Հայաստանում օգտվել են Fitch վարկանիշից, որպեսզի հասարակությունը «չուռճացնի» պետական պարտքի կառավարելիության խնդիրը

Այսօր Հայաստանի արտաքին պարտքը գտնվում է 40 տոկոսի շրջանակում և ամբողջությամբ բաղկացած է երկարաժամկետ ու արտոնյալ վարկերից, որոնք երկիրը ստացել է միջազգային կազմակերպություններից

Ընթացիկ ամսվա սկզբին Fitch Ratings գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակի վրա՝ կանխատեսումը «կայուն»: Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում Հայաստանի պետական պարտքը գնահատվում է որպես կառավարելի, բնորոշ նմանատիպ խմբի երկրների համար: Չնայած, որ այն աճել է վերջին երկու տարում, սակայն, գործակալությունը նրա հետագա կառավարման հետ կապված խնդիրներ չի տեսնում: 2011թ. հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմում է 1455,4 մլրդ դրամ, որից արտաքին պարտքը կազմում է 1269,8 մլրդ դրամ, ներքին պարտքը՝ 185,6 մլրդ դրամ:

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացելով կառավարության նիստը, անդրադարձել է պետական պարտքի խնդրին, քանի որ այն գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Նա հայտնել է, որ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպությունը նույնպես հրապարակել է Հայաստանի Հանրապետության վարկանիշը։ «Բավական օբյեկտիվ վերլուծություն է, և մեր վարկանիշը մնացել է նույնը` BB-, կանխատեսումը` կայուն։ Այստեղ նույնպես օբյեկտիվորեն վերլուծված են մեր հարաբերական առավելությունները և թույլ կողմերը»,-ասել է նա կառավարության նիստում։ «Այդ տեսակետից մեր ընդդիմախոսների և վերլուծաբանների ուշադրությունը պետք է հրավիրեմ այս զեկույցների վրա, որտեղ օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա բացահայտվում են մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և խնդիրները, միևնույն ժամանակ օբյեկտիվորեն ներկայացվում մեր առավելությունները։ Մասնավորապես, «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպության զեկույցից ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն խնդրի վրա, որ մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում` արտաքին պարտքի ցուցանիշը։ Զեկույցում նշված է, որ BB վարկանիշ ունեցող երկրների շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին բեռը գտնվում է կառավարելիության մակարդակում, և միջին ցուցանիշից բեռն ավելի ցածր է նմանատիպ երկրների համար, այսինքն` ես ցանկանում եմ ասել, որ իրականում պետք չէ ուռճացնել արտաքին պարտքի բեռի խնդիրը։ Այսօր այն գտնվում է 40 տոկոսի շրջանակում և ամբողջությամբ բաղկացած է երկարաժամկետ ու արտոնյալ վարկերից, որոնք մենք ստացել ենք միջազգային կազմակերպություններից»,-ասել է վարչապետը:

Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, մեկնաբանելով գործակալության զեկույցը, նշել է, որ Fitch-ն առաջին հերթին գնահատում է երկրի վճարունակությունը: Ըստ նրա, ՀՀ ֆինանսների նախարարությունը նաև վերլուծել է պետպարտքի կայունությունը, որի արդյունքները շուտով կհրապարակվեն պետկառույցի պաշտոնական կայքում:

Վաչե Գաբրիելյանը նշել է նաև, որ զեկույցում Հայաստանը համեմատվում է նույն կարգի (BB-) այլ երկրների հետ և այստեղ մեր երկրի գնահատականը պետքպարտքի կառավարման առումով համընկնում է Սերբիայի հետ, չնայած նրան, որ այդ երկիրը զարգացման ավելի բարձր մակարդակ ունի: Ինչպես հայտնել է նախարարը, Հայաստանի վարկանիշը հարևան Ադրբեջանի ու Վրաստանի հետ նույն մակարդակի վրա է:

Վարկանիշի դրական պահերից է տնտեսական աճն ու ցածր գնաճը երկարաժամկետո առումով, ավելի թեթև հարկային բեռը այդ կարգի այլ երկրների համեմատ, առաջընթացը գործարար միջավայրի բարելավման գործում, բանկային համակարգի կապիտալիզացիայի բարձր մակարդակը:

Իսկ BB կարգի երկրների թվում Հայաստանի բնակչության եկամուտների մակարդակը միջինից ցածր են, ավելին, Հայաստանի շուկան փոքր է և մեծապես կախված արտաքին ցնցումներից, Ռուսաստանից, դրամական փոխանցումներից: Ինչպես նշել է Գաբրիելյանը, Հայաստանը արտահանման փոքր բազա ունի, ընդ որում ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը ավելի բարձր է, քան միջինն այդ խմբում, առկա է նաև կոռուպցիայի խնդիրը:

Պետք է նշել, որ Fitch վարկանիշում Հայաստանի հարցում վերջին տարիներին գլոբալ փոփոխություններ չեն եղել, չի եղել նաև իրական առաջընթաց: Այնպես որ երկիրն իր զարգացման մեջ զգալի փոփոխությունների չի ենթարկվել, իսկ բնակչության եկամուտների մակարդակը միջինից ցածր է BB կարգի համար:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---