Մարկիզ դե Չարբախ

Մարկիզ դե Չարբախ

Ֆրունզիկի ու Ազատ Շերենցի ընկերության պատմությունը

Մհեր Մկրտչյանի 90-ամյակի առթիվ նրա կյանքին անդրադառնալով, չէինք կարող չպատմել հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից մեկի՝ Ազատ Շերենցի հետ ընկերության մասին: Գյումրիում գտնվող Մհեր Մկրտչյանի թանգարանում բազմաթիվ կոլաժներ կան՝ նվիրված Շերենցին, որոնք սարքել է ինքը՝ Ֆրունզիկը: Դրանցում դերասանն ընկերոջն անվանում էր «маркиз де Чарбах» (մարկիզ դե Չարբախ):

PanARMENIAN.Net - Չնայած 17 տարվա տարիքային տարբերությանը, հայ երկու մեծ դերասաններ Մկրտչյանն ու Շերենցը մտերիմ ընկերներ էին: Նրանց ընկերությունը սկսվել է դեռ 1940-ականներին Գյումրիում, երբ Ֆրունզիկն առաջին անգամ մտավ թատրոնի դրամատիկական ստուդիա:

Նրան առաջիններից Ազատ Շերենցը նկատեց, ով արդեն խաղում էր վարպետների թատրոնում: Քննությունից անմիջապես հետո Շերենցը երիտասարդ ստուդիականին առաջարկեց գարեջուր խմել թատրոնի դիմաց գտնվող գարեջրի կրպակում, որի մշտական հաճախորդն էր:

Ֆրունզիկի հետ մոտենալով կրպակին` Շերենցը կարգադրեց. «Գուգո´, մեզ երկու հատ», ապա վերցրեց գավաթները, գնաց դեպի կողքի նստարանը և հրավիրեց երիտասարդ ընկերոջը: Շուտով Ֆրունզիկը զգաց, որ գլուխը պտտվում է՝ առավոտից ոչինչ չէր կերել: Շերենցը հասկացավ, թե ինչ է կատարվում, և, մոտենալով կրպակավարին, թիթեղյա ափսեի մեջ դրված մի ձուկ ու մի կտոր հաց բերեց, պարտադրեց, որ ուտի: Հենց այսպես ծնվեց նրանց մեծ ընկերությունը:

Դասերից ու փորձերից հետո Շերենցը նստում էր թատրոնի դիմացի նստարանին և սպասում ընկերոջը: Միասին գնում էին Ազգուշի հայտնի հացի խանութը, որտեղ երկուսին տաք-տաք մատնաքաշով էին հյուրասիրում, հետո մի հաց փաթաթում և դնում Շերենցի թևատակին, որ տուն տանի: Հաճախակի միասին գնում էին Շերենցի տուն, որտեղ նրանց դիմավորում էր վերջինիս կինը` Քնարիկ Երանոսյանը: Ներկայացումներից հետո ևս հաճախ գալիս էին այստեղ, Ֆրունզիկը հաճախակի մնում էր գիշերելու, որովհետև Քնարիկը միշտ համեղ մրգանուշներով թեյ էր հյուրասիրում:

«Լենինականի իմ շրջանում ես էլի մի քանի անգամ տեսա Աճեմյանին,երբ գալիս էր ներկայացում ընդունելու։ Ես բոլորի նման աշխատում էի հայտնվել նրա կողքին՝ տեսնելու, լսելու նրան։ Ամեն անգամ նա հանկարծ շուռ էր գալիս իմ կողմը ու. «Օ, դու դեռ էստեղ ես»։ «Հապա էլ ուր պիտի լինեի»,- զայրանում էի ես և ինձ հետ՝ բոլորը։ «Երևանում,էլ ո՞ւր»։ Ծիծաղում էինք…. 1953-ին ավելի խիստ էր. «Դու ի՞նչ գործ ունես այստեղ։ Անմիջապես Երևան։ Հանճարեղ տղա ես…» Ու նույն թվին ես հայտնվեցի Երևանի թատերական ինստիտուտում՝ ընդունող հանձնաժողովի առջև։ Չգիտեմ ինչու՝ բոլորը զարմացած նայեցին ինձ,իսկ հանձնաժողովի անդամներից մեկը բազմիմաստ նայեց դռան կողմը եւ ասաց. «Հաջորդը»… Բայց հաջորդը ես էի։

«Քեզ ո՞վ է ուղարկել»,- զարմացած հարցրեց մեկը։ «Շերենցը»,- չգիտեմ ինչու վստահ պատասխանեցի ես։ «Ո՞վ, Շերե՞նցը»,- զարմանքը հասնում էր գագաթնակետին… «Ուրեմն դու ուզում ես դերասա՞ն դառնալ»,- հարցրեց մյուսը։ «Այո»,- հազիվ կարողացա ասել։ Սեղանի մոտ նստած գեղեցիկ, վառվռուն կինը այնպես շիկնեց, ասես անպատշաճ ինչ-որ բան լսեց։ Նա թեքվեց եւ ինչ-որ բան շշնջաց հարեւանի ականջին։ «Իսկ ի՞նչ կարող ես խաղալ մեզ համար»։ «Խլեստակով։ Մեկ հատ աթոռ կուտա՞ք, որ խաղամ»։ Աթոռը տվեցին, խաղացի Գոգոլի «Ռևիզորը» պիեսի «Պուշկինի հետ մտերիմ եմ…» տեսարանը… Ընդունեցի՞ն… Ընդունեցին միանգամից երկրորդ կուրս… Երկար տարիներ աշխատում էի թատրոնում, երբ մի օր թույլ տվեցի ինձ բավարարել վաղեմի հետաքրքրությունս: Ես մոտեցա Հայկուհի Գարագաշին և հարցրեցի, թե ինչ շշնջաց նա իր հարևանի ականջին քննության ժամանակ։ «Մենակ չնեղանաս։ Ես ասացի՝ էս տղեն իրան հայելու մեջ չի տեսե՞լ»։

