Ինչ ազդեցություն կունենան կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրման վրա ՌԴ-ի սահմանած կանոնները ՀՀ-ում

Ինչ ազդեցություն կունենան կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրման վրա ՌԴ-ի սահմանած կանոնները ՀՀ-ում



Օրերս Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է «Ցուցադրման (պրոկատի) համար ֆիլմ տրամադրելու, մերժելու և ֆիլմի ցուցադրության հավաստագիրը չեղարկելու կանոնները, և Ֆիլմերի պետռեգիստրը վարելու կանոնների» թարմացված տարբերակը: Ըստ փաստաթղթի, այժմ ՌԴ մշակույթի նախարարությունը կկարողանա պաշտոնապես կանոնակարգել ֆիլմերի ռելիզների ժամանակացույցը` մերժելով որոշակի ամսաթվի համար ֆիլմի ցուցադրման մեկնարկի հավաստագրի հանձնումը: Պաշտոնյաները կարող են մերժել կինոնկարի ցուցադրման հավաստագրի հայտադիմումը, եթե նրա մեկնարկը կինոթատրոններում նախանշված է մի ամսաթվով, որի համար արդեն նույն լսարանին հասցեագրված, նույն ժանրի կամ հասույթի հավաքագրման նույն պոտենցիալն ունեցող մեկ այլ կինոնկար է նախատեսված:

PanARMENIAN.Net - Ի՞նչ է սա նշանակում: Նախարարության ներկայացուցիչները նախկինում բազմիցս են հայտարարել, որ մտադիր են մերժել հավաստագրերի տրամադրման հարցում հոլիվուդյան մեծ կինոնկարներին, որոնք կինոթատրոնների էկրան են բարձրանում ռուսական կարևոր նախագծերի հետ նույն ժամկետներում: Ռուսական կինոյին աջակցելու հարցում վարչական ռեսուրսի օգտագործման անհրաժեշտությունը նրանք հիմնավորում են հոլիվուդյան կինոնկարների բարձր մրցունակությամբ: Հաշվի առնելով հայկական կինոթատրոնների շուկայի սերտ կապը ռուսական շուկայի հետ, այս որոշումը կարող է ազդել նաև պրեմիերաների ժամկետների վրա Հայաստանի կինոթատրոններում:

KinoPark կինոթատրոնի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ այս պահի դրությամբ պարզ չէ, թե ինչպես կանդրադառնա ՌԴ կառավարության որոշումը Հայաստանի կինոթատրոնների վրա: Ըստ նրա, ռուսական «կարևոր» ֆիլմերի մեծ մասը, որոնց առաջխաղացման համար է հիմնականում կայացվել որոշումը, չեն հայտնվում հայկական կինոթատրոնների էկրաններին, կամ ցուցադրվում է դրանց մի փոքր մասը միայն: «Ուստի, միանգամայն հնարավոր է, որ արևմտյան ֆիլմը մեզ կարող է տրամադրվել ըստ համաշխարհային պրեմիերայի, չնայած, որ ՌԴ-ում այն կհետաձգվի տվյալ սահմանափակումների պատճառով: Բայց եթե ֆիլմեր տրամադրող ընկերությունները դրան չգնան, մենք ֆիլմը կստանանք համաշխարհային պրեմիերայից ավելի ուշ, կամ շուտ` կախված այն բանից, թե ինչպիսին կլինի ժամանակացույցը Ռուսաստանում: Սակայն, այս պահի դրությամբ կանոնակարգումը ԱՊՀ շրջանակում հստակ չէ»,-ասել է մեր զրուցակիցը:

Ամեն ինչ կախված է ֆիլմեր տրամադրողի գործելաոճից, որի հետ համագործակցում են հայկական կինոթատրոնները: Ըստ Cinema Star կինոթատրոնի տնօրեն Հրաչ Արշակյանի, եթե ֆիլմեր տրամադրող ընկերությունը դիտարկում է Հայաստանն ու Ռուսատանը որպես միասնական տարածաշրջան, ապա, հավանաբար, ազդեցություն կարող է լինել: Սակայն խոշոր ընկերությունները, ինչպես, օրինակ, Warner Bros.-ը, Universal-ը և մյուսները, դիտարկում են Հայաստանը որպես առանձին տարածաշրջան: Ուստի, Ռուսաստանի տարածքում գործող սահմանափակումները Հայաստանի կինոթատրոնների համար կարող են ակտուալ չլինել: «Ամեն ինչ կախված է ցուցադրության համար ֆիլմեր տրամադրող ընկերությունից, նրա աշխատանքի սկզբունքից, այն հանգամանքից, թե ինչպես է նա դիտարկում իր շուկաները: Ռուսական մեծ ֆիլմերը շատ հազվադեպ են հայտնվում հայկական շուկայում, ուստի ռուսական կինոն առաջ մղելու տեսանկյունից սահմանափակումները Հայաստանի պարագայում միանգամայն անօգուտ կլինեն»,-ասել է նա:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---