9  16.06.13 - «120 րոպե Միխայիլ Ժվանեցկու հետ». Հեղինակային երեկո Երևանում
Միխայիլ Ժվանեցկի. Հայկական հումորն անսահման է

Միխայիլ Ժվանեցկի. Հայկական հումորն անսահման է

Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ռուսական հումորի երեկո էր․ կատարողը հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին էր։ Երևանցիներն անցկացրին «120 րոպե Միխայիլ Ժվանեցկու հետ», որոնց ավարտին երգիծաբանը շնորհակալություն հայտնեց «փոխադարձ հարգանքի համար»՝ խոստովանելով, որ պատրաստ է ամեն ինչ տալ նման ընդունելության համար։ Երեկոյից հետո նա նաև պատասխանեց լրագրողների հարցերին։ PanARMENIAN.Net-ը պատմում է, թե ինչի մասին է խոսել երգիծաբանը։

Կլինի թշնամի, կլինեն և ընկերներ, ասում է Ժվանեցկին

PanARMENIAN.Net - Գեներով եկած տաղանդը

Իմ տաղանդը` գեներս են ու մի քիչ էլ սովետական իշխանությունը: Այսինքն, հոգուց եկած բողոքը կյանքի դեմ ու տաղանդի գեները: Երբեք չէի հավատում, որ տաղանդ ունեմ: Չէ՞ որ արդեն չկան հոդվածներ, չկան գրականագետներ, դեռևս ոչինչ չկա. միգուցե հետո լինի, երբ արդեն ուշ կլինի, բայց հիմա չկա: Դրա համար էլ ես ուղղակի հավատում եմ մարդկանց, որոնք ինձ շրջապատում են, որոնք ծափահարում են. նշանակում է` հասկանում են, ուրեմն տաղադն ունեմ: Իսկ մնացած ամեն ինչը կյանքի ընթացքում կուտակված բողոքն է:

Ծաղրանք

Ես ծաղրելու առարկա չունեմ: Ծաղրել մորը, որդուն… դա ծաղրանք չէ: Դա պարզապես հեգնանք է, կապված նրա հետ, որ մենք հայտնվել ենք այն ժամանակներում, որտեղ արժեքների նման վերագնահատում է ընթանում: Ինտերնետի շնորհիվ, նաև ուրիշների համար ապրելու պատճառով մարդիկ ստիպված են խաբել կամ ձևացնել, ինչ-որ կերպ ներկայանալու համար: Դրա պատճառով էլ, կարծում եմ, անկեղծության գինը գնալով թանկանում է:

Հայաստանի, հայկական հումորի ու հումորը հասկանալու մասին

Ուրախ եմ, որ հրեաների պես աշխարհով մեկ սփռված հայերն էլ ունեն իրենց հայրենիքը: Դուք ապրում եք այստեղ, այս վայրում. այս քաղաքը հիսաքանչ է, քարը` նույնպես: Ձեր Հայաստանում ապրող հայերի աշխատասիրությունն էլ է քարից, ամեն ինչն է քարից: Այստեղ ամեն ինչ քարից է արված: Շատ դժվար աշխատանք է` ամեն ինչ քարից անելը:

Հումորը… Այստեղ հավաքված հանդիսատեսը` վկայություն է: Ռուսական հումորը հասկանալը.. չգիտեմ` ինչու, կարծում էի, որ Երևանում ռուսերեն ավելի վատ գիտեն, քան Թիֆլիսում: Սկզբում արագ սկսեցի, հետո տեմպս դանդաղեցրի ու գտա ռեզոնանսը, ու ամեն ինչ ստացվեց, ինչպես մենք ուզում էինք` ես ու հանդիսատեսս:

Պատրաստ եմ ամեն ինչ տալ նման ընդունելության, նման հանդիսատեսի համար, որին ես այստեղ հանդիպեցի: Այստեղ փոխադարձ պաշտամունքի մթնոլորտ է: Իսկ հայկական հումորը… հայկական ռադիոն: Հայկական հումորն անսահման է: Հայկական հումորը` մեր երկրում ամենագլխավորներից է:

«Հումորի» ու «պոզիտիվի» մասին

Մոսկվայում մեքենայի մեջ միացնում եմ ռադիո` այնտեղ հռհռոց է, ծիծաղ: Հաղորդավարներին, ըստ երևույթին, ասել են` պոզիտիվ է պետք, իսկ նրանք` աղջիկներն ու տղաները, չեն հասկանում, թե ինչ է պոզիտիվը: Նրանք անընդհատ հռհռում են. նորությունները` հռհռոցով, ցավալի նորությունները` հռհռոցով… ամեն ինչ հռհռոցով է մատուցվում: Ստացվում է, որ այդ ամենը պոզիտիվ է, հումոր է: Կարծում եմ, այդ ամենը շուտով կկարգավորվի, որովհետև մենք հայտնվել ենք այս նոր կյանքում` չսպասելով, որ այն այդպիսինն է:

Ծերությունը

Այն հիմա ծիծաղ է առաջացնում, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում, ես էլ որոշեցի խոսել: Ծերությունը ուրախություն չէ, սովորական կյանք է: Հայրս ասում էր. «Միշա, ինչումն է տարբերությունը` երիտասարդը կարող է, ծերը` պետք է մահանա»: Ահա թե ինչումն է տարբերությունը:

Comedy Club

Արդեն ասել եմ` չես կարող բռնել սրտից` բռնիր լյարդից. Չի ստացվում լյարդից` բռնիր ավելի ներքևից: Նա կմոռանա՝ ինչ էիր դու ասում, բայց կհիշի` ինչից էիր բռնել: Սա, կարծում եմ, Comedy Club-ի կարգախոսն է:

Հետգրության փոխարեն ուզում ենք կիսվել Միխայիլ Ժվանեցկու մի քանի ասացվածքներով։ Ինչքան էլ երգիծաբանը պատասխանի լրագրողների հարցերին, միևնույն է՝ իր բոլոր մտքերն ու տեսակետներն այս կամ այն հարցի վերաբերյալ նա արտահայտում է իր մինիատյուրաների ու ասացվածքների միջոցով․

Այն, ինչ մեզ նախատեսված է, կոչվում է ճակատագիր, այն, ինչ ստացվում է՝ ինքնակենսագրություն

Կլինի թշնամի, կլինեն և ընկերներ

Կարելի է նստել, ոչինչ չանել, քնել, բայց ճիշտ ուղղությամբ

Իմ բոլոր դժբախտություններն ապրում են իմ մեջ, ու նրանց միևնույն է՝ ուր ես կտեղափոխվեմ

Հումորը՝ փրկություն է, իսկ արցունքները՝ մեր կյանքը: Դրա համար էլ արցունքների միջից ծիծաղը մեր լավագույն ձեռքբերումն է

Ուզում են ամեն ինչ ու միանգամից, բայց ստանում են ոչինչ ու աստիճանաբար

Սեփական սխալների վրա սովորում ես, ուրիշների՝ կարիերա սարքում

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---