Հայաստանի բնակիչների համար անցած շաբաթը նշանավորվեց համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների իսկական շքերթով

Մարտի 1-7-ին Հայաստանում տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

Հայաստանի երաժշտասերները անցած շաբաթ խորը տպավորությունների մեծ պաշար կուտակեցին: «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պյետրոդարկիի եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարմամբ երկու ժամ անընդմեջ հնչեց աշխարհը գերած արգենտինական տանգոյի երաժշտությունը: Նվագախմբի եւ ունկնդիրների համար անակնկալ էր կիթառահար Լուկա Լուչինիի ելույթը: Մեկ այլ անակնկալ էր նաեւ Աստոր Պյացոլայի արվեստը գնահատողների համար իտալացի դուետ «Դուո էլ տանգոյի» (Մարիո Ստեֆանո Պյետրոդարկի եւ Լուկա Լուչինի) հետ համատեղ «Տանգո» ալբոմի շնորհանդեսը:

PanARMENIAN.Net - Դրանց հետեւեց համաշխարհային ճանաչում ունեցող Պինհաս Ցուկերմանը, որի ելույթով բացվեց «21-րդ դարի հեռանկարներ» Միջազգային երաժշտական փառատոնը: «Ես հրավեր ստացա եւ եկա, երջանիկ կլինեմ, երբ ստանամ երկրորդ հրավերը` մասնակցելու նաեւ «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնին», - իր մասնակցությունն այսպես բացատրեց լեգենդար երաժիշտը: Սակայն փառատոնի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հայտնեց, որ Ցուկերմանի այցը Հայաստան փառատոնի կազմակերպիչների 5-ամյա աշխատանքի արդյունքն էր, քանի որ ժամանակակից կատարողական արվեստի լեգենդի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած էր համերգներով:

Մարտի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես եկավ ջութակահար Յուրի Բաշմետը: Նա մասնակցում էր «Սոֆի Գուբայդուլինի օրերը Հայաստանում» համերգների շարքին, որն անցկացվում էր նույն փառատոնի շրջանակներում: Եվ վերջապես հայաստանցիներին մատուցած հաճելի անակնկալների վերջնակետը սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի եռօրյա այցն էր Երեւան եւ «The No Smoking Orchestra» խմբի հետ նրա ելույթը:

Սակայն գեղեցիկ եւ շատ հաջողված համերգը Կուստուրիցայի այցի կարեւորագույն հատվածը չէր: Երեւանում Կուստուրիցան հայտարարեց, որ նպատակ ունի Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու, ինչպես նաեւ ամռանը մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Կուստուրիցան իր հետաքրքրաշարժ ելույթում հայտնեց, որ երաժշտության ու կինոռեժիսուրայում իր հաջողությունների գրավականը համարում է ինքն իրեն հավատարիմ մնալը. «Ես միշտ արել եմ այն, ինչ ուզել եմ, այդ պատճառով իմ ֆիլմերը ընդունում ու հասկանում են աշխարհի տարբեր հատվածներում, երբեք տարբերություն չեմ դրել երաժշտության ու ֆիլմերի միջեւ, քանի որ միշտ ցանկացել եմ, որ մարդիկ հաճույք ստանան ե'ւ մեկից, ե'ւ մյուսից»: Նրա կարծիքով, նույն ճանապարհով` հավատարիմ մնալով ինքն իրեն, պահպանելով իր ինքնությունը, պետք է զարգանան նաեւ փոքրաթիվ ժողովուրդները. «Երբ ես Հայաստան բառը լսեցի, իմ պատկերացումներում մի տարաշխարհիկ բան հառնեց, սակայն համոզվեցի, որ հայերն ու սերբերը շատ ընդհանուր գծեր ունեն: Դուք գտնվում եք անբարենպաստ աշխարհագրական դիրքում, առանձնապես Եվրոպայի առնչությամբ նույնպիսի դիրքում եք, ինչ-որ Սերբիան, մենք նույնիսկ նույն թշնամիներն ունենք: Հենց այս պատճառով Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ում»:

