Մեծ եղեռնի 4 փուլը. 100 տարի շարունակվող ցեղասպանություն

Մեծ եղեռնի 4 փուլը. 100 տարի շարունակվող ցեղասպանություն

2015-ի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում ոգեկոչում են 100 տարի առաջ տեղի ունեցած, բայց դեռևս անավարտ Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը

Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

PanARMENIAN.Net - Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911-ին Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մուսուլմանները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Մոտ 1,5 մլն հայ սպանվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով դավանափոխ եղավ, կամ դարձավ գաղթական։

Ցեղասպանության իրագործման կառուցակարգը

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և դրա իրագործման ներքին մեխանիզմ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլն էր մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը իրենց իսկ թուրք զինակիցների կողմից:

1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը, հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակհազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դարձան մուսուլման:

Հայոց ցեղասպանության վերջին՝ չորրորդ փուլը թուրքական կառավարության զանգվածային տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխման, քարոզչական միջոցների, լոբբինգային գործողությունների և այլ միջոցներով:

Հղումներ թեմայով.
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---