![]() «99»․ Առանց վաղեմության ժամկետիԲոլոր ցեղասպանություններն ունեն ընդհանրություններ, որոնք բնորոշ են պատերազմական հանցագործություններին Ի՞նչ կլինի ցեղասպանությունից 100 տարի անց: Մի՞թե մեկ դարը լրանալուն պես աշխարհը մոռանում է պատմական ողբերգությունը: Միջազգային նորմերն իրո՞ք դադարում են գործել ժամանակի հետ: Այս հարցերը տասնամյակներ առաջ ակտուալ էին հայկական միջավայրում, քանի որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետական միավորները շատ չէին: Հայ հասարակությունն անհանգստանում էր, որ «ժամանակը մոռանալ կտա» բանաձևը կարող էր գործել նաև այս դեպքում: ![]() ![]() PanARMENIAN.Net - Բոլոր ցեղասպանություններն ունեն ընդհանրություններ, որոնք բնորոշ են պատերազմական հանցագործություններին: Բայց Հայոց ցեղասպանությունը մյուսներից տարբերվում է` պատմական իրողությունը բախվում է թուրքական ժխտողականությանը, ապատեղեկատվությանը, խեղաթյուրումներին և ագրեսիվ քարոզչությանը: Վաղեմության ժամկետի սպառում. թուրքական հատուկ ծառայությունների ձևավորած մի՞ֆ, թե զոհերի հուսահատության դրսևորում: Մասնագետները խնդրին անդրադառնում են պատմագիտական, իրավագիտական և ազգագրական տեսանկյուններից: Սուրեն Մանուկյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ փոխտնօրեն Հասարակությունում առկա է այն մտայնությանը, որ 2015-ն իր հետ ինչ-որ իրավական հետևանք կբերի, որով պահանջատիրության խնդիրը դուրս կգա կամ կնվազի դրա իրավաբանական ուժը: Իրականում դա մեր հասարակությունում ձևավորված միֆերից մեկն է և իրականության հետ կապ չունի: Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ծանրագույն հանցագործություն է: Նման կլասիֆիկացիայի ենթարկված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Եվ դա նշանակում է, որ հարյուրամյակն ինքնին ոչ մի հետևանք չի կարող ունենալ: 100-ամյակը սիմվոլիկ նշանակություն ունի, կլոր թիվ է և Ցեղասպանության թանգարանն այն նշելու, հիշատակելու է միգուցե քիչ ավելի շատ միջոցառումներով, ավելի մեծ շեշտադրումներով, թեպետ այն հերթական տարելից է: 100-ամյակի վրա կենտրոնանալը որոշ առումով նույնիսկ կարող է վտանգավոր լինել, քանի որ մեզ թվում է, որ եթե մինչև 100-ամյակը ինչ-որ բան չհասցնենք, ապա ինչ-որ բան կորցնում ենք: 100-ամյակով ոչ մի բան չի վերջանում, ընդհակառակը, նոր ծրագրեր են սկսվելու, նոր նախագծեր, նոր ուղենիշեր են դրվելու, նոր շեշտադրումներ արվելու: Ե՛վ ճանաչման գործընթացը, և՛ պայքարը, և՛ Ցեղասպանության հետևանքների վերացումը շարունակվելու են: Մինչև չվերացվեն, չփոխհատուցվեն հետևանքները` հայրենազրկում, հայրենիքի կորուստ, մարդկային զոհեր, այն հսկայական ունեցվածքը, որ թողեցինք Արևմտյան Հայաստանում, Հայոց ցեղասպանության հարցը ոչ իրավաբանական, ոչ քաղաքացիական հարթություններում չի կարելի լուծված համարել: Գերնպատակը, իհարկե, ճանաչումն ու փոխհատուցումն է: Մեր ամենամեծ կորուստը հայրենիքն է: Եթե նույնիսկ ոչ մի հայ Օսմանյան կայսրությունում չսպանվեր, և բոլոր հայերին հանգիստ և ապահով հեռացնեին, դա նույնպես ցեղասպանություն կլիներ: Այդ մարդկանց ուղղակի կզրկեին