Ինչպե՞ս են մագնիսային փոթորիկներն ազդում մարդու օրգանիզմի վրա

Ինչպե՞ս են մագնիսային փոթորիկներն ազդում մարդու օրգանիզմի վրա

Արևային քամու գերարագ ագրեսիվ հոսքերին Երկիր մոլորակն «արձագանքում է» իր գեոմագնիսական դաշտով

Արեգակը հսկայական տերմամիջուկային կաթսա է, որտեղ տեղի են ունենում հզոր գործընթացներ: Պարբերաբար արևի վրա պայթյուններ են տեղի ունենում, որոնց հզորությունը մոտ է ատոմային ռումբի պայթյունին: Պայթյունների ժամանակ արևային ճառագայթումը բազմակի անգամ ավելանում է:

PanARMENIAN.Net - Վերջին 100-ամյակում հայտնի դարձավ, որ Արեգակը ճառագայթում է ոչ միայն տեսանելի ու անտեսանելի լույս, այլ նաև մասնիկներ, որոնք էլեկտրական լիցքեր են պարունակում: Այդ մասնիկները մշտապես գոլորշանում են Արեգակի մթնոլորտից և արևի պսակի շարունակությունն են հանդիսանում: Արևից գոլորշացող այդ գազը բաղկացած է լիցքավորված մասնիկներից, այն լցնում է Արեգակնային մոլորակային համակարգի ամբողջ տարածքը: Քանի որ այն անընդհատ շարժման մեջ է, կոչվում է արևային քամի:

Արևային քամու գերարագ ագրեսիվ հոսքերին Երկիր մոլորակն «արձագանքում է» իր գեոմագնիսական դաշտով: Մոլորակի մագնիսական դաշտը պաշտպանում է արևի քամուց: էլեկտրականությունն ու մագնիսականությունը շատ սերտ փոխկապակցված են, մագնիսական ոլորտի կառուցվածքն այնպիսին է, որ տարբեր վայրերում Երկրի մագնիսային դաշտը տարբեր ազդեցություն է ունենում տիեզերական գործոնների փոխազդեցության, մասնավորապես` արևային քամու վրա:

Արևային գերարագ մասնիկների հոսքը, դուրս նետվելով Արեգակի մթնոլորտից, 12-24 ժամ անց հասնում են Երկիր մոլորակին, որի ճնշման տակ Երկրի մագնիսային ոլորտն արևային կողմում սեղմվում է 2 և ավելի անգամ: Մագնիսոլորտի ուժեղ սեղմումը մագնիսային դաշտի լարվածության աճի պատճառ է դառնում: Այդպես են առաջանում մագնիսային փոթորիկները, որոնք կարող են մի քանի ժամից մինչև մի քանի օր տևել:

Արևի վրա բռնկումների հետևանքով տիեզերք են արտանետվում հսկայական քանակի նյութեր (հիմնականում` պրոտոններ և էլեկտրոններ), որոնց մի մասի արագությունը հասնում է 400–1000 կմ/վրկ: Երկրի մագնիսային դաշտը կլանում է տիեզերքից լիցքավորված մասնիկները:

Այդպիսով, մագնիսային փոթորիկն արագ ու հզոր փոփոխությունն է երկրի մագնիսային դաշտում, որն առաջանում է արևային բարձր ակտիվության շրջաններում:

Օդերևութաբանական փոփոխությունների հանդեպ բարձր զգայունությունը դրսևորվում է անձրևից կամ ձյան տեղումներից առաջ կամ հետո, մագնիսային փոթորիկների և արևի վրա բռնկումների ժամանակ մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով: Մետեոկախվածություն ունեցող մարդիկ եղանակի փոփոխությունից կարող են գլխապտույտ, արյան ճնշման կտրուկ տատանումներ, գլխացավ և հոդացավ ունենալ, հոգնածություն, քնկոտություն կամ հակառակը` անքնություն ունենալ: Նույնիսկ նյարդայնությունն ամպրոպից առաջ կարելի է դասել եղանակային փոփոխությունների հանդեպ զգայունության նշաններին:

Մագնիսային փոթորիկների ժամանակ կրճատվում է մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է օրվա կենսառիթմերի և իմունիտետի համար: Խախտվում է հորմոնային բալանսը, իսկ դրա հետ մեկտեղ վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինները: Որոշ մարդկանց մոտ դա հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և սրտի արագ աշխատանքին, մյուսների մոտ միանգամայն հակառակ պատկերն է գրանցվում:

Հաստատված է, որ գեոմագնիսական ակտիվության շրջանում փոխվում են նաև արյան հատկությունները: Ավելանում է մածուցիկությունը` որոշ դեպքերում գրեթե 5 անգամ, էրիտրոցտները կպչում են իրար, իսկ արյան հոսքը դանդաղում է: Արյան խտացման հետևանքով խախտվում է նաև թթվածնի փոխանակումն ամբողջ օրգանիզմում: Առաջին հերթին թթվածնի պակասից տուժում են ուղեղը, սիրտը և նյարդային վերջույթները: Այստեղից էլ առաջանում են գլխացավ, հոդացավ, դեպրեսիվ վիճակ, քնկոտություն կամ, հակառակը, անքնություն, աշխատունակության անկում:

Սրտամկանի կաթվածի, հիպերտոնիկ կրիզների և ինսուլտների մոտ 70%-ը տեղի է ունենում արևային փոթորիկների օրերին:

Արևային ակտիվության ուժեղ աճը կարող է հանգեցնել ուղեղի աշխատանքի անդառնալի խափանման, քանի որ ուղեղն, ըստ էության, բարդ էլեկտրամագնիսային, կենսաքիմիական և մեխանիկական կազմություն ունի: Նկատվել է, որ Արեգակի վրա բռնկումների հաջորդ օրը 4-5 անգամ աճում է ինքնասպանությունների քանակը:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ շատերն արձագանքում են ոչ թե մագնիսային փոթորկին, այլ դրանից 1-2 օր առաջ` արձագանքելով բռնկումներին Արեգակի վրա:

Սակայն, որոշ մարդիկ, բնակչության մոտ 50 տոկոսը, հարմարվում են, այսինքն զրոյացնում են միմյանց հաջորդող մագնիսային փոթորիկների ազդեցությունը:

Սրտանոթային հիվանդություններից տառապող մարդիկ այդ օրերին պետք է ուշադիր լինեն իրենց ինքնազգացողության հանդեպ`արյան ճնշման, սրտի ռիթմի, և անհրաժեշտության դեպքում ընդունեն բժիշկի նշանակած դեղորայքը: Տարիքի հետ մետեոկախվածությունն աճում է: Կանայք ավելի զգայուն են մագնիսային դաշտի տատանումների հանդեպ:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---