Փոքր եւ, իր խոսքերի համաձայն, երկրագնդի նյարդերի վրա ազդող պետության ներկայացուցիչ մեծահամբավ Կուստուրիցան վերջին հանրահայտ անձն էր, որ եզրափակեց Հայաստանի արվեստաբույլ շաբաթը: Սակայն մենք լիահույս ենք եւ սպասում ենք աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոյի այցին, որը համաձայնել է մասնակցել «21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին:

Հայաստանի մշակութային կյանքը միայն համաշխարհային մեծությունների համերգներով չէր, որ հետաքրքիր էր: Մեծ հաջողություն ունեցավ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսն ու նրա «543210.... կամ մենք գալիս ենք մանկությունից» գրքի շնորհանդեսը: Հեղինակը ցուցահանդեսն ու գիրքը բնութագրեց հետեւյալ կերպ. «Հիմա 2010 թիվն է, ես 54 տարեկան եմ: Նկարել եմ մարդկանց, երեխաների, որոնց ուսերին մենք դարերի բեռ ենք դրել, եւ բացել ենք ապագայի ոչ մեծ ուղի: Ես բոլորովին չեմ ուզում համեմատել Հայաստանը Եվրոպայի հետ, քանի որ Եվրոպայի գեղեցկությունը գնահատելով, մենք ստեղծում ենք մեր գեղեցկությունը: Իսկ երեխաների աչքերի թախիծը ես չեմ մտածել եւ հատուկ չեմ արել: Հավանաբար, դա այն ծանր ժամանակների հետքն է, որ նրանք ապրել են»:

Եթե Զավեն Խաչիկյանի ցուցահանդեսը մեր իրականությունը լուսանկարների միջոցով էր ի ցույց դնում, ապա 2009-ի լավագույն ներկայացումները ի հայտ են գալու «Թատրոն-Իքս» թատերական փառատոնի ընթացքում` Երեւանի եւ Հայաստանի շրջանների (Գյումրի, Վանաձոր, Արտաշատ, Կապան, Գավառ, Հրազդան) 25 թատրոնների, ինչպես նաեւ ԼՂՀ-ի թատրոնի ներկայացումների արհեստավարժ եւ հասարակական քննարկումների ընթացքում: Մարտի 2-28-ը անցկացվելիք երկրորդ` «Թատրոն - Իքս»-ը տարբերվելու է նաեւ լավագույնը ճանաչված ներկայացման համար դրամական պարգեւատրումով` շնորհիվ լուրջ հովանավորների (առաջին տեղի համար` 1մլն դրամ, երկրորդ տեղի համար` 500 հազ դրամ, երրորդ տեղի համար` 300 հազ. դրամ):

Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը նշելով, պատասխանատու անձինք կազմակերպել են նկարչի եւ նրա ժամանակակիցների լուսանկարների ցուցահանդեսը Երեւանի նրա տուն-թանգարանում, եւ Տրետյակովյան պատկերասրահում` նրա 50 նկարների ցուցահանդեսը: Սեպտեմբերին Մ. Սարյանի հոբելյանին Մոսկվայում լույս կտեսնի «Սարյանը եւ Մոսկվան»:

Հոբելյանը նաեւ լավ առիթ է Սարյանի տուն-թանգարանի հիմնախնդիրները վեր հանելու համար: «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նույնիսկ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվելուց հետո շատ խնդիրներ ունի: Շենքի վերանորոգումը որակով չի արվել եւ չի ավարտվել: Երբ ես իմ պաշտոնը գրավեցի, հիմնադրամի երաշխիքային ժամկետն արդեն անցել էր: Ես փորձագետներին ցույց տվեցի անհարթությունները, եւ նրանք համաձայնեցին ինձ հետ, սակայն վերանորոգումը ոչ ոք չվերսկսեց», - պատմում էր տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---