իրենց հայրենիքից, այն կենսական տարածքից, որտեղ ձևավորվել են որպես ազգ ու քաղաքակրթություն ստեղծել: Այսօրվա պայմաններում դա դժվար իրականանալի է թվում, սակայն եթե նպատակադրվենք ու ճիշտ քայլերով շարժվենք, անլուծելի խնդիր չի լինի: Վլադիմիր Վարդանյան, իրավագիտության թեկնածու, Միջազգային իրավունքի փորձագետ Ցեղասպանությունը` որպես միջազգային իրավունքով պատժելի հանցագործություն, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ժամանակակից համաշխարհային պատմության բաղկացուցիչ մասն է: Այսինքն՝ այդ ողբերգությունը ոչ միայն հայ ժողովրդի մասնավոր ողբերգությունն է, այլև պետք է մտահգի ամբողջ միջազգային հանրությանը: Պատահական չէ, որ ցեղասպանության կոնցեպտի զարգացումը տեղի է ունենում հենց մարդկության դեմ հանցագործությունների շրջանակում, և այդ արարքը դիտվում է որպես հանցանք ամբողջ մարդկության դեմ: Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ինչ դիրքորոշում կցուցաբերեն հետագայում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, մենք պետք է ակնկալենք և գիտակցենք այն կարևոր հանգամանքը, որ այդ հանցագործությունը ոտնձգություն էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ միջազգային հանրության դեմ: Ցեղասպանության նման ծանր հանցագործությունների պարագայում նշանակություն ունի ոչ միայն այդ արարքի սիմվոլիկ դատապարտումը, այլ դատապարտումը նմանօրինակ հանցագործությունները չկրկնելու համար: Ցեղասպանությունը որպես երևույթ թեև բավականաչափ քննարկվում է տարբեր շերտերում, այդուհանդերձ դրա բովանդակության և բնույթի վերաբերյալ շատ դեպքերում աղոտ պատկերացումներ ունենք: Եվ դրանք հաճախ հանգեցնում են մի շարք մոլորությունների: Հոգեբանական առումով, իհարկե, 100-ամյա շեմը մեծ նշանակություն ունի: Այսինքն՝ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը կարծես թե որոշակի առումով դուրս է ժամանակակից իրականությունից և վերաբերում է զուտ պատմությանը կամ պատմագրությանը: Մինչդեռ միջազգային իրավական պատասխանատվության տեսանկյունից որևիցե նշանակություն չունի, թե ինչքան ժամանակ է անցել հանցավոր վարքագծի ավարտից հետո և ինչքան ժամանակ է անցել այն պահից, երբ արարքն ըստ էության տեղի է ունեցել: Միջազգային իրավունքը հանգում է հետևյալ մոտեցմանը. քանի դեռ հանցավոր վարքագիծը դատապարտված չէ, քանի դեռ հեղինակները չեն ենթարկվել պատասխանատվության, արարքը շարունակում է դիտվել որպես իրավախախտում, որը խաթարել է բնականոն միջազգային իրավական հարաբերությունները և որը դատապարտելու, որի հետևանքները վերացնելու միջոցով է միայն հնարավոր հասնել այն իրավիճակին, որը գոյություն է ունեցել արարքից առաջ: Իհարկե, այստեղ տարբեր օրինակներ կան, համաձայն որոնց հարյուրամյա շեմը որևիցե կերպ վաղեմության ժամկետների հետ չի առնչվում և ընդհանրապես` վաղեմության ժամկետ հասկացությունը միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու տեսանկյունից այնքան էլ պատեհ չի կիրառել, որովհետև միջազգային իրավունքի տեսակետից հետաքրքիր է հետևյալ հարցը` տեղի ունեցած հանցագործությունից հետո արդյոք ներկայացվե՞լ է պահանջ այդ իրավախախտումը դատապարտելու և դադարեցնելու ուղղությամբ և արդյոք այդ պահանջը կայուն կերպով վերահաստատվե՞լ է տարբեր ժամանակահատվածում: Մեծ նշանակություն ունի, թե պետությունը, որը համապատասխան մեղադրանք է ներկայացնում մյուս պետությանը, հրաժարվե՞լ է իր պահանջից, թե շարունակում է պնդել այն: Եթե պետությունը շարունակում է պնդել պահանջը, չի կարելի խոսել վաղեմության ժամկետների հետևանքով պահանջ ներկայացնելու անհնարինության մասին: Ցանկացած միջազգային իրավախախտում պետք է հանգեցնի համապատասխան անբարենպաստ հետևանքների այն սուբյեկտների համար, որոնք կատարել են այդ իրավախախտումը, այլ կերպ ասած` համապատասխան սուբյեկտների պատասխանատվության կանչել: Դա պետք է դրսևորվի առնվազն երկու եղանակով. միջոցներ` ուղղված հակաիրավական վարքագիծը դադարեցնելուն, միջոցներ` ուղղված այդ հակաիրավական արարքով պատճառված հետևանքների վերականգնմանը: Միջազգային իրավունքը չի առաջնորդվում ինչ-որ մի պետության պատժելու տրամաբանությամբ, այլ որդեգրել է հետևյալ սկզբունքը` ցանկացած իրավախախտում խաթարում է բնականոն վիճակը, հետևաբար միջոցները չպետք է կրեն պատժիչ բնույթ, այլ պետք է ուղղված լինեն այն վիճակի վերականգնմանը, որը գոյություն է ունեցել մինչև իրավախախտում կատարելը: Ռուբեն Սաֆրաստյան,ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ցեղասպանության ճանաչումը պետք է ոչ միայն հայ ժողովրդին, այլև միջազգային հանրությանը: Ցեղասպանության ճանաչմամբ դատապարտվում է ծանրագույն հանցագործություն, որն իրականացվել է թե՛ հայ ժողովրդի, թե՛ մարդկության նկատմամբ։ Դա շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև ոչ միայն արդարությունն է վերականգնվում, այլև հնարավորություն է ստեղծվում ապագայում կանխարգելել դրա կրկնությունը։ Եթե մի պետություն, որն ուզում է ցեղասպանություն գործել, տեսնի, որ նախորդ ցեղասպանությունները դատապարտվել են, մեղավորները՝ պատժվել, արդեն կվախենա։ Այնպես որ այստեղ երկու հանգամանք կա, մեկը` արդարության վերականգնումը, ցեղասպանության հետևանքների վերացումը, երկրորդը՝ նոր ցեղասպանությունների կանխարգելումը։ Խոսքը ոչ միայն ցեղասպանության ճանաչման, այլև որպես հանցագործություն դրա դատապարտման մասին է։ Պետք է ձգտենք, որ ոչ միայն հանցագործությունը ճանաչվի ու դատապարտվի, այլև հանցագործը, որը թուրքական պետականությունն է, պատասխանատվության ենթարկվի, այդ հանցագործության հետևանքները վերացվեն։ Ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ պետք է զոհը՝ հայ ժողովուրդը, որոշակի հատուցում ստանա։ Դա կլինի ամենամեծ հաղթանակը։ Իսկ 100 թիվը սիմվոլիկ նշանակություն ունի, ուրիշ ոչինչ: Գիտնականները չեն սևեռվել այդ թվի վրա։ 100-ամյակից հետո պետք է շարունակել աշխատանքները, պայքարել աշխարհի տարբեր երկրների կողմից դատապարտման, ճանաչման համար: Մեր պայքարը աստիճանաբար պետք է տեղափոխել հատուցում ստանալու հարթություն։ Պայքարը պետք է մղենք միջազգային իրավունքի դաշտ, պետք է պատրաստ լինենք ու պատրաստվենք դիմել միջազգային ատյաններին, որոնք կքննեն Հայոց ցեղասպանության հարցը ու պատասխանատուին՝ թուրքական պետությանը, կենթարկեն որոշակի տույժերի։ Այդ ուղղությամբ հիմա պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը, որովհետև ցեղասպանությունն այնպիսի հանցագործություն է, որ վաղեմության ժամկետ չունի։ Պետք է օգտագործել «աշխարհին Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը պատմելու» բառակապակցությունը։ Մենք ծանոթացնում ենք իրողության հետ։ Տարբեր երկրների հայկական համայքները, հայոց պետականությունը, անհատները պիտի լայնածավալ աշխատանք տանեն խնդիրը հանրությանը հասցնելու ուղղությամբ։ Համաշխարհային պատմագիտության բնագավառում, հայտնի պատմաբանների շրջանակում արդեն Հայոց ցեղասպանության հարցը ոչ մի առարկություն չի գտնում, որովհետև բոլորը դա արդեն որպես փաստ են ընդունել։ Սա նշանակում է, որ տասնամյակների ընթացքում այդ բնագավառում շատ մեծ գիտական, հետազոտական աշխատանք է տարվել։ Այնպես որ, ունենք արդյունքներ, բայց պայքարը պիտի շարունակվի, որովհետև ունենք շատ մեծ խնդիր՝ ոչ միայն դատապարտումն ու ճանաչումը, այլև հատուցմումը։ Հարություն Մարության,ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի ավագ գիտաշխատող Ցանկացած էթնիկ կամ ազգային ընդհանրության համար փորձություններով լի անցյալի հիշողությունը ոչ թե բեռ է, որը կարելի է հարկ եղած դեպքում թոթափել, այլ հարստություն, որը պետք է կարողանալ հավուր պատշաճի օգտագործել: Պետք է լավ իմանալ` ինչի հետ գործ ունես ու բարձր մակարդակով կարողանալ մատուցել, ընդ որում՝ հասարակության տարբեր շերտերին` տարբեր խորությամբ: Հրեաներն այդպես են անում և ամբողջ աշխարհը ճանաչում, հարգում և ընդունում է Հոլոքոսթը: Նրանք հզոր են ոչ միայն Իսրայելի բանակով, այլև` հիշողությամբ: Այսօր ամբողջ աշխարհում նշում են Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը: Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ և ժամկետ չի ճանաչում: Մեծ անարդարություն է եղել, չի պատժվել, ավելին` դեռ մերժվում է: Ներողությունը արդարության զգացումը մասամբ կբավարարի, բայց հետո գալու է փոխհատուցման հերթը: Կոնֆլիկտի լուծումը հնարավոր է, երբ կողմերից մեկն ընդունում է իր մեղքը, ճանաչում այն և ելքեր որոնում մյուս կողմի հետ փոխհատուցումն առաջ տանելու համար: Մեր փոխհատուցումը մի քանի եզրեր ունի, թե դրանցից որ մեկը կգործի, քաղաքագետներն ու ժողովուրդը համատեղ կարող են որոշել: Մենք առայսօր չունենք մշակված մոտեցում, թե ինչ է իրենից ներկայացնելու փոխհատուցումը: Թուրքերին՝ ցեղասպանությունը ճանաչել ստիպելու ճանապարհները մի քանիսն են` արտաքին ճնշումներ, որոնց նրանք առանձնապես չեն ենթարկվում, բարոյական ճնշումներ, որոնք քաղաքականից տեղափոխում են ժողովրդի ինքնության ոլորտ: Եթե դա չլինի, քաղաքական ճնշումները կամ որոշումները առանձնապես ոչ մի բանի չեն հանգեցնի: Միշտ էլ կարելի է ինչ-որ անատամ ձևակերպում ընդունել մեկ կամ երկու պարբերությամբ, մեջը լինի ներողություն բառը: Մեզ պետք է ներողություն, որը հստակ գնահատական կտա իրադարձություններին, կընդունի մեղքը և կուրվագծի ապագայում փոխհատուցման ձևերը: ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |