53  18.03.15 - Մեկնարկել է «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումը
«Արարատի ստորոտին», օր առաջին. Ցեղասպանության հետևանքներից մինչև կիբերանվտանգություն

«Արարատի ստորոտին», օր առաջին. Ցեղասպանության հետևանքներից մինչև կիբերանվտանգություն

Վաղ թե ուշ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր Անկարան շարունակում է իր հանցավոր քաղաքականությունը`գործած արարքների համար պատժի բացակայության պատճառով

Մարտի 18-20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային եռօրյա մեդիա խորհրդաժողովը: 34 երկրից ավելի քան 200 լրագրողների մասնակցությամբ անցնող խորհրդաժողովի առանցքային թեման մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունն է:

PanARMENIAN.Net - Խորհրդաժողովի առաջին օրը մասնակիցները քննարկեցին արդի սփյուռքի հիմնախնդիրներից մինչև կիբերանվտանգության, Ցեղասպանության վնասի հատուցումից մինչև տնտեսական քաղաքականության հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը հիշեցրեց, որ Երևանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա Եվրոպայի վերջին փակ սահմանն է, ու հավելեց, որ դրան զուգահեռ Անկարան փորձում է փակել սահմանը նաև տեղեկատվության համար: «Մեր բոլորի դերը կայանում է նրանում, որ հնարավորություն տանք թուրք հասարակությանը առերեսվել սեփական պատմության հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ աշխարհագրական սահմանը բացելուց պետք է կոտրվեն նաև թուրք հասարակության ու քաղաքական էլիտայի ուղեղում առկա կարծրատիպերը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն իր ելույթում բացատրեց, թե ինչում է Հայոց ցեղասպանության նշանակալիությունը ՀՀ քաղաքական օրակարգում: Սարգսյանը հիշեցրեց ցեղասպանագետների այն պնդումը, որ ցեղասպանությունը չի վերջացել, մինչև շարունակվում է դրա հերքումը: Սարգսյանն ընդգծեց, որ Թուրքիան շարունակում է թշնամական քաղաքականություն դրսևորել Հայաստանի նկատմամբ՝ որպես օրինակ բերելով փակ սահմանն ու միջազգային կառույցներում Անկարայի որդեգրած հակահայկական կեցվածքը: Նշելով հանդերձ, որ վերջին տարիներին Թուրքիայում աճում է պատմության հետ առերեսվել պահանջող քաղաքացիական հասարակությունը, Սարգսյանը նկատեց, որ դա, սակայն, չի բերել Ցեղասպանության փաստը հերքելու փորձերի դադարեցմանը:

Պատասխանելով Ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիայի կողմից հնարավոր փոխհատուցման մասին, Սարգսյանն ասաց, որ այսօր էլ բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ դատարան են դիմում՝ կորցված ունեցվածքը հետ ստանալու պահանջով: Նա հիշեցրեց նաև, որ որ իրավաբանների հանձնաժողովը այս պահին քննարկում է փոխհատուցման հնարավոր տարբերակների հարցը:

Իր հերթին, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր Անկարան շարունակում է հանցագործ քաղաքականություն վարել՝ գործած արարքների համար պատժի բացակայության պատճառով: Ցեղասպանությունն այսօր շարունակվում է սփյուռքում, քանի որ ամեն սփյուռքահայ տանջվում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, հայտարարեց նախարարը:

Խորհրդաժողովի մասնակիցները քննարկեցին նաև Խոսքի ազատության առջև ծառացած կիբերանվտանգության խնդիրները: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը հիշեցրեց, որ ապրիլի 24-ը թուրք ու ադրբեջանցի հաքերների` հայկական կայքերի վրա հարձակումներ գործելու հիմնական օրերից մեկն է: Նա ներկայացրեց համացանցում հակառակորդին լռեցնելու համար կիրառվող ապօրինի գործիքներն ու խոսելով առցանց գրաքննության որոշ տարրեր: Գրաքննությունը շրջանցնելու տարբերակներն, այնուամենայնիվ շատ են. կարելի է ասել, որ այսօր չկան արգելքներ, որոնք անհաղթահարելի են՝ պարզապես այդ ամենի համար տեխնիկական գիտելիքներ են պետք, համոզված է փորձագետը,. հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

Օրն ամփոփվեց մասնակիցների ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմամբ: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին ՀՀ նախագահը, մասնավորապես, նշեց, որ նման ներկայացուցչական կազմով խորհրդաժողովն արդեն իսկ ձևավորված հարթակ է Հայոց ցեղասպանությանն առնչվող իրողությունները վերհանելու համար: Իր ելույթում նախագահը, մասնավորապես, ասաց.

2015 թվականին Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը միջազգային հանրության հետ հիշում և ոգեկոչում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ դարձավ 1.5 միլիոն հայ, հարյուր հազարավորներն էլ դարձան գաղթական կամ բռնի կրոնափոխ եղան։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, զգում է Մեծ եղեռնի հետևանքները թե՛ բարոյահոգեբանական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական և թե՛ քաղաքական առումներով:

Մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջև հաշտեցման և հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Ցավոք, այս անգամ էլ մենք բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսևորում ստացավ:

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ այս տարի Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը տոնել հենց ապրիլի 24-ին, որի միակ դրդապատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու պարզունակ նպատակն էր: Ի դեպ այս առիթով ձեր նորվեգացի գործընկեր Բորդ Լարսենը ս.թ. փետրվարին հրապարակած «Անօգուտ դիվանագիտություն» վերտառությամբ իր հոդվածում շատ դիպուկ նկատել է, թե «սա նման կլիներ նրան, որ, ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային հիշատակման օրը տոներ Վերմախտի հերոսական հաղթանակներն Արևելյան ճակատում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

Ցավում եմ, որ Թուրքիայի իշխանություններն այս տարելիցը որպես սեփական պատմության հետ առերեսման և հաշտեցման առիթ օգտագործելու փոխարեն, իրենք իրենց դրեցին անհարմար իրադրության մեջ՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով Գալիպոլիի մարտերի՝ քաջ հայտնի ժամանակագրությունը և այդպիսով համեմելով ժխտողականության քաղաքականությունը նոր դրսևորումներով:

Թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը՝ հայերի հայրենազրկումը, այլև վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար: Դրա վառ օրինակներից են Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունները, վերջին տարիներին «Իսլամական պետության» կողմից իրականացվող էթնիկ զտումներն ու մշակութային ժառանգության ոչնչացումը: Նրանց՝ պատասխանատվությունից խուսափելու կամ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը կարելի է որակել որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանությունների խրախուսում:

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Թուրքիայի մտավորականության և առաջադեմ երիտասարդության ավելի ու ավելի շատ հատվածներ խիզախում են առերեսվել իրենց պատմական անցյալի հետ՝ ցանկանալով ապրել արժանապատիվ և չկրել մեղքի այդ ծանր բեռը:

Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլևս անհնարին էր հայտնի Արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, և բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ և ամենակարևորը՝ առանց վստահության վերականգնման:

Ի սկզբանե մենք կարծում էինք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հռչակված «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մեջ ամրագրված էին Թուրքիայի անկեղծ մտադրությունները՝ կարգավորել հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Չեմ ցանկանում մեկնաբանել Թուրքիայի և այլ պետությունների ներկա հարաբերությունների բնույթը, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Թուրքիան կանգնեց «զրո հարևան և բազմաթիվ խնդիրներ» իրողության առջև: Փաստորեն, Թուրքիայի իրական մտադրությունը ոչ թե «հարևանների հետ զրո խնդիրներ» ունենալն էր, այլ հարաբերությունների սեփական ընկալումը հարևաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանիզմի քաղաքականության դրսևորում:

Ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, որին անդամակցում են հայկական խոշորագույն բոլոր կառույցների ղեկավարները: Հանձնաժողովի կողմից ընդունվեց Համահայկական հռչակագիրը, որում ամրագրված է հայ ժողովրդի հավաքական կամքը և որում վերահաստատվում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար: Այդ տեսանկյունից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները սոսկ համահայկական բնույթ չեն կրում. դրանք համամարդկային արժեքների դեմ ցանկացած ոտնձգության կանխման յուրատեսակ կոչ են: Այդ իսկ պատճառով ես հրավերներ եմ ուղարկել աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների՝ ապրիլի 24-ին գալու Հայաստան և այդպիսով ցեղասպանության հանցագործության անթույլատրելիության մասին հզոր ուղերձ հղելու աշխարհին:

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր պայքարն ընդդեմ ցեղասպանության հանցագործության նաև միջազգային կազմակերպություններում: 2013թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Այս տարի ևս առաջարկելու ենք նոր բանաձևի նախագիծ:

Ոգևորիչ է, որ միջազգային հանրության ներկայացուցիչները ևս անմասն չեն Հայաստանի նախաձեռնություններին, ավելին՝ իրենց ծանրակշիռ ավանդն են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:

Մենք հավերժ երախտապարտ ենք բոլոր այն պետություններին ու ժողովուրդներին, որոնք այդ արհավիրքի տարիներին և դրանից հետո ապաստան են տվել մեր ժողովրդի հազարավոր զավակների՝ տալով նրանց հնարավորություն վերապրելու և պահպանելու սեփական ինքնությունը, դառնալու տվյալ երկրների հասարակությունների լիարժեք անդամներ:

Կարևորելով ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը որպես դրանց կրկնության կանխարգելման միջոց` մենք շնորհակալ ենք նաև բոլոր այն պետություններին և կազմակերպություններին, որոնք անդրադառնում են մեր ժողովրդի հանդեպ կատարված այդ հանցագործությանը: Սա վկայում է համամարդկային արժեքների պաշտպանության գործում քաղաքակիրթ աշխարհի անկեղծ հանձնառության մասին, միաժամանակ ցեղասպանություն վերապրած ժողովուրդների մոտ հավատ ներշնչում արդարության, ոտնահարված իրավունքների վերականգնման, դրանց արժանի դատապարտման ու անպատժելիության անթույլատրելիության հարցում:

Նման հանձնառության վերջին վառ վկայություններից էր ԵԺԿ քաղաքական համաժողովի՝ ս.թ. մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունումը: Այն լուրջ քաղաքական ուղերձներ է պարունակում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ժխտման վերաբերյալ՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական անցյալին: Եվրոպայի խոշորագույն և ամենաազդեցիկ քաղաքական ուժի նման դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, անշուշտ, պետք է ուղղորդիչ դեր խաղա համաեվրոպական կառույցների և Եվրամիության անդամ պետությունների համար»:

Հանդիպման վերջում ՀՀ նախագահը պատասխանեց խորհրդաժողովի մասնակիցների հարցերին: Մասնավորապես, խոսելով հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ու շաբաթներ առաջ ՀՀ ազգային ժողովից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու որոշման մասին, Սերժ Սարգսյանը նշեց, որ գլխավոր խանգարող գործոններից մեկն Ադրբեջանն էր, և եթե այն չլիներ, արձանագրությունները վաղուց վավերացված կլինեին:

Մեկնաբանելով ամիսներ առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված՝ իրեն հայ կոչելու վերաբերյալ հայտնի հայտրարարությունը, Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը որևէ պարագայում թուրք կամ ադրբեջանցի ազգի վերաբերյալ վիրավորանք թույլ չի տվել, ու ընդգծեց, որ հայ ազգը թշնամի ազգեր չունի:

Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանն ու 100-րդ տարելիցից բացի, նախագահն անդրադարձավ քաղաղաքան և տնտեսական, այլ երկրների հետ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---