6  13.12.12 - Նկարիչ Կամո Նիգարյանի աշխատանքների ցուցահանդեսը
Կամո Նիգարյանին հիշելով. Ես կարող եմ անել միայն այն, ինչի տակ ես կստորագրեմ

Կամո Նիգարյանին հիշելով. Ես կարող եմ անել միայն այն, ինչի տակ ես կստորագրեմ

Կամո Նիգարյանը դիզայնով էր զբաղվում մի ժամանակ, երբ «դիզայն» բառն անգամ դեռևս օտար էր Հայաստանի համար

Դեկտեմբերի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Կամո Նիգարյանի անհատական ցուցահանդեսը: Արվեստագետի նախկինում երբևէ չցուցադրված աշխատանքները ներկայացնող ցուցահանդեսը կրում է «Նախակերպեր» «Protoforms» խորագիրը: Ներկայացված են Կամո Նիգարյանի 1980-2011թթ. ստեղծված վերացական գեղանկարչական աշխատանքները: Ցուցահանդեսի համադրողն ու պատկերագրքի հայեցակարգի հեղինակը Սիդնեյի համալսարանի դոկտորանտ, արվեստաբան Վիգեն Գալստյանն է: Կազմակերպման նախաձեռնությունը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի և Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանինն է` Կամո Նիգարյանի այրի Մարինե Հարոյանի հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 25-ը:

PanARMENIAN.Net - Վիգեն Գալստյան

Սա նկարչի թվով 4-րդ անհատական ցուցահանդեսն է, որը բացառիկ է նրանով, որ ամփոփում է Նիգարյանի վերացական գեղանկարչության հետագիծը, որի մասին քչերը գիտեն: Կամո Նիգարյանը բազմաժանր արվեստագետ էր, և պարբերաբար իրեն դրսևորում էր որպես դիզայներ, որպես լուսանկարիչ և որպես գեղանկարիչ: Այս վերացական գեղանկարչական աշխատանքները նա ստեղծել է 1980-ականների սկզբին, 1990-ականների սկզբին և 2007-ից մինչև վախճանը` 2011-ը: Նա աբստրակցիային դիմում էր այն ժամանակ, երբ փոխում էր իր աշխարհայացքը, մտածելակերպը: Ես չեմ ուզում քաղաքականացնել նրա արվեստը, բայց նրա շուրջ կատարվող քաղաքական իրադարձություններն աբստրակտ կերպով արտացոլվում են նրա աշխատանքներում: Օրինակ` 1992թ. «Կարմիր քաղաքականությունը», որը 1992-ին է նկարել (հոդվածին կից լուսանկարում – խմբ.), կարելի է ասել ԽՍՀՄ փլուզումն է խորհրդանշում:

Կամո Նիգարյանը կանխագուշակելու բացառիկ ընդունակություն ուներ: 1984-ին Գյումրիում նա ստեղծեց մի սև-սպիտակ լուսանկարչական շարք, որը կոչվում էր «Պայթյուն»: Եվ ահա 4 տարի անց տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, իսկ դրան հաջորդեց արցախյան պատերազմը: Արվեստագետը զգայական մակարդակով ընկալում ու շատ լավ հասկանում էր, թե ինչ է կատարվում, և աբստրակցիան օգնում էր նրան արտահայտելու այդ տագնապն ու կանխազգացումները: Այդ իմաստով նրա աբստրակտ աշխատանքները շատ խոսուն են. եթե ուշադիր նայում ենք, թվում է` այդ նկարները դադարի վիճակում չեն, դրանցում շարունակ ինչ-որ բան է կատարվում, կարծես փլուզման եզրին լինեն:

Ինչ վերաբերում է արտաքին աշխարհի հետ արվեստագետի կապին, ապա Կամո Նիգարյանն այն հազվագյուտ հայ արվեստագետներից էր, ովքեր մշտապես երկխոսության մեջ են եղել արտաքին աշխարհի, ԽՍՀՄ-ից այն կողմ ստեղծվող արվեստի ու արվեստագետների հետ: Բնական է, որ նա հնարավորություն չի ունեցել անմիջականորեն հաղորդակցվելու նրանց հետ, բայց շատ հաճախ արվեստագետին հարկավոր չէ այդ անմիջական շփումը: Կամոն շատ լավ պատկերացնում ու գիտակցում էր, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, եվրոպական երկրներում, նա լավատեղյակ էր ժամանակի արվեստի բոլոր հնարավոր հոսանքներին և ուղղություններին: Իր արվեստի, իր աշխատանքների միջոցով նա այդ ժամանակին ու իրադարձություններին համընթաց էր փորձում քայլել: Բայց դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ Կամոն չէր ձգտում լինել նորարար: Նրա արվեստը չէր մերժում ավանդույթները, այլ վերլուծականորեն էր վերաբերվում դրանց, փորձում գտնել դրանց կիրառությունն իր ժամանակի մեջ, իր ժամանակի տեսանկյունից էր մոտենում դրանց: Այս ամենի համատեքստում և շատ լավ ճանաչելով Նիգարյանի ժամանակի հայ արվեստը` ես իսկապես դժվարանում եմ նշել նրա ժամանակակից որևէ այլ արվեստագետ, ով ուներ այդպիսի լայն աշխարհայացք և խորը գիտակցություն:

Մարինե Հարոյան

Կամոն շատ սկզբունքային մարդ էր. նա երբևէ չգնաց փոխզիջման ո'չ դիզայնի հարցում, ո'չ լուսանկարչության, ո'չ էլ գեղանկարչության: Կամոն ասում էր. «Ես կարող եմ անել միայն այն, ինչի տակ ես կստորագրեմ»: Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր և տնօրեն Հենրիկ Իգիթյանը բազմիցս փորձել է նրան համոզել, որպեսզի համեմատաբար հեշտ ընկալելի աշխատանքներ ստեղծի, որոնք կվաճառվեն, բայց Կամոն այդպես էլ չհամաձայնեց: Պետք է ասեմ, որ Հենրիկ Իգիթյանն այն եզակի մարդկանցից էր, ովքեր Կամոյի կենդանության օրոք ուշադրություն դարձրեցին նրա արվեստին, տպագրեցին ու ցուցադրեցին նրա աշխատանքները:

Կամո Նիգարյանը դիզայնով էր զբաղվում մի ժամանակ, երբ «դիզայն» բառն անգամ դեռևս օտար էր Հայաստանի համար: Իսկ ինչ վերաբերում է նրա ժամանակակիցներին, ապա նրանք շատ մեծ սեր ու հարգանք էին տածում Կամոյի ու նրա արվեստի հանդեպ: Շատ էին նաև արվեստագետներ, ովքեր նրան որպես ուսուցիչ էին ընդունում: Հատկապես երիտասարդ սերնդի մեջ շատ նկարիչներ կան, ովքեր բարեբախտաբար չեն կրկնում Կամոյի աշխատանքները, բայց դրանց ազդեցությունը երիտասարդների արվեստում ակնհայտ է:

Դեռևս շատ բան կա չցուցադրված. ես առնվազն 5-10 ցուցահանդեսի նյութ ունեմ, որը դեռ ոչ ոք չի տեսել, բայց այդ ցուցահանդեսները կազմակերպելու համար ժամանակ է պետք. ես չեմ ուզում էժանացնել Կամոյի արվեստը…

Անի Պապոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---