Պահպանության ցուցակում գտնվող երևանյան շենքերը` պատմության և մեր հիշողության վկաները

Պահպանության ցուցակում գտնվող երևանյան շենքերը` պատմության և մեր հիշողության վկաները

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված մի քանի հայտնի շինությունների պատմությունը

Շատերը քայլելով Երևանի փողոցներով, նույնիսկ չեն պատկերացնում, որ քայլում են հուշարձանների կողքով, այնինչ նրանց թիվը մայրաքաղաքում հասնում է 980-ի: Այդ ցուցակի մեջ են մտնում ինչպես հնադարյան կառույցներ, այնպես էլ խորհրդային և անկախ Հայաստանի օրոք կառուցված շենքեր, արձաններ ու հուշակոթողներ: Հուշարձան են համարվում նաև ձորերում գտնվող քարանձավները, որտեղ ապրել են մեր նախնիները:

PanARMENIAN.Net - Ներկայացնենք ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված մի քանի հայտնի շինություններ: 1.6.177 համարի տակ է գտնվում Երևանի ուսուցչական սեմինարիայի շենքը, կառուցված 1905 թ-ին Ն. Կիտկինի կողմից: Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Այստեղ դասավանդում էին անվանի մասնագետներ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ: 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ Հակոբ Մանանդյանը:

ԲՈՒՀ-իտնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտները հիշում են, որ 1975 թ-ին ցանկացան մտնել դեկանի մոտ, և դռան վրա տեսան «Ռեկտոր» գրությունը. Ֆակուլտետն առանձնացել էր, և դարձել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: 1995 թ-ին Տնտեսագիտական համալսարանն ունեցավ նոր շենք, իսկ ժողովրդի մեջ հայտնի «Սև շենքը» վերադարձվեց Մայր ԲՈՒՀ-ին` Երևանի պետական համալսարանին: Այժմ այնտեղ տեղակայված են Տնտեսագիտական, Աստվածաբանական և Պատմության ֆակուլտետները:

1.6.80 համարի տակ է Հայաստանում Չինաստանի դեսպանատան շենքը: Այն գտնվում է Բաղրամյան 12 հասցեում: 1949 թ-ին Ա. Սաֆարյանի նախագծած այս գեղեցիկ շենքում տեղակայված էր Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղը: Բացի գիտական գործունեությունից, այն ունեցել է նաև այլ գործառույթ: Այստեղ է պահվել փաստաթղթերի մեծ արխիվ: Հայաստանի անկախացումից հետո շենքը դարձավ դեսպանատուն, իսկ ողջ արխիվը տեղափոխվեց Հայաստանի ազգային արխիվ:

Դեսպանատնից ոչ հեռու, Զարոբյան 3 հասցեում, գտնվում է հայ հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը: Այս շենքն ունի հետաքրքիր պատմություն:

Տուն-թանգարանը ստեղծվեց այն առաձնատան հիման վրա, որ 1947 թ-ին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծած միահարկ առանձնատունն ուներ հինգ սենյակ և տնամերձ այգի: Այն տուն-թանգարանի վերածելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը կայացվեց 1976 թ-ին:

Արամ Խաչատրյանը սիրում էր իր երևանյան բնակարանը, որտեղ ապրում էին նրա մայրը, եղբայրն իր ընտանիքով: Կոմպոզիտորն էլ այստեղ էր կանգ առնում, հյուրեր ընդունում:Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ: Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են պատկերում:

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի շենքը կառուցվել է 1957 թ-ին, ճարտարապետ Մարգ Գրիգորյանի կողմից: 1959թ-ին Մատենադարանն ստացել է գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ: Այն վստահորեն կարելի է դասել Երևանի խորհրդանիշների ցանկում, որտեղ պահվում են 17.300 ձեռագրեր, որոնցից 2904-ը` օտար լեզուներով, մնացածը` հայերենով:

Մասնաշենքը վերանորոգման փուլում է, և այն ամբողջովին վերածվելու է ցուցասրահի: Այժմ մշակվել է նոր նախագիծ, որով բարեկարգվելու է շենքի պահպանական գոտին:

Շենքն ուներ մեկ մշտական, և մեկ ժամանակավոր ցուցադրության սրահ: Ինստիտուտում պահվող նմուշների, և զբոսաշրջիկների աճի հետ նոր շենքի կարիք զգացվեց:

Հայաստանի Հանրապետության 20-ամյակին ընդառաջ կառուցվեց Մատենադարանի նոր մասնաշենքը, որի հեղինակն է հայտնի երգիչ, ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նոր մասնաշենքն այն եզակի նորակառույցներից է, որ չի փչացնում քաղաքի տեսքը, ավելին, այն համարյա աննկատ է:

Կարծում ենք, ժամանակակից ճարտարապետները պետք է օրինակ վերցնեն այս կառույցից, քանի որ այն չի փչացնում քաղաքի տեսքը և պատմական միջավայրը:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---