«Քու հիշատակիդ մեջ»

«Քու հիշատակիդ մեջ»

Մոնթեի և Սեդայի սիրո պատմությունը

Հայաստանի և Արցախի Ազգային հերոսի կյանքը լի է եղել դժվարություններով. դեգերումների տարիներ, ազատազրկում, զրկանքներ, սակայն, իր իսկ խոսքերով, նա երկու սեր է ունեցել, որոնք միշտ առաջ են մղել իրեն` սերն առ Հայրենիք և սերը Սեդայի հանդեպ:

PanARMENIAN.Net - «Այո, դժվար էր, մենք դժվարին ուղի էինք ընտրել: Մենք հազվադեպ ենք միասին եղել, սակայն դա նշանակություն չունի: Ես երջանիկ եմ, որ ամուսինս Մոնթեն է, նրա նմանը չկա»,-ասել է Սեդան իր ամուսնու` Մոնթեի մասին:

Մոնթեն ու Սեդան ծանոթացել են Լիբանանում, երբ Սեդան 15 տարեկան էր, Մոնթեն` 21: Այդ ժամանակ Մոնթեն այլընտրանքի առջև էր` մնալ Լիբանանում, թե մեկնել Իրան: Նա որոշում է մնալ: Հանգամանքների բերումով Մոնթեն ապրում էր Սեդայի քրոջ տանը:

«Իսկ նոր տարուն եկան մեր տուն՝ հայկական Այնճար գյուղում: Ես գիտեի, որ մի ամերիկահայ տղա է ապրում քրոջս տանը, բայց չէի հանդիպել նրան. դուռը բացեցի ու այդ հայացքը հիշում եմ՝ մորուքը, փայլուն աչքերը երևացին ու նա լայն ժպտաց: Նրան ցույց էի տալիս մեր դպրոցը, գյուղը ու հասկացա, որ Մոնթեն սիրում է ինձ հետ զրուցել, նա էլ աստիճանաբար դարձավ մեր տան անդամի նման, երբ գալիս էր Այնճար, մնում էր մեր տանը: Բայց ոչինչ չէր ասում»,-հիշում է Սեդան:

«Մի անգամ դպրոցական էքսկուրսիայի էինք գնացել աղբյուրի մոտ՝ դասընկերներս, ուսուցիչները, ու եկավ Մոնթեն: Հիշում եմ՝ ես ջինսերով էի ու սպիտակ շապիկով, մազերս երկար: Եկավ Մոնթեն ու ես շտապեցի բարևել, անգամ ձեռքս պարզեցի, թե՝ «բարև, Մոնթե, ինչպե՞ս ես», բայց նա շատ արագ ինձ փոքրիկ համբույր տվեց շրթունքներիս: Ես երևի կարմրեցի, դե ամբողջ գյուղը այդտեղ էր, իմ դասընկերները... այլ բան չգտա, քան արդարանալ, թե Ամերիկայում այդպես է. տարիներ անց ինձ ասաց, որ մազերս այնպես էին փայլում, աչքերս էլ մեծ ու սև, որ չդիմացավ»,-պատմում է Սեդան:

Հետո Սեդան տեղափոխվում է Բեյրութ` մյուս քրոջ մոտ: Մոնթեն երբեմն այցելում էր նրան:

«Ես նկատում էի այդ խեթ հայացքը, բայց համոզում էի ինքս ինձ, որ ինձ սիրահարված չէ: Բայց մեր առաջին ժամադրությունն այդպես էլ չկայացավ. իմացավ, որ մի ֆիլմ է եկել, որն ուզում եմ դիտել ու ինքը շտապեց առաջարկել՝ մյուս շաբաթ, երբ գամ՝ կգնանք: Անգամ տոմսեր էր գնել, բայց այդպես էլ չեկավ: Իսկ մեկ շաբաթ անց ինձ ասացին, որ Մոնթեն անհետացել է: Այդպես էլ մեր պաշտոնական ժամադրությունը երբեք տեղի չունեցավ…»,-նշում է Սեդան:

Սեդան տարիներ շարունակ չգիտեր, թե որտեղ է Մոնթեն, մինչև որ թերթերը գրեցին, որ նա ձերբակալվել է Ֆրանսիայում, որ բանտում է:

