Առո՜ղջ եղեք

Առո՜ղջ եղեք

Հինգ ֆիլմ և սերիալ, որ խորհուրդ են տալիս բժիշկները

Ամենաբարդ ու պատասխանատու մասնագիտության տեր անձանց շրջանում ևս հանդիպում են իսկական կինոմաններ։ Հետևաբար, բժիշկների հետ կարելի է քննարկել ոչ միայն տարբեր հիվանդություններ ու դրանց բուժման ուղիները, այլև սիրելի ֆիլմի հերոսներին, հռչակավոր ռեժիսորի հերթական գլուխգործոցը, կամ հարյուր միլիոնավոր դոլարներ անիմաստ կլանած գունագեղ բլոկբաստերը։ Բժշկական թեմատիկայով ֆիլմերը նրանք ուսումնասիրում են առանձնահատուկ մանրակրկիտ կերպով՝ բացահայտելով թերություններն ու հիանալով իրականությանն առավելագույնը համապատասխանելու կարողությամբ։

PanARMENIAN.Net - Շարունակելով շարքը՝ նվիրված տարբեր մասնագիտությունների տեր անձանց սիրելի ֆիլմերին՝ PanARMENIAN.Net ը զրուցել է բժիշկների հետ ու ներկայացնում է այն հինգ ֆիլմերն ու սերիալները, որ նրանք խորհուրդ են տալիս։

Մարինե Հովհաննիսյան, ստոմատոլոգ

«Սթիվեն Հոքինգի տիեզերքը», (The Theory of Everything)

- Մեծ ֆիզիկոսի մասին պատմող կենսագրական ֆիլմն, իհարկե, կարող է ցնցել ոչ միայն հրաշալի ռեժիսորական աշխատանքով, դրամատուրգիական լուծումներով ու Էդի Ռեդմեյնի անկրկնելի խաղով։ Սակայն ինձ համար, որպես բժշկի, կարևոր էր Հոքինգին տասնամյակներ շարունակ տանջող սարսափելի հիվանդության (կողային ամիոտրոֆիկ սկլերոզ) դեմ նրա պայքարը ու այն կամքի ուժը, որի շնորհիվ նա այսքան երկար տարիներ կարողանում է զարմացնել ու հիացնել իր նոր գիտական բացահայտումներով՝ սկսած սեւ խոռոչների դանդաղ, բայց անխուսափելի վերանալուց մինչև այլ տիեզերքներ մուտք գործելու մասին նրա գաղափարները։ Հիվանդությունը դեռ դատավճիռ չէ, և Հոքինգը ամեն անգամ ապացուցում է այդ պարզ ճշմարտությունը։

«Բանականության խաղեր» (A Beautiful Mind)

- Մեկ այլ օսկարակիր դրամա՝ այլ հանճարեղ գիտնականի, աշխարհահռչակ մաթեմատիկոս ու կրկին Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Նեշի մասին։ Պարանոիդալ շիզոֆրենիայով տառապելու հետ միասին՝ Նեշը, ինչպես և Հոքինգը, կարողացավ իր մեջ ուժ գտնել ոչ միայն պայքարելու, այլև գիտական գործունեությունը շարունակելու, սեփական ընտանիքը պահպանելու համար։ Ցավոք, նախորդ տարի Նեշն ու նրա կինը, ով այդ տարիներին ամուսնու անբաժան ուղեկիցն ու աջակիցն էր, ավտովթարի զոհ դարձան։ Սակայն Ջոն Նեշի հրաշքը շարունակելու է մնալ մարդկանց հիշողության մեջ, իսկ գիտական ավանդը դեռ մեծ նպաստ կբերի մարդկային քաղաքակրթությանը։

Վարդան Համբարձումյան, բժշկական գիտությունների մասնագետ (Medical Scientist)

«Բժիշկ Հաուս», (House, M. D.)

- Ոչ մի բժիշկ չի կարող անտարբեր անցնել այս հեռուստասերիալի կողքով, որը, շատ դեպքերում, կարծես հայելի լինի։ Ոչ միայն Հյու Լորիի կողմից էքսցենտրիկ, սակայն հանճարեղ բժշկի մարմնավորումն է այստեղ յուրահատուկ, այլև հրաշալի դրամատուրգիան, սցենարային լուծումները, որոնք իրական բժշկագիտական խնդիրներին երբեմն ոչ ստանդարտ լուծում են տալիս։ Դժվար է ասել՝ օգնե՞լ է երբևիցե «Հաուսը» որևէ բժշկի՝ ճիշտ որոշում կայացնելու հարցում, թե՞ ոչ․ սակայն թե մասնագիտական, և թե կինոմանական տեսանկյունից այն դիտելը պարտադիր է։

«Շտապ բժշկական օգնություն», (Emergency Room)

- 15 սեզոններից բաղկացած այս ծանրակշիռ հեռուստասերիալը (հեռարձակվել է 1994-2009թթ) շտապօգնության ծառայության աշխատակիցների բարդ ու պատասխանատու կյանքի մասին է։ Շատ հաճախ, հենց նրանց գործողություններից ու կայացրած որոշումներից է կախված լինում մարդկանց կյանքը։ Մենք չենք նկատում այն բարդությունները, որոնց հետ այս մարդիկ առնչվում են ամեն օր, այդ իսկ պատճառով օգտակար կլինի նաև այս հեռուստասերիալի հետ ծանոթությունը։

Մհեր Հովհաննիսյան, ստոմատոլոգ

«Վերակենդանացման բաժանմունք», (Code Black)

- Հեռուստասերիալը, որի առաջին եթերաշրջանը բաժականին ջերմ էր ընդունվել կինոդիտողների ու քննադատների կողմից, արդեն իսկ երկարացվել է․ երկրորդ եթերաշրջանը շուտով կհայտնվի էկրաններին, հետևաբար՝ ժամանակն է սկսելու ծանոթությունը։ Այն հիմնված է բազմաթիվ մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմի վրա, և պատմում է Լոս Անջելեսյան հոսպիտալի մասին, որտեղ բժիշկները ստիպված են ամեն օր բախվել հիվանդանոցի կառավարման «կոտրված» համակարգի ու բյուրոկրատիայի հետ՝ իրենց և հիվանդների շահերը պաշտպանելու համար։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---