Ապրիլ, թե կարող ես

Ապրիլ, թե կարող ես

PAN-ը հավաքել է ապրիլի կարևորագույն իրադարձությունների ցանկը

Ապրիլները Երևանում միշտ էլ հյուրաշատ են եղել, իսկ միջոցառումները՝ հիշվող. 2015-ի ապրիլն առանձնացավ խորհրդանշական տարելիցով ու հյուրերի բազմավեկտոր ցանկով: 4 նախագահից մինչև Քարդաշյաններ, SOAD-ի համերգից մինչև ՀՑԹԻ վերաբացում: PAN-ը հավաքել է ամսվա կարևորագույն իրադարձությունների ցանկը:

PanARMENIAN.Net - Եվգենի Կիսինի մենահամերգը, ապրիլի 2

Երաժշտական գրեթե բոլոր մրցանակներին և պարգևներին արժանացած ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը 2 տարի առաջ պատմել էր` Թուրքիայից հրավերներ չի ընդունում, քանի որ այդ երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: 100-րդ տարելիցի կապակցությամբ նա եկավ Երևան մենահամերգի ու իր հոնորարի կեսը փոխանցեց Բյուրականում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նորաբաց ակադեմիային՝ ռոյալ գնելու համար:

«Հայաստանում ինձ հարցրին, թե պատրաստ եմ արդյոք միջազգային հանրությանը կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իմ պատասխանն է՝ այո, իհարկե պատրաստ եմ: Կփորձեմ ավելի մանրամասն տեղեկանալ, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկեմ այդ ուղղությամբ»:

Քարդաշյանների այցը, ապրիլի 8

Ուշ երեկոյան ամուսնու, դստեր և քրոջ հետ Երևան ժամանած Քիմ Քարդաշյանին Հանրապետության հրապարակում երկրպագուների բազմություն էր սպասում: Հաջորդ իսկ օրը նրանց հետ սելֆիներ անելով ու ինքնագրեր բաժանելով հեռուստաաստղը քրոջ հետ զբոսնում էր Հաղթանակի զբոսայգում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Հայաստանի՝ աշխարհին հայտնի և Հայաստանն աշխարհին հայտնիացրած հյուրերին ընդունեց վարչապետը: Նրանք եղան նաև Գեղարդի միջնադարյան վանական համալիրում, Գյումրիում, համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության ներքո էլ այցելեցին նաև Ծիծեռնակաբերդ:

ԱՄՆ վերադառնալով Քարդաշյանը Time-ում էսսե հրապարակեց ու գրեց. «Նրանք, ովքեր հիշում են 100-րդ տարելիցը, մանուշակագույն կրծքանշան են կրում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տվեց ինձ իրենը, երբ հանդիպեցինք։ Մանուշակագույնը դստերս սիրած գույնն է, այդ պատճառով նա ուզում է կրել այն ամեն օր։ Երբ մեծանա, կբացատրեմ նրան այդ կրծքանշանի իրական իմաստը»:

Քանյե Ուեսթի համերգը Կարապի լճում, ապրիլի 13

Ամեն ինչ սկսվեց Քարդաշյանի թվիթից: Կնոջից ոչ պակաս հանրահայտ ռեփ կատարող և պրոդյուսեր Քանյե Ուեսթը, որ հայաստանյան այցի ամբողջ ընթացքում համեստորեն բավարարվում էր դստեր «դայակի» դերով, մեկ ժամում դարձավ լրատվամիջոցների գլխավոր նյուզմեյքերը: Գրեմիի բազմակի դափնեկրից երևանցիները ստացան Stronger, Jesus Walks, Power, Touch the Sky, All of the Lights երգերը, իսկ Good Life-ի վերջում ռեփերն ու երկրպագուները թրջվեցին Կարապի լճում:

Քարդաշյանը սոցցանցերի իր էջերում գրեց. «Ինչպիսի խելահեղ գիշեր։ Քանյեն արթնացրեց և ասաց, որ Երևանում անվճար համերգ է տալու։ Հազարավոր մարդիկ էին այնտեղ։ Քանյեն թռավ Կարապի լիճը՝ մյուս կողմում կանգնած հանդիսատեսին ավելի մոտ լինելու համար, և բազմաթիվ մարդիկ հետևեցին նրան։ Անչափ անհանգիստ էի, սակայն դա իրականում շատ հուզիչ գիշեր էր։ Երջանիկ եմ, որ կարողացա բոլորի հետ ուրախ ժամանակ անցկացնել Հայաստանում մեր վերջին գիշերը»:

Սպիվակովի երեք համերգը, ապրիլի 14

Երեք համերգով ու «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով Երևան ժամանեց դիրիժորը, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղղեկը՝ ՌԴ ազգային ֆիլհարմոնիկի հետ: Իսկ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ավարտին, մի հին ավանդապատումից իմաստուն առաջնորդի խոսքը մեջբերելով, հայտնեց իր կարծիքը հայերի մասին.

«Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք, ձեզնից յուրաքանչյուրում տիեզերք է»:

Շախմատի աշխարհի 10-րդ թիմային առաջնությունը, ապրիլի 18

Ծաղկաձորյան մրցաշարում աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստից 49-ը գրոսմայստերի բարձրագույն տիտղոս ունեին: Մենք այս անգամ բավարարվեցինք բրոնզե մեդալով, չեմպիոնը չինացիներն են, երկրորդը՝ ուկրաինացիները: Իսկ Ծաղկաձոր այցելած ՀՀ նախագահն ասաց.

«Երախտապարտ եմ մեր շախմատիստներին, որ ապացուցում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ուղերձներից մեկի՝ վերծաննդի գաղափարը: Եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը 3 անգամ դարձել է օլիմպիական և 1 անգամ աշխարհի չեմպիոն՝ նշանակում է՝ մեզ ոչնչացնողների ծրագրերը բացարձակապես չիրականացան. մենք կանք, վերապրել ենք և զարգանում ենք»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերաբացումը, ապրիլի 21

Նախկին 3-ի փոխարեն 12 նոր ցուցասրահով 2.400 քմ տարածքում վերաբացվեց ՀՑԹԻ-ն՝ ներառելով վերջին 7-8 տարում հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նոր նյութեր: Դրանք ներկայացված են երեք լեզվով և համաշխարհային թանգարանային պրակտիկայում տարածված տեխնոլոգիական լուծումներով: ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց.

«Առաջին տեսողական նյութը 1707-ից է՝ Կոմիտաս քահանայի գլխատման տեսարանով: Պոլսում նրան առաջարկեցին իսլամ ընդունել: Հրաժարվեց և գլխատվեց: Այս պաստառի խորհուրդը հայ ժողովրդի ճանապարհն է. ինչո՞վ կավարտվի այն...»

«Ընդդեմ ցեղասպանության հանցագրոծության» գլոբալ համաժողովը, ապրիլի 22

Ավելի քան 5 տասնյակ երկրից 600 ներկայացուցիչ հավաքվեց Երևանում՝ ասելու՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել: Միջազգային իրավունքի աշխարհում առաջատար մասնագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ, պաշտոնյաներ ու վերապրածներ խոսեցին՝ փաստերով, պահանջներով ու հուզիչ պատմություններով: Իսկ ԱՄՆ Վորչեսթերի պետական համալսարանի պրոֆեսոր Հենրի Թերիոն, որը նաև 2007-ից ի վեր ղեկավարել է Հայոց ցեղասպանության փոխհատուցումների հարցով խումբը, ասաց.

«Ժխտողականության ավարտը կարող է լինել միայն փոխհատուցումը: Թուրքիայի հանրապետության տնտեսությունը հայերի գույքով է ստեղծվել: Այսօրվա Թուրքիան պետք է վերականգնի այն վնասը, որը պատճառել է հայերին 100 տարի առաջ: Հատուցումն անհնարին չէ»:

Ռոնդա Ռոուզիի այցը Երևան, ապրիլի 22

The Washington Post-ը գրեց, որ Քիմ Քարդաշյանն ու Բարաք Օբաման միակ հայտնի ամերիկացիները չէին, որ խոսեցին Ցեղասպանության տարելիցի մասին: Ռոնդա Ռոուզին՝ UFC-ի գերթեթև քաշային կարգի չեմպիոնն իր անձնական մարզչի՝ Էդմոնդ Թարվերդյանի հետ նույնպես Երևանում էր: Նա ցուցադրական մարզում անցկացրեց, ինչպես նաև մարզվեց Հայաստանի հավաքականի հետ, իսկ ապրիլի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդ:

«Ես գիտեմ, որ 1915 թվականին ահավոր ցեղասպանություն է եղել և այստեղ եմ ճանաչմանը նպաստելու համար, որովհետև մեր անցյալից ինչ-որ բան սովորելու միակ ճանապարհը կատարվածը ճանաչելն է»:

Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի սրբադասման կարգը, ապրիլի 23

Այսուհետ ոչ թե հոգեհանգստի կարգ, այլ հիշատակի. Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերը սրբադասված են: Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների նախագահությամբ արարողությանը հնչեց հատուկ ընտրված նոր շարականը, օծվեցին սրբապատկերներ, կատարվեց մասունքների առջև խոնարհման կարգ: Լռության րոպեին հետևեց աշխարհի բոլոր հայկական ու մի շարք այլ եկեղեցիների խորհրդանշական 100 զանգը: Արարողության ժամանակ Կաթողիկոսն ասաց.