«Հետո էլ իմացանք, որ նա ԱՍԱԼԱ-ի հետ կապեր ունի»,-հիշում է Սեդան:

Սեդայի պատմածներից հայտնի է, որ 1988-ի հունիսի 6-ին Մոնթեն գրել է, որ մարդիկ, որոնք պատրաստ են անհատույց ծառայել իրենց սկզբունքներին նույնիսկ ազատությունից զրկվելու գնով, լավ մարդիկ են:

«Այստեղ (բանտում` խմբ.) կյանքը հեշտ չէ, բայց ինչ-որ առումով հետաքրքիր է: Ես շատ-շատ չէի ուզի կրկին այստեղ հայտնվել, բայց, այնուամենայնիվ, այստեղ ես լավ ընկերներ գտա: Զարմանալի է, որ հաճախ հենց լավագույն մարդիկ են տարիներ անցկացնում այստեղ, իսկ տարբեր թափթփուկներն ազատության մեջ են մնում: Լավ մարդիկ չեն հանգստանում, մինչև որ չիրականացնեն իրենց սկզբունքները, նույնիսկ եթե թշնամիներն ավելի զորեղ են: Կոնկրետ գործողություններ ձեռնարկելով` նրանք ակամայից վտանգում են իրենց, և այսպիսի մի վայրում հայտնվելու հավանականությունն աճում է: Մենք շփվում ենք միմյանց հետ ու սովորում իրարից»,-գրել է Մոնթեն:

«Բոլորը գիտեն, որ Մոնթեն անհանգիստ մարդ էր, ավելի պահանջկոտ էր մերձավորների նկատմամբ: Իր անկաշառ բնավորության պատճառով միշտ շատ թշնամիներ ուներ: Հանուն ժողովրդի և ժողովրդի անունից գործելու անհրաժեշտությունը մեծ պատասխանատվություն էր և Մոնթեն ամեն վայրկյան գիտակցում էր այդ ծանր բեռը»,-նշում է Սեդան:

«…Դու երևի արդեն հասկացել ես, որ ես նախընտրում եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին ու համոզմունքներին, կատարել իմ աշխատանքը: Հավանաբար, քո համար նաև պարզ է, որ ես փորձում եմ այդ ամենը կիրառել հայ ազատագրական պայքարի շրջանակում կամ գոնե ի նպաստ հայության, իմ պատկերացմամբ: (Ասեմ, որ ես միշտ փորձել եմ գիտական տեսակետից մոտենալ այդ հարցին և վստահ եմ, որ եթե իմ մոտեցումը 100 տոկոսով ճիշտ էլ չէ, ապա գոնե անկեղծ է ու իրատեսկան):

Բայց զարգանալու, անցյալի սխալներից դասեր քաղելու կարիք միշտ կա: Հարկավոր է, հաշվի առնելով ներկա իրավիճակը, քայլեր ձեռնարկել ապագան կառուցելու համար: Եթե այդ գործողություններն արվում են հանուն ժողովրդի կամ ազգի և պահանջում են, որ ժողովրդի նվիրյալները, հայրենասերներն ամեն օր մահվան հետ գործ ունենան, նշանակում է` նա, ով այս կամ այն ձևով հիմնական դերակատարություն ունի, հսկայական պատասխանատվություն է կրում:

Ոչ ոք անմիտ արարքների իրավունք չունի, ոչ ոք իրավունք չունի տուրք տալու իր զգացմունքներին, իրավունք չունի սխալ (բայց «անկեղծ») հաշվարկներ անել: Ոչ ոք իրավունք չունի լինել անզգույշ ու անխոհեմ: Իրողությանը հակառակ` մեր ժողովրդի անունից, մեր պայքարի անվան տակ և անսահման նվիրված ընկերների արյան գնով վերջին տարիներին կատարվում են անմարդկային, վնասակար և իրոք հիմար արարքներ: Չեմ կարծում, որ պետք է օրինակներ բերեմ»,-գրել է Մոնթեն 1983-ի օգոստոսի 25-ին:

Պահպանվել է Սեդային նվիրված բանաստեղծությունը, որը Մոնթեն գրել է բանտում: Այն թվագրված է 1988թ.

