Սիրված դեղամիջոց. Նոր տվյալներ շոկոլադի օգտակարության մասին

Սիրված դեղամիջոց. Նոր տվյալներ շոկոլադի օգտակարության մասին

Հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադի ֆլավոնիդները նվազեցնում են արյան մակարդելիությունը և այս առումով ազդում են ինչպես կարմիր գինին կամ ասպիրինը

Համարվում է, որ բոլորի կողմից սիրված քաղցրավենիքն առաջինը հայտնաբերել են օլմեկները մ.թ.ա. II հազարամյակում: Սակայն, հետագայում Նոր աշխարհում կակաոյի տարածման գործում հիմնական դերակատարություն ունեցան մայաներն ու ացտեկները: Շոկոլադն այն ժամանակ մինչև փրփուրի աստիճանի հարված ըմպելիք էր, որի մեջ ավելացնում էին չիլի և այլ համեմունքներ:

PanARMENIAN.Net - Վարկածներից մեկի համաձայն «չոկատլ» անվանումն այդ ըմպելիքին տվել են մայաները, որտեղ «չոկո» նշանակում էր փրփուր, իսկ «ատլ»` ջուր:

Շոկոլադն ու կակաոն պատրաստվում են կակաոյի հատիկներից, որոնք մեծ քանակությամբ բնական հակաօքսիդանտներ են պարունակում:

Ացտեկների ու մայաների քաղաքակրթության օրոք կակաոն օգտագործվել է որպես հիմնական առևտրային արժույթ: Լատինական Ամերիկայի որոշ մասերում դրանք որպես փոխանակման արժույթ են օգտագործվել մինչև 19-րդ դարի վերջը:

Ժողովրդներից շատերի մոտ շոկոլադն ու կակաոն բուժիչ համբավ ունեին: Առնվազն 500 տարի կակաոյի ծառի պտուղներով բուժում էին կամ փորձում էին բուժել տասնյակ հիվանդություններ, ներառյալ թոքախտը, սակավարյունությունը, երիկամների քարերը, մարսողական խանգարումներն ու նյարդային հիվանդությունները:

Ի դեպ, բնական կաթնային շոկոլադի 40-գրամանոց սալիկում մոտ 400 մգ հակաօքսիդանտ կա: Սև շոկոլադում դրանց պարունակությունը 2 անգամ ավելի է, իսկ կակաոյի փոշու մեջ` մուգ շոկոլադի պարունակությունից 2 անգամ ավելի:

Հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադի ֆլավոնիդները նվազեցնում են արյան մակարդելիությունը և այս առումով ազդում են ինչպես կարմիր գինին կամ ասպիրինը, որը խորհուրդ են տալիս ընդունել սրտի կաթվածի հակում ունեցող մարդկանց: Շոկոլադը նաև նվազեցնում է տրոմբի առաջացման հավանականությունը:

Փենսիլվանիայի համալսարանում էքսպերիմենտ է անցկացվել, որտեղ կամավորների ռացիոնը հարստացված էր դառը շոկոլադով և կակաոյի փոշիով: Թեստերի արդյունքները ցույց տվեցին, որ այդպիսի «սննդակարգից» հետո մասնակիցների արյան մեջ ավելացել է հիմնական սպիտակուցների պարունակությունը, որոնք պաշտպանում են անոթներն աթերոսկլերոզից:

Ճապոնացի գիտնականների հետազոտությունները նույնպես շատ հետաքրքիր արդյունքներ տվեցին: Նրանք հայտնեցին, որ շոկոլադը կարող է կանխել կարիեսը: Ճիշտ է, դրա համար շոկոլադի մեջ պետք է ավելացնել նրա արտադրության ավելցուկը` կակաոյի հատիկների թաղանթը, որը սովորաբար դեն են նետում: Օսակայի համալսարանից Տակասի Օօսիմայի էքսպերիմենտը ցույց տվեց, որ կակաոյի հատիկների թաղանթի մեջ եղած նյութերն արգելափակում են մանրէներում կպչուն միացությունների սինթեզը, որոնք էլ առաջացնում են կարիես: Այդ միացություններով մանրէները կպչում են ատամի էմալին` այդպես է սկսվում քայքայիչ գործընթացը:

Ամերիկացի կենսաքիմիկոսների նոր հետազոտությունն իր հերթին ցույց տվեց, որ շոկոլադից օգուտ ենք քաղում միկրոօրգանիզմների շնորհիվ, որոնք բնակվում են մեր աղիստամոքսային տրակտում:

Գիտնականները պարզել են, որ թթվակաթնային և բիֆիդոբակտերիաները նույնպես շոկոլադ են սիրում: Վերամշակելով այն մեր ստամոքսում, նրանք արտազատում են նյութեր, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սիրտանոթային համակարգի վրա, իսկ հետո արգելափակում են բորբոքային գործընթացները:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---