Ամանորի գիշերը Հայաստանում փոխանցվել է և ստացվել ավելի քան 40 մլն զանգ և շուրջ 9 մլն հաղորդագրություն

ՏՏ և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հունվարի 10-16-ի հիմնական իրադարձությունների ամփոփում

Հայաստանի կապի ոլորտի ծառայություններից ստացված եկամուտը 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 152,4 մլրդ դրամ: Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ոլորտի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0,3 տոկոսով:

PanARMENIAN.Net - Դրա հետ մեկտեղ 2010թ. 11 ամիսների ընթացքում տեղեկատվական և կապի ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալը դրամական համարժեքով կազմել է 174 մլրդ դրամ, ինչը 1,1 տոկոսով ավելի է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ և կազմում է երկրում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալի 24,6 տոկոսը:

2011 թվականին Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում կշարունակի կարգավորման օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները: 2011 թվականին հանձնաժողովը իրավական ակտեր կընդունի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում տեղական և արտերկյա ներդրումների, ինչպես նաև օպերատորների ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը խթանող, այդ թվում Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության 3րդ վարկային ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակում հանրային ամրակցված հեռահաղորդակցության ցանցի ավանդական օպերատորի տրանսպորտային ենթակառուցվածքներն այլ օպերատորների կողմից օգտագործման սակագների և պայմանների կանոնակարգման վերաբերյալ: 2011 թվականի կշարունակվեն աշխատանքները բջջային կապի ցանցերում 3G ստանդարտի և LTE ցանցերի ներդրման ուղղությամբ, ինչը բջջային ցանցերի բաժանորդներին հնարավորություն կտա շատ բարձր արագագործություն ունեցող համակարգերի միջոցով ստանալ ծառայությունների ավելի մեծ տեսականի` տեղեկատվական հոսքերի հսկայական ծավալներով:

2010թ-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2011թ-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 860 հազար SMS հաղորդագրություն և իրականացրել 4.6 միլիոն զանգ` 1 րոպե 8 վայրկյան միջին տևողությամբ: Նշված ժամանակահատվածում ֆիքսված ցանցի բաժանորդները կատարել են շուրջ 4.9 միլիոն զանգ` 2 րոպե 2 վայրկյան միջին տևողությամբ: 2010թ-ի դեկտեմբերի 31-ի ժամը 12:00-ից մինչև 2011թ-ի հունվարի 1-ի ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում Beeline շարժական ինտերնետի բաժանորդներն օգտագործել են 1ՏԲ տեղեկատվություն: Ընկերության տվյալների փոխանցման արտաքին կապուղիներով դեկտեմբերի 31-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 12:00-ը փոխանցվել/ստացվել է 32.8 ՏԲ տեղեկատվություն, որից 3.52 ՏԲ 2010թ-ի վերջին 2 ժամվա, իսկ 3.09 ՏԲ 2011թ-ի առաջին երկու ժամվա ընթացքում: Ամանորի նախաշեմին` 2010թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,739,081 կարճ հաղորդագրություն, իսկ 2011 թ. հունվարի 1-ին` 3,654,031-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,181,127, իսկ 2011-ի հունվարի 1-ին ևս 19,123,344 զանգ, հայտնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: Ընդհանուր առմամբ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին և 2011թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 8,393,112 կարճ հաղորդագրություն և 37,304,471 զանգ:

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանի շրջաններում 3G ցանցի ընդլայնման մասին: Երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Արարատ, Արմավիր, Արտաշատ, Աշտարակ, Վարդենիս, Վեդի, Գավառ, Եղվարդ, Մասիս, Մեծամոր, Հրազդան, Սևան քաղաքներում, ինչպես նաև ՀՀ տասնյակ գյուղական համայնքներում: Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին և Երևան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը:

Արցախի Կրթական հիմնադրամը գործընկերներ է որոնում ղարաբաղյան դպրոցներն ինտերնետով ապահովելու նախագիծն իրագործելու համար: ԼՂՀ կրթության նախարարության տվյալներով, հանրապետությունում ինտերնետով ապահովված են 30 դպրոցներ: Միաժամանակ, նրա խոսքերով, այդ դպրոցներում կապը շատ վատն է, քանի որ միացումն իրականացվում է հեռախոսային լարերով Dial-up տեխնոլոգիայով: Նա նշել է, որ հիմնադրամը կարող է այդ նպատակի համար օգտագործել արբանյակային սարքավորման 2 կոմպլեկտներ: Դա թույլ կտա 256 կբ/վ արագությամբ ինտերնետով ապահովել Արցախի մոտ 30 գյուղեր:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի բլոգը բացվել է govnkr.livejournal.com հասցեում: Իր առաջին գրառման մեջ Արցախի կառավարության ղեկավարը նշել է, որ բլոգը կոչված է ապահովել ավելի գործնական ու անմիջական կապը և ծրագրային շփումը ԼՂՀ քաղաքացիների, ՀՀ և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ: «Այս նպատակով մենք ստեղծել ենք հետևյալ էջը ԼՂՀ կառավարության գործունեությունը ավելի բաց, հրապարակային և անմիջական մթնոլորտում ներկայացնելու, քննարկելու և ձեր կողմից օգտակար վերլուծություններ ու առաջարկներ ստանալու ակնկալիքով»,- ասվում է Արա Հարությունյանի բլոգի գրառման մեջ:

Տիգրան Սարգսյանն ամփոփել է 1 տարվա ընթացքում անձնական բլոգը վարելու արդյունքները: «Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ` ինձ». մեկ տարի առաջ այս համոզմունքն էր, որ ստիպեց ինձ բացել իմ բլոգը: Ձեզանից շատերը ողջունեցին այդ գաղափարը, որոշները թերահավատ էին, կային մարդիկ, ովքեր իմ Կենդանի մատյանի համար կարճ կյանք էին կանխատեսում: Մեկ տարվա ընթացքում մենք բազմաթիվ թեմաներ քննարկեցինք՝ գիտության խնդիրներից մինչև մեր գրական նախընտրությունները, բարձր տեխնոլոգիաներից մինչև մշակութային ժառանգության պահպանման հարցերը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Մեկ տարում ՀՀ վարչապետը 31 գրանցում է կատարել Կենդանի մատյանում (Live Journal), և 32 անգամ մեկնաբանել գրությունները: Tigransargsyan բլոգերի մշտական ընթերցողներն են 377 մարդիկ:

Արմենիա» հեռուստաալիքը հունվարի 9-ին «Ճանապարհորդություն երկրի կենտրոն» ֆիլմով սկսել է 3D ձևաչափով կինոցուցադրությունների շարքը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հեռուստաալիքի ծրագրերի տնօրեն Ռուբեն Արամյանը, 3D-ով հաջորդ ֆիլմը լինելու է «Բևեռային ճեպընթացը», որը ցուցադրվելու է հունվարի 16-ին ժամը 20:00-ին: Արամյանի խոսքերով, 3D-ով ֆիլմեր կարելի է դիտել նույնիսկ «Ռուբին» հեռուստացույցով: Նա նշել է, որ Հայաստանի սուպերմարկետներում տարածվել է շուրջ 30 հազար ստերեոակնոց, թեև «Ճանապարհորդություն երկրի կենտրոն» ֆիլմը դիտել են ավելի շատ հեռուստադիտողներ: «Արմենիայի» ղեկավարությունը որոշում կընդունի 3D-ով ֆիլմերի հեռարձակման մասին երեք ցուցադրությունների արդյունքների ամփոփումից հետո:

Միաժամանակ, ՀՀՀ-ն դեռևս չի պլանավորում 3D-ով ֆիլմերի ցուցադրություն: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ասել է ՀՀՀ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: «Մենք կսկսենք 3D-ով ֆիլմերի հեռարձակում այն բանից հետո, երբ դա կանեն համաշխարհային առաջատար հեռուստաալիքները: Դա հետաքրքիր փորձ է Հայաստանի մասնավոր հեռուստաընկերությունների համար, սակայն պետական հեռուստաալիքը չի կարող փորձարկել, առավել ևս, որ մենք ֆիլմերը հեռարձակում ենք հայերեն թարգմանությամբ»,- ասել է նա:

Երեք օրում 5D Cinema նոր տեսադահլիճը Երևանում այցելել է 200 հանդիսատես, հիմնականում մեծահասակներ: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կինոսրահի ադմինիստրատոր Էդգար Դավթյանը: Ըստ նրա, տեսադահլիճը, որն աշխատում է ժամը 11:00-24:00-ն, և ունի 4 տեղ, հնարավորություն է տալիս 3-5 րոպեանոց տեսանյութ դիտել 5D ձևաչափով: Այցելուներին առաջրակվում է տարբեր ժանրերի 8 տեսահոլովակ՝ մուլտֆիլմեր, միստիկա, սարսափ,. Ֆանտաստիկա: Տոմսի արժեքը 2000 դրամ է:

Ըստ Էդգար Դավթյանի, 5D Cinema մտադիր է նոր տեսասրահներ բացել Երևանում: 5 D ձևաչափը 3D և 4D ձևաչափերի շարունակությունն է: 5 D ձևաչափում հանդիսատեսի ներկայության էֆեկտը ձևավորվում է ոչ միայն ծավալային պատկերի, այլ նաև այլ հատուկ էֆեկտների հաշվին. շարժական աթոռի, ջրի ցողման, տարբեր հոտերի տարածման միջոցով: 5D Cinema կինոսրահը հագեցած է բելառուսական «Վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ» ընկերության սարքավորումներով:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---