// IP Marketing video - START// IP Marketing video - END
Նեյրոմարքեթինգը հասավ Հայաստան

Նեյրոմարքեթինգը հասավ Հայաստան

Մեծ համաժողով է սպասվում

Ամեն անգամ, երբ վերադառնում ես տուն բազմաթիվ գնումներով և պարզվում է, որ դրանց մի մասն այդքան էլ անհրաժեշտ չէր քեզ, հասկանում ես, որ մի քանի որոշումներ կայացրել ես անգիտակցաբար: Ի՞նչը քեզ ստիպեց անել այդ գնումները, արդյո՞ք դու ես կատարել այդ որոշումները: Ո՛չ, քո փոխարեն որոշել են մարքեթինգի մասնագետները:

PanARMENIAN.Net - Մարքեթինգը հզոր «զենք» է, առանց որի այսօր դժվար է պատկերացնել արտադրանքի և ծառայությունների առաջխաղացումը շուկայում: Վերջին տասնամյակներում անընդհատ զարգացող մարքեթինգը կարողանում է ներթափանցել մեր ենթագիտակցություն` այնտեղ, ուր մենք ինքներս չենք կարողանում հասնել: Այսօր այն առավել չափելի է, և կարելի է ստեղծել պրոդուկտ, որի հաջողությունն անխուսափելի է:

Խոսքը նեյրոմարքեթինգի մասին է: Տերմինի հեղինակ Էյլ Սմիդթսի կարծիքով՝ նեյրոմարքեթինգը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ գնորդի ենթագիտակցական պահանջմունքները և, գնահատելով գլխուղեղի նեյրոնների արձագանքը, ստեղծել մարքեթինգային կրիչներ, որոնք կվաճառեն պրոդուկտը «սպառողի ենթագիտակցությանը»: Այն հնարավորություն է տալիս որոշել գնորդի վերաբերմունքը պրոդուկտի նկատմամբ նույնիսկ մինչև ինքը կգիտակցի այն: Մարքեթինգի այս համեմատաբար նոր մոտեցումը, որն արդեն գրավել է աշխարհը, հասել է նաև Հայաստան:

PanARMENIAN.Net ը զրուցել է Հայաստանում և տարածաշրջանում նեյրոմարքեթինգի առաջամարտիկ, «Նեյրոհաբ բիզնես ակադեմիա» ընկերության հիմնադիր Անի Կյուրեղյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում նեյրոմարքեթինգը մեր երկրում, և բացահայտելու դրա հետագա զարգացումները:

Անի Կյուրեղյանը

Նեյրոմարքեթինգը՝ Հայաստանում

«Նեյրոհաբը» ծնվել է 2016-ին՝ ռեբրենդինգի արդյունքում, երբ հասկացա, որ ցանկանում եմ մեր շուկային ներկայացնել այս նոր մոտեցումը: Չէ՞ որ այն ամենապոպուլյարն է եվրոպական երկրներում, որտեղ գրեթե բոլոր մեծ ընկերությունները կիրառում են այն:

«Նեյրոհաբը» կրթական ծրագրերի միջոցով փորձում է վերապատրաստել մասնագետներ, ովքեր կկարողանան կիրառել նեյրոմարքեթինգի գործիքակազմը իրենց ընկերությունների մարքեթինգային ռազմավարության մեջ:

Հիմնականում ընկերությունները դիմում են նեյրոմարքեթինգով զբաղվող լաբորատորիաներին, բայց երբեմն խոշոր ընկերություններն ունենում են սեփական լաբորատորիաներ: Օրինակ՝ Coca Cola-ն ունի սեփականը, որտեղ նեյրովիզուալիզացիայի մեթոդով պարզում են, թե որ գովազդային հոլովակները և անգամ որ առանձին կադրերն ինչպես են ազդում մարդկանց վրա:

Ի՞նչն է գրավում նեյրոմարքեթինգում

Այն, որ դրա օգնությամբ կարելի է ստեղծել «գլոբալ պրոդուկտ» և լուծել մեր շուկայի փոքրության խնդիրը: Ստեղծել մի բան, որի հաջողությունը չափելի է, գրեթե անքննելի:

Ուղղվածությունը մեզ մոտ նոր է, ՀՀ-ում քչերն են գործնականում ծանոթ նեյրոմարքեթինգի կիրառությանը, բայց ես համարում եմ, որ պետք չէ խուսափել նորից: Անկախ նրանից, որ մեր շուկան փոքր է, մենք էլ կարող ենք օգտվել նորագույն մարքեթինգային գործիքներից և առնվազն իրավունք ունենք իմանալու, թե ինչպես են աշխատում աշխարհում:

Lays չիփսերն արտադրող Frito Lay ընկերությունը նեյրոմարքեթինգային հետազոտությամբ պարզել է, որ բնական գույների և օգտակար սննդի նկարների օգտագործումը չի մոտիվացնում գնորդին, ուստի սկսել է չիփսերի տուփերը նկարազարդել վառ գույներով և պատկերել դրանց վրա ախորժելի տեսք ունեցող չիփսեր: Ընկերությունը նաև պարզել է, որ 30 վայրկյանանոց հոլովակներն ավելի էֆեկտիվ են, քան 60 վայրկյան տևողություն ունեցողները:

Ստեղծել ՀՀ-ում, վաճառել Գերմանիայում

Նեյրոմարքեթինգը մի մանիպուլյատիվ գործիք է, որն ազդում է մարդու ենթագիտակցական որոշման վրա և հնարավորություն է տալիս ստեղծել արտադրանքը մի վայրում, վաճառել՝ լրիվ այլ տեղ: Օրինակ, Հայաստանում կարելի է ստեղծել արտադրանք Գերմանիայի շուկայի համար՝ առանց երկրից դուրս գալու:

Ուսումնասիրելով գնորդի գլխուղեղի նեյրոնների արձագանքը, նեյրոմարքեթոլոգները մշակում են այնպիսի պրոդուկտ, որն իր գույնով, ձևով, ոճով, տեսքով և կիրառությամբ կգրավի գերմանացու ենթագիտակցական ուշադրությունը խանութում և կբարձրացնի վաճառվելու հնարավորությունը: Այն հնարավորություն է տալիս ստեղծել նկատելի պրոդուկտ, գրավում է գնորդի ուշադրությունը և երկարաժամկետ կապ ստեղծում բրենդի և սպառողի միջև:

Mercedes-Benz Daimler ընկերությունը նույնպես դիմել է նեյրոմարքեթինգի օգնությանը: Ընկերության այն հայտնի գովազդային արշավը, որտեղ ավտոմեքենայի դիմային մասը նմանվում է մարդկանց դեմքերի, դրական արձագանքի էր արժանացել: Ըստ մասնագետների գնահատականների՝ գովազդն ազդել էր մարդկանց ուղեղում հաճույքի համար պատասխանատու հատվածի վրա, որի արդյունքում ընկերության վաճառքի ծավալները աճել էին 12%-ով:

Նեյրոմարքեթինգի մեծ համաժողով՝ Հայաստանում. նորը, թարմը, չկրկնվողը

Այս տարի արդեն երկրորդ անգամ Հայաստանում կանցկացվի նեյրոմարքեթինգի մեծ միջազգային համաժողով, որի ընթացքում ոլորտի առաջատար իմ կոլեգաները, ովքեր իրենց երկրներում գլխավորում են նեյրոընկերություններ, զբաղվում են լուրջ հետազոտություններով և ունեն մեծ փորձ, իմ հրավերով կժամանեն Երևան և ելույթ կունենան Միջազգային նեյրոմարքեթինգ համաժողովում, որի այս տարվա թեման է «Նեյրոառաջնորդությունը»: Նախորդ տարի մեր համաժողովը նվիրված էր նեյրոբրենդինգ թեմային, այս տարվանը՝ մարդկային ռեսուրսների կառավարմանը և առաջնորդությանը: Այն է՝ ինչպես կիրառելով նեյրոտակտիկաներ, հասնել առավել արդյունավետության:

Համաժողովը տեղի կունենա ապրիլի 6-ին, կունենանք 4 խոսնակ, որից 3-ը՝ միջազգային՝ Ալեքսիա Դե Լա Մորենան Իսպանիայից, Բերթ Օհնմյուլլերը Գերմանիայից և Օմիդ Ասգարին Պորտուգալիայից, իսկ 4-րդը Հայաստանից՝ Էլիտա Քարամյանը: Ուզում եմ նշել, որ սա հիանալի հնարավորություն է թե՛ մասնագետների, թե՛ ուսանողների և թե՛ սկսնակների համար ձեռք բերելու շատ պրակտիկ գիտելիքներ, որոնք հենց հաջորդ օրը կարելի է կիրառել գործնականում: Ես ինքս, երբ սովորում էի, նույնիսկ երազել չէի կարող նման մասշտաբի իրադարձության մասին, դա անիրականանալի էր թվում ինձ:

Այս համաժողովը մեծ կարևորություն է ներկայացնում ոչ միայն Հայաստանի համար, այլև ողջ տարածաշրջանի, քանի որ այն հնարավորություն է տալիս տեղում ծանոթանալու ոլորտի նորագույն և ամենաարդյունավետ գործիքներին ու հետազոտություններին՝ առանց սպասելու մինչև դրանք մի տեղ կհավաքագրվեն, կդառնան գիրք և հետո պատմություն:

Նեյրոմարքեթինգում կարևորություն է տրվում մարդու զգայարաններին: Այդ պատճառով է, որ, օրինակ, ավելի էժան և քիչ որակյալ ապրանք վաճառող խանութներում երբեմն թույլ չեն տալիս շոշափել այդ ապրանքը, փոխարենը ուշադրություն գրավում բարձր երաժշտությամբ, վառ դեկորով: Իսկ որակյալ պրոդուկտի դեպքում վաճառողն այնպես է անում, որ գնորդը կարողանա շոշափել այն, զգալ որակը, հիշել այդ զգացողությունը: Այդպես են վարվում, օրինակ, կաշվե և մորթյա իրերի խանութներում: Դուք կարող եք շոշափել այդ իրերը, զգալ կաշվի բույրը, ուղեղում այդ պահին ակամայից զարթնում է նշված պրոդուկտին տիրանալու ցանկությունը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Որքան են ստանում չինովնիկները տարբեր երկրներում
Վրացական ռեֆորմների կնքահայրն արդարություն փնտրելու մասին
Քանի հոգի է աշխատում 1 թոշակառուի թոշակի համար
Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան
 Ուշադրության կենտրոնում
Երևանի ամենաբարձրահարկ՝ 32 հարկանի շենքը կշահագործվի 2021-ից (Լուսանկարներ)

Երևանի ամենաբարձրահարկ՝ 32 հարկանի շենքը կշահագործվի 2021-ից (Լուսանկարներ) Ավանում կառուցվելու է մանկապարտեզ, մարզահամալիր, առևտրի և սպասարկման կենտրոն, կինոթատրոն

 Բաժնի այլ նյութերը
Զգույշ քշիր Հայաստանում Հակառեկորդ՝ ՃՏՊ-ների ու զոհերի թվով