«Մխիթարված ենք, որ այս պահին մեզ աղոթակից են այստեղ ներկա մեր քույր եկեղեցիների պետերն ու ներկայացուցիչները, էկումենիկ կազմակերպությունների ղեկավարներն ու պատվիրակները»:

SOAD-ի համերգը Հանրապետության հրապարակում, ապրիլի 23

Հորդ անձրևին ու կայծակին լեփ-լեցուն Հանրապետության հրապարակում Wake up the Souls-ի երևանյան համերգն էր: Բայց SOAD-ի կիթառահար Դարոն Մալաքյանի հայտարարեց՝ սա միայն ռոք համերգ չէ, մեզ սպանողներին վրեժ է: Հայտնի ու սիրված անգլալեզու երգերի հետ SOAD-ը «Սարդարապատ»-ից, «Ղափամա»-ից, «Աման Թելո»-ից էլ հատվածներ կատարեց: Իսկ Թանկյանը, Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը պատմելով, ասաց.

«ԱՄՆ կառավարության դիրքորոշումը ոչ միայն մեզ համար է աններելի, այլև բոլոր ամերիկացիների»:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը Ծիծեռնակաբերդում, ապրիլի 24

Ապրիլի 24-ին հենց Երևանում զոհերի հիշատակը հարգելու ժամանեցին 60 պաշտոնական պատվիրակություն տարբեր պետություններից ու միջազգային կազմակերպություններից և 4 նախագահ: Աշխարհի լրատվամիջոցների լուսաբանմամբ հորդ անձրևին էլ մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդի բարձունք շարունակվում էր: Այնտեղ էր բերվել նաև նախորդ օրը սրբադաման ժամանակ օծված սրբապատկերը:

«1915-ի իրադարձությունները ցնցեցին աշխարհը: Ռուսաստանում այն ընդունեցին որպես սեփական ցավ: Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ: ՌԴ հարյուրավոր քաղաքներում, ընդգծում եմ՝ հարյուրավոր քաղաքներում կանցկացվի հիշատակի ավելի քան 2.000 միջոցառում», - ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Թուրքիայում շատ կարևոր բառեր կան, որոնք արդեն հնչել են, կան կարևոր բառեր, որոնք դեռ սպասում են հնչելու, կարևոր են ցավը մեղմելու համար», - ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ապրում ենք մի դարաշրջանում, երբ «ցեղասպանություն» եզրն անգամ նենգաբար շահարկվում է քաղաքական մանրախնդիր շահերի համար», - ասաց Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

«Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ, մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել կենդանի», - ասաց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

24/04 նվագախմբի համերգը, ապրիլի 24

Աշխարհի լավագույն 47 նվագախմբից հրավիրված 43 ազգության 123 առաջատար երաժիշտ միավորվել էր 24/04 նվագախմբում՝ երաժշտությամբ ոգեկոչելու զոհերին և լսելի դարձնելու հայ ժողովրդի ուղերձը: «Հիշողություն», «Երախտագիտություն», «Միջազգային պայքար», «Վերածնունդ». համերգի փուլերն ու ասելիքն էին: Ծրագրում միայն հայ կոմպոզիտորների գործերն էին՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Ալեքսանդր Հարությունյան, Մակար Եկմալյան, Ավետ Տերտերյան, Էդուարդ Միրզոյան, Առնո Բաբաջանյան, Գաբրիել Երանյան և Ալան Հովհաննես:

«Հայկական երաժշտությունը մի կոմպոզիտորական դպրոցի արդյունք է, որին դեռ մանկուց եմ ծանոթ. շփվել եմ Արամ Խաչատրյանի հետ, իսկ Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքը մեր տան մշտական հյուրն էր, էլ չեմ ասում Բաբաջանյանի, Միրզոյանի մասին», - ասել է հրավիրված դիրիժորներից Միխայիլ Յուրովսկին:

