Մշակութային Հայաստանը

Մշակութային Հայաստանը

2016-ի 9 կարևորագույն իրադարձությունը

Երևանում «Ոսկե ծիրանի» բացումից մինչև Գյումրիում ռոք-ֆեստի փակում, Դի Դի Բրիջուոթերի ջազից մինչև «Օկեան Էլզիի» ռոք համերգ, Սարյանի տուն-թանգարանի վերաբացումից մինչև Սարոյանական ընթերցումներ: PanARMENIAN.Net-ն ամփոփել է մշակութային 2016-ը:

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան 2016»

Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնի մրցութային և արտմրցութային ծրագրերում ներկայացվեց մոտ 135 ֆիլմ: 2016-ի փառատոնը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին, որն անցկացվեց հուլիսի 10-ից 17-ը: Փառատոնի պատվավոր հյուրն էր հանրահայտ բրիտանացի դերասանուհի Ժակլին Բիսեթը: Հենց նա այս տարի արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ավանդի համար:

Հայաստանի կնեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» 10-րդ մեդալը շնորհվեց կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովին, իսկ էկումենիկ ժուրիի և «Արծաթե ծիրան» մրցանակները ստացավ իրանցի ռեժիսեր Սեյեդ Հադի Մոհաղեղի «Անմահը» ֆիլմը: «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգերում մրցանակի արժանացավ խորվաթ ռեժիսոր Բրանկո Շմիդտի «Բալերի անունները» ֆիլմը: «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում մրցանակ շնորհվեց ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով» ֆիլմին. ժյուրին դրա սցենարը լավագույնը ճանաչեց: Նույն անվանակարգում լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» ֆիլմը:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերաբացումը

Նոյեմբերի 8-ին Երևանում 3 տարի տևավ հիմնանորոգումից հետո վերաբացվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որն արդեն չորս հարկ ունի՝ նախկին երեքի փոխարեն: Չորրորդ հարկի դահլիճն օգտագործվում է և միջոցառումների, և ժամանակավոր ցուցադրությունների, և համերգների կազմակերպման համար:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը երկհարկանի առանձնատուն է, որտեղ նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ.: Այստեղ նաև եռահարկ պատկերասրահ կա, որը կառուցվել է 1967 թվականին:

Սարյանի տան հատակագծի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանը, իսկ թանգարանային հատվածը կառուցվել է արդեն Մարկ Գրիգորյանի նախագծով:

Գյումրիի ռոք-ֆեստը

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի և «Գյումրու օր» տոնակատարության շրջանակում սեպտեմբերի 25-ին Գյումրու Սև Բերդ ամրոցում միջազգային առաջին ռոք-փառատոնն էր՝ «Գյումրի ռոք-ֆեստ 2016»-ը:

Փառատոնին ներկա էին Sima Cunningham-ը և Palm of Granite-ը ԱՄՆ-ից, Young Georgian Lolitaz-ն ու Black Marrows-ը Վրաստանից և Rozen Tal խումբը: Փառատոնի գլխավոր հյուրն էր «Բամբիռ» ռոք խումբը:

Մոտ 10 ռոք խումբ ու անհատ կատարող և 2.000-ից ավելի հանդիսատես հավաքվել էին Գյումրու պատմաճարտարապետական ամենագեղեցիկ կառույցներից մեկի՝ 19-րդ դարից մեզ հասած Սև ամրոցի տանիքի տակ, որը վերականգնումից հետո առաջին անգամ էր օգտագործվում հանրային միջոցառման համար:

Yerevan Jazz Fest

Yerevan Jazz Fest-2016-ի ընթացքում՝ հոկտեմբերի 13-ին, ՄՀՀ-ում կայացավ աշխարհահռչակ երգչուհի, ջազի դեսպան Դի Դի Բրիջուոթերի համերգը: Երևանում նաև մենահամերգ տվեց Գրեմմիի մրցանակակիր Ջոս Սթոունը:

Հայազգի երաժիշտներից ելույթ ունեցան Ալինա Ենգիբարյանը, Լևոն Մալխասյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը` Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ, և Արմեն Թութունջյանը։ Բացի այդ, հոկտեմբերի 14–ին կազմակերպվեց բացօթյա համերգ` հայ երաժիշտների մասնակցությամբ։

Սարոյանական ընթերցումներ

Օգոստոսի 31-ին Երևանում Թումանյանի անվան այգում Սարոյանական ընթերցումներ էին՝ նվիրված հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 108-րդ տարեդարձին:

Երեկոյի մասնակիցները նոր տեսանկյունից անդրադարձան գրողի կյանքին, ստեղծագործությանն ու կերպարին: Միջոցառման շրջանակում «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը կազմակերպել էր առցանց ընթերցումներ, որին մասնակցում էին ընթերցողների ամենատարբեր երկրներից:

Okean Elzy-ի համերգը

Հունիսի 1-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ուկրաինական հայտնի Okean Elzy ռոք խմբի մենահամերգը: Խումբը կատարեց հիթ դարձած իր գրեթե բոլոր ստեղծագործությունները:

Okean Elzy-ն (ուկրաինական անվանումը` «Океан Ельзи») ուկրաինական ռոք խումբ է, որը հանդես է գալիս նաև տարբեր ժանրերում։ Խումբը ստեղծվել է 1994-ի հոկտեմբերի 12-ին Լվովում։ Մենակատարը Սվյատոսլավ Վակարչուկն է։

Պիացոլլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերայի բեմադրությունը

Դեկտեմբերի 8-ին և 9-ին Օպերայում արգենտինացի հայտնի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերայի պրեմիերան էր: Բեմադրության հատուկ հյուրն էր բանդեոնահար Կառլոս Բուոնոն:

«Մարիա դե Բուենոս Այրես» բեմադրությունը Մարիայի կյանքի մասին է, որի ճակատագրում, ինչպես հայելու մեջ, արտացոլվել է տանգոյի պատմությունը: Տանգո օպերան ստեղծվել է 1967-ին: Լիբրետոն արգենտինացի բանաստեղծ Օրասիո Ֆերերոյինն է: Ստեղծագործությունում համարդված են իսպաներենի հնչեղությունն ու տանգոյի զգացմունքային երաժշտությունը: Օպերան պարային և երգային 16 համար ունի:

Միխայիլ Պիոտրովսկու այցը

Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժի» գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ժամանեց Երևան ու դեկտեմբերի 13-ին այցելեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ շրջելով և ծանոթանալով հիմնական ցուցադրության մաս կազմող Բորիս Պիոտրովսկու անկյանը, նրա որդին՝ Միխայիլ Պիոտրովսկին իր երախտագիտությունը հայտնեց առանձնահատուկ վերաբերմունքի համար:

Պիոտրովսկին քննարկումներից մեկի ժամանակ նշեց՝ համաձայնագիր է կնքվել, որոն նախատեսված են գիտական ուսումնասիրություններ, հնագետների և վերականգնողների համատեղ արշավախմբեր և ուսումնասիրություններ Կարմիր բլուրի տարածքում, հայ գիտնականների ուսումնասիրություններ «Էրմիտաժի» արխիվում և գրադարանում: Բացի այդ, պետերբուրգյան թանգարանի մասնագետները կօգնեն հնագիտական նյութի կոնսերվացման աշխատանքներ իրականացնելու հարցում և Երևանում Էրմիտաժի օրեր կանցկացվեն:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---