Շուտով Մկրտչյանը տեղափոխվեց Երևան և ընդունվեց Սունդուկյանի թատրոն ու Թատերական ինստիտուտ: Շերենցը գիտեր, որ ընկերը լավ չի ապրում, որ հանրակացարանում երբեմն սոված է քնում... Երբեմն-երբեմն Քնարիկը մեծ պայուսակի մեջ շարում էր մրգանուշներ, տաք հաց, թխվածք ու Շերենցի հետ ճանապարհում Երևան: Մկրտչյանը պատմում էր՝ երբեմն դուրս էր գալիս ինստիտուտից, տեսնում հնամաշ ճամպրուկով Շերենցին, ով խեղճ-խեղճ հայացքով նայում էր իրեն, ապա գրկում, համբուրում...

Որոշ ժամանակ անց Մհերը նշանավոր անուն դարձավ, սկսեց նկարահանվել ոչ միայն հայկական, այլև ռուսական ֆիլմերում, այն ժամանակների համար անհավանական հոնորարներ ստանալ: Հիմա արդեն ընկերոջն օգնելու իր հերթն էր: Նա հաճախ գնում էր Լենինական, իր հետ տանում այն ամենը, ինչը չկար այնտեղ... Նստում էին Շերենցի տան հյուրասենյակում և մինչև լույս զրուցում:

1960-ականների վերջերին Քնարիկ Երանոսյանը Հայաստանի երգչախմբային ընկերությունում աշխատելու հրավեր ստացավ, Շերենցի հետ տեղափոխվեցին Երևան: Ֆրունզիկն ուրախ էր, որ ընկերն արդեն ամեն օր իր կողքին է, բայց նա ցավ էր ապրում` տեսնելով, թե ինչպես էր ընկերն առանց թատրոնի հալումաշ լինում: Աճեմյանը հրաժարվեց նրան ընդունել Սունդուկյանի անվան թատրոն` վախենալով, որ հերթական անգամ իրեն կմեղադրեն այն գյումրեցիներով «լցնելու» մեջ:

Զավեն Տատինցյանը Շերենցին առաջարկեց աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում, բայց նա մերժեց: 1969-ին սկսվեցին «Չախ-չախ թագավորը» ֆիլմի վրա աշխատանքները: Մի օր Շերենցը Մհերի, Լևոն Ներսիսյանի, Հովհաննես Շիրազի, Վաղինակ Մարգունու, Նշան Մուրադյանի և Հովհաննես Ավագյանի հետ նստած էր «Երևան» հյուրանոցի բացօթյա սրճարանում, երբ նրանց մոտեցավ կինոբեմադրիչ Էռնեստ Մարտիրոսյանը, ով պիտի սկսեր նկարահանումները: Նայեց Ազատին, ապա Մհեր Մկրտչյանին հարցրեց, թե ով է այդ ինքնատիպ արտաքինով մարդը: Մհերն ասաց. «Կարող ես հրավիրել քեզ մոտ նկարահանվելու, մաքրամաքուր դերասան է, անկեղծ, անխառը... Շերենցի տեսակը մեր կինոյում չկա»: Մի քանի օրից նա հաստատվեց Ջրաղացպան-թագավորի դերում:

Տարիներ անց Ֆրունզիկի նախաձեռնությամբ Շերենցը նկարահանվեց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում: Չնայած Հրանտ Մաթևոսյանն այնքան էլ գոհ չէր ֆիլմից, նա միշտ առանձնացնում էր Շերենցին՝ բարձր գնահատելով դերասանական խաղը:

Երկու ընկերներին, իհարկե, նաև բազմաթիվ զվարճալի պատմություններ են կապում: Օրինակ՝ Շերենցը մեղր շատ էր սիրում, և մի օր չարաշահել էր այն, սկսել իրեն վատ զգալ: Մհեր Մկրտչյանն առաջարկել է ամեն ինչ անել՝ արագ վերականգնվելու համար, կատակելով, թե եթե հայտնի դառնա ինչից է մահացել, շատ ամոթ կլինի։

1993-ի դեկտեմբերի 25-ին Շերենցը մահացավ: Մհեր Մկրտչյանը զանգել ու ասել էր, որ իրեն լավ չի զգում ու ներկա կլինի միայն հուղարկավորությանը: Դեկտեմբերի 28-ին՝ լավագույն ընկերոջ թաղման օրը վարպետն այնքան վատ էր, որ չկարողացավ անգամ հուղարկավորությանը մասնակցել: Հաջորդ օրը Ֆրունզիկը վախճանվեց...

Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---