Զբոսանք ամպերում. Ավանտյուրային պատմություն մի արկածի մասին

Զբոսանք ամպերում. Ավանտյուրային պատմություն մի արկածի մասին (վիդեո)

Իսկական վարպետությունը սովորական պատմությունը լարված թրիլերի, հետաքրքիր արկածի և միաժամանակ նուրբ դրամայի վերածելու ունակությունն է

Մեծ ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը եզակի տաղանդ ունի` վերածել պարզունակ, առաջին հայացքից սովորական մարդկանց մասին պատմությունը մի պատումի, որից անհնար է կտրվել: Լեգենդար «Ֆորեսթ Գամփը» ռեժիսորի ստեղծագործական ուղու գագաթնակետը դարձավ, ձևի և բովանդակության մի մեծ էքսպերիմենտը, որը մարդկային սովորական պատմությունը վերածեց հոգեցունց դրամայի: «Կինեմատոգրաֆիկ» մուլտֆիլմերի ստեղծման ասպարեզում նորագույն տեխնոլոգիաներով երկար տարիներ աշխատելուց և ձախողվելուց հետո, Զեմեկիսը վերադարձավ մեծ կինո: 2012-ին «Անձնակազմ» ֆիլմը հաստատեց, որ ռեժիսորը մտադիր է նախընտրած գործով զբաղվել: «Զբոսանքը», որը կինոթատրոնների էկրաններ բարձրացավ սեպտեմբերի 30-ին, միանշանակ նրա հերթական մեծ հաջողությունը կարելի է համարել:

PanARMENIAN.Net - 1974 թ. օգոստոսի 7-ի վաղ առավոտյան ֆրանսիացի լարախաղաց Ֆիլիպ Պետին անցավ Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի հյուսիային և հարավային աշտարակների միջև ձգված ճոպանով` ավելի քան 400 մ բարձրության վրա և առանց անվտանգության ապահովման: Նրա «Հասնել ամպերին» գիրքը ոգեշնչման հիմնական աղբյուրը դարձավ Ռոբերտ Զեմեկիսի համար և նրա հմուտ ձեռքերում վերածվեց զարմանալի, տեղ-տեղ ահասարսուռ մի պատմության մարդու երբևէ գործած ամենախենթ արարքներից մեկի մասին:

Ի տարբերություն «Անձնակազմի», ռեժիսորը «պատմիչի» հնարքին է դիմում, որի դերում ինքը Պետին է հանդես գալիս հոլիվուդյան դերասան Ջոզեֆ Գորդոն-Լևիթի կատարմամբ: Ինչպես և «Ֆորեսթ Գամփում», գլխավոր հերոսն առաջին իսկ կադրերից տանում է հանդիսատեսին իր ետևից` համոզիչ կերպով բացահայտելով իր արարքի դրդապատճառները, ներկայացնելով վախեցնող և միաժամանակ գրավիչ այն աշխարհը, որը տեսանելի է միայն անդունդի եզրով շարժվելիս:

Իսկական վարպետությունը սովորական պատմությունը լարված թրիլերի, հետաքրքիր արկածի և միաժամանակ նուրբ դրամայի վերածելու ունակությունն է: Զեմեկիսին հաջողվել է համադրել ֆիլմում գրեթե անհամատեղելին: Ճոպանի անցկացումը գիշերվա քողի տակ կյանքի ու մահու իսկական էքշըն-թրիլեր է: Լարվածությունն այնքան մեծ է, որ շունչդ ես պահում, վախենալով անդունդն ընկնել մի աննշան շարժումից: Չնայած հերոսների խելահեղ նպատակին` հանդիսատեսի կարեկցանքը նրանց հանդեպ այնքան նուրբ դրամատիկ թելերով է հյուսվում, որ գրեթե ենթագիտակցաբար է առաջանում այն միտքը, որ այո, «նա ամեն ինչ ճիշտ է անում, նա պետք է հասնի նպատակին»:

Լարվածությունը գագաթնակետին է հասնում բուն «զբոսանքի» ժամանակ: Կենսագրական դրաման կրկին վերածվում է գեղեցիկ մի թրիլերի, և, չնայած, որ հանդիսատեսը նախապես գիտի, թե ինչով է ամեն ինչ վերջանում, նա սկսում է վախենալ հերոսի համար (ինչպես իր համար կվախենար) առաջին իսկ քայլից: Օպերատորի և նկարիչի հանճարեղ աշխատանքը, նկարահանման համար ընտրված ռակուրսները, Դարիուշ Վոլսկու տեսախցիկի սահուն ընթացքը ամբողջությամբ ընկղմում եմ գործողության մեջ: Ակամայից հանդիսատեսը դառնում է իրադարձությունների մասնակիցը` վտանգելով կյանքը հերոսի հետ միասին, իսկական ահ ու սարսափ ապրելով և հետո հրճվելով հաղթանակի զգացողությունից նպատակին հասնելուց:

Զեմեկիսը ստեղծել է մի աներևակայելի գեղեցիկ, համոզիչ, բարի ու մի փոքր պարզամիտ պատմություն ընկերության, երազանքի ու խենթության մասին, որը դրդում է մարդուն մեծ խելահեղության: Սակայն, այս վառ ու էներգիայով լի կինոն Ֆիլիպ Պետիի արարքի մասին չէ, ոչ էլ արիության ու հուսահատ որոշումների: «Զբոսանքն», առաջին հերթին խորը կարոտախտով տոգորված հարգանքի տուրք է մեծ արարքների դարաշրջանին: Այն պատմություն է կորուսյալ երազանքի մասին, որը փլուզվեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից: Այն մասին, որ սգալու ժամանակը մոտենում է ավարտին և զույգ աշտարակները չպետք է մնան որպես փլուզման ու ողբերգության խորհրդանիշ:

Ահա թե ինչու է Զեմեկիսը ցույց տալիս դրանք լուսավոր, հիացական, սիրային երանգներով` հիշեցնելով մարդկանց հին ու բարի ժամանակների մասին: Հիշեցնելով, որ աշտարակները քաղաքի վեհության խորհրդանիշն են, որքան հնարավոր է վեր բարձրանալու մարդկային ձգտման մարմնացումը: Ֆիլիպ Պետին կենդանություն պարգևեց զույգ աշտարակներին, իսկ ավելի ուշ, նրանց, ինչպես իսկական հերոսների, սպանեցին բոլորովին այլ մարդիկ:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---