Հայացք՝ վերևներից

Հայացք՝ վերևներից

«Հայաստանի առաջին արբանյակի» տեխնիկական մանրամասները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ «մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանի մեկնարկային հարթակից SpaceX ընկերության հրթիռով Երկրի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը՝ հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը փորձել է պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ արբանյակն ու ինչ տեխնիկական հնարավորություններ ունի մոլորակի մակերևույթի նկարահանման համար: Ընդ որում, մենք զերծ ենք մնում սարքի՝ «հայկական արբանյակ լինելու» աստիճանը գնահատելուց՝ թողնելով դա պետական մարմինների հետագա մեկնաբանություններին:

Falcon 9 հրթիռը, որն ի թիվս 58 այլ արբանյակների ուղեծիր է հանել նաև Urdaneta-Armsat-ը: Լուսանկարը՝ SpaceX-ի թվիթերի էջից

Urdaneta-Armsat-ը Երկրի դիտարկման 16U CubeSat տիպի փոքր արբանյակ է՝ արտադրված իսպանական Satlantis Microsats ընկերության կողմից: Զանգվածը՝ 17.9 կիլոգրամ: Ընկերությունը հայտնում է, որ արբանյակի վրա տեղադրված է Satlatis iSIM-90 օպտիկական համակարգը, որը նախկինում օգտագործվել է Միջազգային տիեզերակայանում The STP-H7 ծրագրի CASPR գիտափորձում:

Օպտիկայի տարածքային թույլատվությունը (ground resolution) կազմում է 1.8 մետր, իսկ գրավման գոտու (swath width) լայնությունը՝ 14.3 կիլոմետր: Արբանյակն աշխատում է չորս սպեկտրալ դիապազոններում (PAN, RGB, NIR, SWIR), թռչում է 500 կմ հելիոսինքրոն ուղեծրով: Ընկերությունը հայտնում է նաև, որ արբանյակն ուղեծրին ակրող է աշխատել նվազագույնը 4 տարի:

Urdaneta-Armsat արբանյակը: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջից

Վերոնշյալ տեխնիկական տերմիններն ավելի մանրամասնելու համար: iSIM-90-ը iSIM ընտանիքի ամենաթեթև ու կոմպակտ օպտիկական համակարգն է, որը ստեղծվել է հատուկ CubeSat 12U/16U պլատֆորմի համար: Ընդ որում, 6 կգ քաշի պայմաններում օպտիկական համակարգը 500 կմ բարձրությունից կարող է ապահովել մինչև 1.65 մետր տարածքային թույլատվություն: Այն ընդգրկում է տեսանելի ու մոտակա ինֆրակարմիր (VNIR) սպեկտրալ դիապազոնը, թույլ տալով ինչպես պանքրոմատիկ (սև ու սպիտակ), այնպես էլ մուլտիսպեկտրալ վիզուալիզացիա:

Արտադրողը պնդում է նաև, որ իր մշակած Super Resolution ալգորիթմի շնորհիվ օպտիկական համակարգը կարող է բարելավել տարածքային թույլատվությունը ավելի քան 2.5 անգամ:

Գրավման գոտու սխեմատիկ պատկերը

Ի՞նչ է տարածքային թույլատվությունը (ground resolution). դա արբանյակից Երկրի մակերևույթի ստացված պատկերի ճշգրտության սահմանն է, որը սովորաբար չափվում է մետրերով: Օրինակ, 10 մետր տարածքային թույլտվություն ունեցող պատկերը ցույց չի տա 10x10 մետրից փոքր չափեր ունեցող վերերկրյա օբյեկտները: Գրավման գոտին (swath width) նույնպես հեռահար զոնդավորման մեծության վերաբերյալ տերմին է, որը նկարագրում է արբանյակի կողմից Երկրի մակերևույթի միաժամանակյա նկարվող մակերեսը:

Սպեկտրալ դիապազոնների մասին. PAN-ը պանքրոմատիկ, այսինքն՝ սև ու սպիտակ պատկերն է, RGB-ն՝ (red, green, blue)` գունավորը: NIR-ը (near-infrared spectroscopy) մոտակա ինֆրակարմիր (780-2500 նանոմետր), իսկ SWIR-ը (Short-wave infrared) կարճալիք ինֆրակարմիր սպեկտրն է (0.9-1.7 միկրոմետր):

Արման Գասպարյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ամերիկյան սուպերհամակարգիչը հաղթահարել է էքզաֆլոպսային սահմանը` ի՞նչ է դա նշանակում
WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Google-ում, Facebook-ում տեղադրվող գովազդներն ուզում են հարկել

Google-ում, Facebook-ում տեղադրվող գովազդներն ուզում են հարկել Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի

 Բաժնի այլ նյութերը
Փոքրից փոքրն էլ կա Ինչ է տեխպրոցեսը և ուր է հասել կիսահաղորդիչների արտադրությունը
Նոր Pixel, պլանշետ ու «խելացի» ժամացույցներ Google I/O 2022-ի 5 ամենահետաքրքիր նորույթները
RIP, iPod (2001-2022) 2000-ականների ևս մեկ icon պատմության գիրկն անցավ
---