սամուել Հանեմանը, ում խիստ հնացած տեսության վրա մինչ օրս աշխատում են հոմեոպատները։ 19-րդ դարում Հանեմանի աշակերտը՝ Կոնստանտին Գերինգը, ընդհանրացնելով ուսուցչի աշխատություններում նշված օրինաչափությունները, ինչպես նաև սեփական դիտարկումները, ձևակերպեց այն հիմնական դրույթները, որոնց հիման վրա, ինչպես կարծում են հոմեոպատները, կարելի է գնահատել բժշկական միջոցառումների արդյունավետությունը․ դրանք գրականության մեջ հայտնի են, որպես «Գերինգի սկզբունքներ»։ Համաձայն դրանց, առողջացման ընթացքում հիվանդության պաթոլոգիկ օջախներն ու ախտանիշները պետք է տեղափոխվեն Ա) կենսական կարևոր օրգաններից դեպի պակաս կարևորները, Բ) ավելի խորը օրգաններից դեպի մակերեսայիններ, Գ) մարդկային մարմնի վերին հատվածներից դեպի ստորին հատվածներ և Դ) առավել թարմ օջախներից ու ախտանիշերից դեպի ավելի հները։

Ինչո՞ւ է հոմեոպատիան համարվում հակագիտական

Ավանդական բժշկությունում ցանկացած դեղամիջոց, մինչև սպառողին հասնելը, անցնում է կլինիկական հետազոտությունների մի ամբողջ շարք, որոնց ընթացքում հայտնաբերվում են ինչպես դրա բուժիչ հատկություններն, այնպես էլ հնարավոր բացասական հետևանքները։ Այդ ամենը նշվում է դեղամիջոցի փաթեթավորման մեջ։ Ի տարբերություն ավանդական դեղամիջոցների, հոմեոպատիկ սկզբունքների տեսական հիմնավորումները չեն համապատասխանում առողջ ու հիվանդ օրգանիզմի կենսագործունեության մասին գիտական պատկերացումներին, իսկ հոմեոպատիկ «դեղամիջոցների» կլինիկական հետազոտությունները չեն հայտնաբերել որևիցե տարբերություն դրանց և պլացեբոյի (բուժիչ ազդեցություն չունեցող միջոցներ, որոնք կոչված են ապահովել բուժումը հիվանդի ներշնչման շնորհիվ) միջև։ Դա նշանակում է, որ հոմեոպատիայով բուժումից հետո բոլոր դրական զգացումները բացատրվում են պլացեբոյի էֆեկտով և հիվանդությունից հետո բնական առողջացմամբ։ Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ 12C-ից ավել լուծված «դեղամիջոցներում» գործող նյութի անգամ մեկ մոլեկուլի առկայության հավանականությունը մոտ է զրոյի։ Այդ իսկ պատճառով գիտական հանրությունը հոմեոպատիան դիտարկում է, որպես հակագիտական ուղղություն՝ հիմնված շառլատանության ու խարդախության վրա, որի նպատակը հիվանդին որևիցե բուժում չառաջարկելով նրանից հնարավորինս շատ գումարներ շորթելն է։

Արդյո՞ք դա վտանգավոր է

Եթե հոմեոպատիկ, այսպես կոչված, «դեղամիջոցը» լուծված է չնչին չափաբաժնով, այն կարող է ընդհանրապես որևիցե ազդեցություն չթողնել, սակայն նման «բուժումը» հետ է պահում հիվանդին սովորական բուժում ստանալուց, ինչը վտանգավոր է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում զերծ մնալ ինֆեկցիոն և այլ լուրջ հիվանդությունների հոմեոպատիկ բուժումից։ Ինչպես նշում են կազմակերպության փորձագետները, «հոմեոպատիայի կիրառությունը չունի ապացուցողական հիմքեր, իսկ այն դեպքերում, երբ օգտագործվում է, որպես հիմնական բուժման այլընտրանք, կարող է լուրջ վտանգ ներկայացնել մարդկանց առողջության ու կյանքի համար»։

Բրիտանական խորհրդարանի գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը 2010թ-ի փետրվարին հրապարակեց 275 էջանոց փաստաթուղթ հոմեոպատիայի ապացուցողական բազայի ստուգման մասին։ Հանձնաժողովի եզրակացության համաձայն, պետական բժշկական ապահովագրությունը չպետք է ծածկի հոմեոպատիկ բուժումը, քանի որ «սիստեմատիկ գնահատականն ու մետա-անալիզը վերջնականապես ցույց են տալիս, որ հոմեոպատիկ արտադրանքն աշխատում է ոչ ավելի լավ, քան պլացեբոն»։

Հանձնաժողովը նաև պահանջել էր Դեղամիջոցների և առողջապահության վերահսկողության գործակալությունից չտրամադրել լիցենզիա հոմեոպատիկ «դեղամիջոցներին», քանի որ հանրության շրջանում կարող է պատրանք առաջանալ, թե իրեն առաջարկում են իրոք ակտուալ դեղամիջոցներ։ Փաստաթղթի եզրակացությունը պարունակում է նաև գնահատականներ հոմեոպատիայի հիմնարար սկզբունքների մասին։ Համաձայն դրանց, «նմանը նմանով բուժելը» չունի տեսական հիմնավորումներ և չի կարող ապահովել հոմեոպատիկ միջոցների բժշկական կիրառության հիմնավորված ռեժիմ, իսկ գաղափարն այն մասին, որ խիստ լուծված վիճակում պահպանվում են լուծվող նյութերի հետքերը, գիտական տեսանկյունից ևս հիմնավորված չէ։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---