Ամեն կողմ՝ պատ ու արգելք,

Ամեն կողմ՝ տխուր ու մութ,

Ամեն կողմ՝ պաղ ու թշնամի,

Բայց գտած եմ բացություն ու լույս,

Գտած եմ ուրախություն ու հույս,

Գտած եմ՝ քու հիշատակիդ մեջ:

«Ամենադժվարին օրերը Մոնթեի համար 1983-ին էին, երբ փլուզվեց ԱՍԱԼԱ-ն: Նա հեռաձայնելու հնարավորություն էր գտել. ասաց, որ սիրում է…և նորից կորավ: Նա ինձ կարգադրեց, որ նույնիսկ չփորձեմ գտնել իրեն, ասաց, որ ինքը ինձ կգտնի: Տարիներ անց ես հարցրեցի նրան, թե ինչու հեռաձայնեց և սեր խոստովանեց: Նա ասաց, որ 95 տոկոսով վստահ էր, որ սպանվելու է և մահից առաջ ուզում էր, որ ես իմանամ. որ ես միակ մարդն եմ, որի հանդեպ նա այդպիսի զգացմունք էր տածում»,-հիշում է Սեդան:

Երկար ժամանակ Սեդան տեղեկություն չուներ Մոնթեի մասին, իսկ հետո արդեն առիթ եղավ այցելելու նրան բանտում:

1985-ի նոյեմբերին Մոնթե Մելքոնյանը ձերբակալվեց Փարիզում և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման ապօրինի զենք կրելու և կեղծ փաստաթղթերի համար: 1989-ի սկզբին նրան ազատ արձակեցին և արտաքսեցին Հարավային Եմեն, ուր նա մեկնեց արդեն Սեդայի հետ:

Մոնթեն ու Սեդան արդեն ամուսնացած էին համարում իրենց: «Փաստաթղթերը նշանակություն չունեին մեզ համար»,-ասել է Սեդան:

1990-ի հոկտեմբերի 6-ին Մոնթեն ժամանեց Երևան: Սեդայի հետ հանրակացարանում էին ապրում: Մոնթեն դեռ բանտում էր ծրագրել հարսանիքը: Ըստ Սեդայի, նա տարված էր այդ մտքով, «անընդհատ այդ մասին էր խոսում»:

1991-ի օգոստոսի 3-ին Մոնթեն ու Սեդան պսակադրվեցին Գեղարդում:

Մի անգամ Մոնթեին հարցնում են, թե ինչու երեխաներ չունի: Մոնթեն պատասխանում է. «Ժամանակ չկա»:

1991-ին Մոնթեն ու Սեդան մեկնում են Ղարաբաղ, ուր ժամանելուն պես Մոնթեն սկսում է մասնակցել Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ ու Էրքեջ գյուղերի համար մղվող մարտերին: Շուտով նա նշանակվում է Կոռնիձորի ջոկատի շտաբի պետ:

1992-ի ամռանն ադրբեջանական բանակը, ձգտելով գրավել Մաճկալաշեն գյուղը և այնտեղից ուղղություն վերցնել դեպի Շուշի, հանդիպում է Մոնթեի ջոկատին: Կասեցնելով հակառակորդին` Մոնթե Մելքոնյանը դրանով իսկ ապահովեց Արցախի անվտանգությունը հարավից:

Գլխավորելով Մարտունու պաշտպանական շրջանը` ամբողջ հաջորդ տարվա ընթացքում Մոնթեն ու իր զինվորները հաջողությամբ պաշտպանում են այն:Հետո նա մասնակցել է Քելբաջարի գործողությանը, Մարտակերի ու Ասկերանի շրջանների մարտերին:

Սեդան հիշում է, որ Մոնթեի համար հեշտ չէր Ղարաբաղում:

«Ղարաբաղում ամեն ինչ շատ բարդ էր. նրա դեմ էին և որոշ ներքին խմբեր, և արտաքին ուժերը: Նրան շատ հեշտ էր խաբել, որպես մտավորականի, և միաժամանակ շատ պարզամիտ մարդու, ինչից շատերն էին օգտվում: Պարզամտությունը մաքրության մյուս կողմն է: Երիտասարդ տարիներին պարզամտությունն ավելի շատ էր, ժամանակի հետ կյանքի փորձն ու փորձություններն ավելի հասուն դարձրին նրան»,-ասում է Սեդան:

Մոնթեն մասնակցել է Արցախի բոլոր շրջանների պաշտպանական և ազատագրական կռիվներին` համաժողովրդական սեր ու հարգանք վայելելով: Նա ասել է. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) այսպես է բնութագրում հերոսին. «Մոնթեն (Ավո) լավագույն առաջնորդներից էր, որն իր ազդեցության շնորհիվ կարողացավ միավորել Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը պաշտպանող հրամանատարներին»:

Ըստ Տեր-Թադևոսյանի, Մոնթե Մելքոնյանի համար չկար «նահանջ» բառը. «Այնտեղ, որտեղ պաշտպանվելու խնդիր էր դրված, Մոնթեի ղեկավարած ջոկատներին հաջողվում էր ոչ միայն պաշտպանել, այլ նաև ազատագրել տարածքը: Նա հուսալի հրամանատար էր, որին վստահում էին զինվորները: Նա ռազմավարություն էր մշակում անհրաժեշտ քանակի զենքի բացակայության պայմաններում, և դա նրան հաջողվում էր, քանի որ նրա ռազմավարությունը մարտերում էր ձևավորվել»:

Մոնթեն սպանվել է 1993 թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

«Արցախն իմ առաջին հաղթանակն է, բայց ոչ վերջինը»,-ասում էր Մոնթեն: Սեդային հասցեագրված նամակներում նա գրել է, որ իր կյանքում երկու սեր կա, որոնք անբաժան են` սերն առ Հայրենիք և սերը Սեդայի հանդեպ, մի աղջկա, որն, ինչպես և ինքը, չի ծնվել Հայաստանում, բայց Հայաստանն է համարում իր տունը:

«Երբեմն Հայաստանն այնպիսի զգացմունքներ է ինձ ներշնչում, որոնք ես ոչ մի այլ տեղ չեմ զգում: Մենք եկանք Բերձորի դաշտ` շուրջբոլորը կակաչներ էին, իջնող երեկոն անձրևով էր շնչում: Սրտներս լցվեց: Երևի այդպիսի զգացողություն ես միայն Մոնթեին տեսնելիս էի ունեցել»,-տարիներ անց հիշել է Սեդան:

Այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Մոնթեն հիմա ողջ լիներ, որտեղ կլիներ, Սեդան պատասխանել է. «Նա չէր կարող ողջ մնալ»: «Մոնթեն այստեղ է: Ես զգում եմ նրան»,-միևնույն ժամանակ ասում է նա:

Այժմ Սեդան ապրում է ԱՄՆ-ում, նա ամուսնացել է երկրորդ անգամ` Մոնթեի ընկերոջ հետ: Որդի ունի` Սարո-Մոնթեն:

«Ես չեմ ամուսնացել իռլանդական ծագումով մի ամերիկացու հետ, այլ ամուսնացել եմ Մոնթեի ընկերոջ հետ: Ու ինձ թվում է, որ եթե ինքն էլ նույն տեսակի կապ ու կարոտ չունենար Մոնթեի նկատմամբ, ապա մենք երբեք չէինք կարողանա իրար կողքի կանգնել: Եվ դա ինքն էլ է ընդունում: Իսկ մեր որդին դա պարգև էր ինձ, հավանական է, որ Մոնթեից: Որդիս շատ լավ գիտի Մոնթեն ով է և ինձ ասում է՝ մամ, այնքա՜ն կուզեի իրեն հանդիպել»,-ասել է Սեդան:

ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման բացառիկ ծառայությունների, դրսևորված քաջության և անձնական խիզախության համար հետմահու արժանացել է ԼՂՀ-ի «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, դառնալով «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ:

Մոնթե Մելքոնյանը հուղարկավորվել է Երևանի «Եռաբլուր» պանթեոնում:

Հասմիկ Վանցյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---