Ջահերով երթը, ապրիլի 24

«Անունս է պայքար, վախճանս է հաղթանակ». Զոհերի հիշատակին հարգանքի 1 րոպե լռությամբ, որպես ժխտողական քաղաքականության դեմ բողոք Թուրքիայի պետական դրոշը այրելով, «Հատուցում» վանկարկելով ու ազգային, ազատագրական երգերով կայացավ ավանդական ջահերով երթը:

«Դուք մի բռունցք եք, դրանից Թուրքիան վախենում է: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Մեր պայքարն ինքնանպատակ չէ», - ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հացերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Երաժշտական հանդիպում Թումոյում, ապրիլի 25

Տիգրան Մանսուրյանը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը և Լիլիթ Պիպոյանը միասին Թումոյում էին. նրանք քննարկեցին հայ երաժշտության այսօրն ու հեռանկարը և հենց նկարների միջոցով մանսուրյանական միտքը բացատրեց երաժշտության չափանիշը՝ «շոր ներկողն էլ է նկարիչ, նա էլ իր գործն է անում, բայց ամենաբարձրը, իհարկե, Սարյանի նկարչությունն է»: Իսկ Թանկյանն ասաց.

«Մի քաջալերեք անտաղանդներին արվեստում միայն նրա համար, որ հայ են, դրանով ոչ մի լավ բան չեք անում հայության համար»:

Մարիա Գուլեգինայի համերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի հետ, ապրիլի 28

Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում «Կռունկ» էր կատարում. նրա հայրը հայ էր, ու երգչուհին անձամբ էր ցանկություն հայտնել մասնակցել 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ֆիլհարմոնիկի հետ նրա համերգն անցավ Օպերայի լեփ-լեցուն դահլիճում:

«Հույզերով լի եմ, քանի որ մենք նշում ենք նման ողբերգական տարելից՝ 100 տարին։ Կարծում եմ, որ սա պետք է բեկումնային պահ լինի, որ մարդիկ պարզապես հասկանան, ընդունեն, գիտակցեն և այս պահից սկսած ապրեն նորովի»:

«Քրոնոս» քառյակի համերգը, ապրիլի 29

40 տարի առաջ հիմադրված և դասական երաժշտության նորարար «Քրոնոս» լարային քառյակը Երևան ժամանեց նաև «Լուռ կռունկներով»՝ ամերիկահայ կոմպոզիտոր Մարի Կույոմջյանի հեղինակած նոր գործի համաշխարհային պրեմիերայով, որ գրվել էր հատուկ նրանց պատվերով: Երաժիշտներին տպավորել էր Ծիծեռնակաբերդը: Քառյակի ջութակահար Դեյվիդ Հարինգթոնն ասաց.

«Հայոց ցեղասպանության թանգարանում ապրեցի կյանքիս ամենահուզիչ և ալեկոծող զգացումները: Տեսա բազմաթիվ դպրոցականների, իսկ ամենամեծ փոփոխությունները ես կապում եմ երեխաների հետ: Կարծում եմ, որ հենց երեխաներին ճշմարտությունն ասելու պատասխանատվություն ունենք: Մեզ համար շատ հուզիչ և պարտավորեցնող է այս առիթով համերգ տալը»:

Սբ Աննա եկեղեցու օծումը, ապրիլի 30

Ուղիղ 4 տարի տևած շինարարությունից, շրջակա զուսպ ճարտարապետությունը ճնշող եկեղեցու նախագիծը փոխելու պահանջով բողոքի ակցիաներից հետո Երևանի կենտրոնում՝ Կաթողիկե Սբ Աստվածածին եկեղեցուն կից օծվեց Սբ Աննա եկեղեցին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասաց.

«Գաղտնիք չէ, որ Կաթողիկեն, որի պատմությունը սկսվում է դեռևս 13-րդ դարից, ժամանակին բավական խոշոր չափերով եռանավ բազիլիկ կառույց է եղել, որը շատ ու շատ այլ եկեղեցիների ճակատագրին արժանանալով, քանդվել է խորհրդային իշխանության տարիներին` մասնավորապես ստալինյան բռնությունների ժամանակ: Կաթողիկեում պատարագին մասնակցողներն իրենք կարող են վկայել, որ եկեղեցին շատ փոքր էր համայնքի բոլոր անդամներին իր մեջ առնելու համար, և հավատացյալները ստիպված դրսից էին հետևում պատարագին»:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net, PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---