// IP Marketing video - START// IP Marketing video - END
Խոսող շապիկներ

Խոսող շապիկներ (վիդեո)

ՀՀ երկու սուպերուժի՝ տեքստիլի և ՏՏ-ի համադրությունը

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան ARLOOPA ընկերությունն ու հայկական Shabeeg հագուստի բրենդը համատեղ առաջին անգամ Հայաստանում թողարկել են AR (անգլ. Augmented Reality, «համալրված իրականություն») շապիկ` անիմացիայով և կրթական բովանդակությամբ: Ինտերակտիվ շապիկի վրա Արտաշես II արքայի պատկերը ոչ միայն գեղեցիկ և նորաձև է նայվում, այլև ARLOOPA հավելվածի օգնությամբ «զարթնում է բազմադարյա քնից»՝ շարժվելով և պատմելով Արտաշեսյանների արքայատոհմի վերջին հզոր ներկայացուցչի պատմությունը:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը խոսել է թե՛ նորաձև շապիկների բրենդի, թե՛ հայկական AR և VR-ով զբաղվող ընկերության հիմնադիրների հետ՝ պարզելով գաղափարի ստեղծման և իրականացման մանրամասները:

Shabeeg բրենդի հիմնադիր Մերի Սուքիասյանը պատմեց, որ Հայաստանում տեքստիլը շատ որակյալ է, և այժմ նրանք աշխատում են նաև դիզայնը միջազգային չափանիշներին հասցնելու ուղղությամբ:

«Միշտ մտածել ենք միավորել Հայաստանի երկու սուպերուժերը՝ տեքստիլն ու տեխնոլոգիաները: Եվ երբ ARLOOPA-ից պատահական տեսան մեր շապիկները, գաղափարը երկուսիս մոտ էլ միանգամից առաջացավ: «Ինտերակտիվ» շապիկներն արվեցին մեր ունեցած դիզայնի վրա, հատուկ հավաքածու չենք ստեղծել: Դեռ մեկ շապիկ է՝ Արտաշես 2-րդ արքայի պատկերով, բայց շուտով նաև թագուհու պատկերով «խոսող» շապիկ կունենանք»,- ասաց Shabeeg-ի հիմնադիրը:

Ըստ Մերի Սուքիասյանի՝ շուտով կունենան նաև նոր հավաքածու՝ հայկական գեղագրությամբ:

«1-2 շաբաթից նոր հավաքածու կլինի՝ հայկական գեղագրությամբ, դրանցից նույնպես 1-2 նմուշ AR կանենք»,- հավելեց նա:

Մերիի խոսքերով՝ Shabeeg բրենդը փորձում է ներկայացնել հայկական պատմամշակութային արժեքները բոլորին հասանելի տարբերակով` գրաֆիկական հետաքրքիր և մոդեռն լուծումներով, օգտագործելով շապիկը որպես վիզուալիզացիայի կրիչ: Շապիկների դիզայնով զբաղվում է իլյուստրատորների թիմ, արդեն կա մոտ 50 մոդել, աշխատում են 3 նոր ուղղությունների վրա, որոնք շուտով կհամալրեն տեսականին: Shabeeg-ը նկարազարդվում և պատրաստվում է բացառապես Հայաստանում, հպարտությամբ նշում է բրենդի հիմնադիրը: Հայ թագավորների և թագուհիների՝ Արշակունիների, Բագրատունիների, Հեթումյանների պատկերներով շապիկները նաև հանրությանը, երիտասարդներին, սփյուռքի հայությանը, ինչպես նաև այլազգի զբոսաշրջիկներին կրթելու, հայոց պատմությանը մոտ դարձնելու նպատակ են հետապնդում:

«Այս պահին հիմնականում Հայաստանում ենք վաճառում, բայց ունենք նաև առցանց վաճառքի հնարավորություն և արտերկրացի հաճախորդներ»,- հավելեց Մերին:

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան ARLOOPA ընկերության համահիմնադիր և ղեկավար Արման Աթոյանի խոսքերով՝ միշտ փորձել են տարբեր ոլորտներում, տարբեր նախագծերի շրջանակներում կիրառել VR և AR տեխնոլոգիաները՝ ժամացույցներ, այցեքարտեր, ամսագրեր և այլն:

«AR շապիկների միտքը վաղուց կար: «Նյու Յորքեր» բրենդի համար էինք սարքել փորձնական տարբերակ նրանց շապիկներից մեկի վրա: Իսկ հետո ես տեսա Shabeeg բրենդի շապիկները, որոնք շատ դուրս եկան՝ նախշերը, հայկական ոճը, ընդհանուր կոնցեպտը շատ համահունչ էր մեր մտածածի հետ: Պատմեցինք նրանց, որ ունենք այդպիսի գաղափար, նրանց էլ դա հետաքրքրեց»,- նշեց ARLOOPA-ի համահիմնադիրը:

Նա նույնպես հաստատեց, որ կլինեն նաև այլ AR շապիկներ Shabeeg բրենդի հետ համատեղ:

«Ընդհանրապես կփորձենք հայկական տեքստիլ արտադրանքը հարստացնել ժամանակակից տեխնոլոգիաներով, շատ հետաքրքիր կարող է ստացվել: Այդ դեպքում մենք աշխարհին կարող ենք այլ կերպ ներկայանալ՝ ոչ թե ստանդարտ տեքստիլ արտադրանքով, այլ նաև տեխնոլոգիապես հագեցած: Կհամագործակցենք նաև այլ հագուստ արտադրող ընկերությունների հետ, որպեսզի ունենանք միջազգային շուկայում տարբերվող և մրցունակ արտադրանք»,- պատմեց Աթոյանը:

Ըստ նրա՝ դա նաև հնարավորություն կընձեռի այդ տարբերակով ներկայացնել աշխարհին մեր հարուստ մշակույթը, հին զարդանախշերը, պատմությունը:

«Այդպիսով կարող ենք նաև կրթել երիտասարդներին»,- հավելեց Աթոյանը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
 Ուշադրության կենտրոնում
Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն

 Բաժնի այլ նյութերը
Հայ պատանիները կոդ կգրեն ՆԱՍԱ-ի համար ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս