Հայաստանում ճգնաժամի մարտահրավերները 2009 թվականին հաղթահարվեցին նվազագույն կորուստներով

ՀՀ կառավարությունում վստահ են, որ 2010 թվականի ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, քան կանխատեսվում էր

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հունիսի 10-ին հաստատեցին երկրի 2009թ. պետբյուջեի կատարողականը: Պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը հաստատվեց գրեթե միաձայն` դեմ քվեարկեց 1 հոգի: Հարկ է նշել, որ այն պահին, երբ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը քվեարկության էր դնում հաշվետվությունը, ընդդիմության մտքերը զբաղված էին 20-րոպեանոց ընդմիջման մասին մտորումներով:

PanARMENIAN.Net - Այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունում վստահ են, որ ճգնաժամի մարտահրավերները 2009 թվականին հաղթահարվեցին նվազագույն կորուստներով: «2009 թվականը նորագույն պատմության մեջ բավական լուրջ մարտահրավեր էր մեր տնտեսական և ֆինանսական համակարգերի համար»,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրի խորհրդարանում 2009 թվականին բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ: Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած 14,2% տնտեսական անկմանը, երկրի ֆինանսական, սոցիալական և տնտեսական համակարգը դիմադրողականության բարձր աստիճան դրսևորեցին, իսկ հակաճգնաժամային ծրագրերը դրական արդյունք տվեցին` առաջին հերթին հնարավորություն տալով մեղմացնել սոցիալական բացասական հետևանքերը։ Բացի դրանից, ինչպես ասել է վարչապետը, հակաճգնաժամային միջոցներն ուղղված էին տնտեսական աճը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու գործին։ Ըստ վարչապետի, 2009 թվականի ընթացքում 13 տոկոսանոց արտաքին պարտքը մենք հասցրեցինք մինչեւ 36 տոկոս համախառն ներքին արդյունքի մեջ եւ ներգրավեցինք լրացուցիչ ֆինանսական միջոցեր, որոնք ուղղվեցին պետական բյուջեի միջոցների ծախսմանը։ Արդյունքում ավելացավ պետական բյուջեի դեֆիցիտը, եւ 2009 թվականին արձանագրվեց վերջին տասը տարիների համար ամենաբարձր բյուջետային դեֆիցիտի ցուցանիշը` շուրջ 7,4 տոկոս։ Այս ընդլայնողական քաղաքականության ներքո առաջին հերթին ծախսերը կատարվեցին ենթակառուցվածքների ոլորտում` ճանապարհաշինարարություն, ոռոգման համակարգ, խմելու ջուր, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում և բիզնես միջավայրում ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելուն։

Միևնույն ժամանակ ճգնաժամը հնարավորություն տվեց բացահայտելու մեր տնտեսական համակարգի ուժեղ և թույլ կողմերը և դասեր քաղել ապագայի համար։ Առաջին կարևորագույն դասը Հայաստանի համար տնտեսության և դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն է, որի պատճառով էլ անկումն ավելի մեծ էր, քան այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ այն երկրները, որտեղ տնտեսության դիվերսիֆիկացիան ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, հիմնականում զարգացած երկրներն, ունեին ավելի ցածր տնտեսական անկման ցուցանիշներ ի համեմատություն զարգացող երկրների, որտեղ տնտեսական անկման ցուցանիշները ավելի բարձր են։ Երկրորդ խնդիրը մրցակցային միջավայրն է և մրցակցային կանոնները, որը հենց նաև խթան է հանդիսանում ներդրումների և նոր ոլորտների ի հայտ գալու համար։ Այստեղ, ըստ վարչապետի, մենք լուրջ անելիքներ ունենք և միասին պետք է լինենք հետևողական, մի կողմից, հարկային եւ մաքսային բարեփոխումները հասցնելու իր տրամաբանական ավարտին, մյուս կողմից` բարելավելու մրցակցային դաշտը։

Երրորդ դասը արտահանման պոտենցիալի բացահայտումն է և խրախուսումը, նոր աշխատատեղերի ստեղծումը։ Զվարթնոց օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, պետության մասնակցությամբ արտահանումը խթանող ձեռնարկությունների հիմնադրումը, գյուղատնտեսության ոլորտում նոր մեխանիզմների ներդրումը, այս ամենը նպաստելու է արտահանման ներուժի բացահայտմանը։ Չորրորդ դասը մեզ համար բարեփոխումներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունն է, որը հնարավորություն է տալու արդիականացնել մեր տնտեսական համակարգը։ 2010 թվականի առաջին հինգ ամիսները ցույց են տալիս, որ ընտրված ռազմավարությունն արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները:

Ազգային Ժողովը հաստատել է պարտադիր ապահովագրության վերաբերյալ օրենսդրական փաթեթը, և 2011 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում երրորդ անձանց ռիսկի պարտադիր ապահովագրման ռեժիմը, բնականաբար, ստեղծելու է նոր միջավայր ֆինանսական հատվածում։ Կենսաթոշակային բարեփոխումները հնարավորություն են տալու մեր կենսագործունեության բոլոր ոլորտներում ներդնել ժամանակակից նոր մեխանիզմներ, որոնք բարձրացնում են մեր քաղաքացիների պատասխանատվությունն իրենց տնտեսական և սոցիալական խնդիրների ապագայի վերաբերյալ։ Ազատ տնտեսական գոտու հայեցակարգի ներդրումը հնարավորություն կտա էապես խթանել գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Պարտադիր աուդիտի ինստիտուտի ներդրումը խոշոր ձեռնարկությունների համար 2010 թվականին ավելի թափանցիկ կդարձնի մեր տնտեսական դաշտը և էապես կհեշտացնի պետական եկամուտների կոմիտեի համար ռիսկերի վրա հիմնված հայեցակարգի ներդրումը։

Երկարաժամկետ բարեփոխումների տեսանկյունից կարևոր են նաև այն նախագծերը, որ մենք իրականացնելու ենք ռեալ հատվածում, մասնավորապես ատոմակայանի նոր բլոկի կառուցումը, Հյուսիս-Հարավ ճանապարհային շինարարությունը, Հյուսիս-Հարավ երկաթգծի կառուցումը, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, առողջապահական-օնկոլոգիական կենտրոնի ստեղծումը ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա, Տաթևի համալիրի վերականգնման աշխատանքները և այլն։

Բոլոր այն միջոցառումները, որոնք թվարկված են կառավարության ծրագրում, կարծում ենք, որ կնպաստեն այն խնդիրների լուծմանը, որոնք բացահայտվեցին 2009 թվականի ընթացքում: Այդպիսով, կառավարության ընդլայնման քաղաքականությունն իր արդյունքը տվեց և 2010 թ. այդ միջոցառումները իրենց ազդեցությունը թողեցին տնտեսության վրա և չորս ամիսների ընթացքում արդեն իսկ գրանցվել է 7.2 տոկոս տնտեսական աճ։ Միևնույն ժամանակ կառավարությունը համոզված է, որ 2010 թ. ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան կանխատեսում էր տարեսկզբին։

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---