Վիրահայերը կազմակերպել են ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի և ավանդական պարի լուռ կատարմամբ

Վիրահայերը կազմակերպել են ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի և ավանդական պարի լուռ կատարմամբ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի շենքի առջև խաղաղ հանրահավաք է անցկացվել ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: PanARMENIAN.Net ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ այն իրականցվել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակությին կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» և «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների նախաձեռնությամբ:

«Ո՛չ ցեղասպանությանը» և «Հայոց Մեծ Եղեռն՝ 97» ցուցապաստառներով հանրահավաքի մասնակիցները Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պողոտայի վրա գտնվող խորհրդարանի կենտրոնական մուտքի հրապարակում կազմակերպել են ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի և ավանդական պարի լուռ կատարմամբ:

Հանրահավաքի մասնակիցները Վրաստանի խորհրդարանին են հանձնել Հայոց մեծ եղեռնը ճանաչելու Վրաստանի հայության դիմումը` պահանջելով ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանություն իրողությունը:

Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հովանավորությամբ ապրիլի 23-ի տեղի է ունեցել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Հիշատակի երեկո» ներկայացումը` Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում:

Միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը երեկոյան` վառվող ջահերով և ցուցապաստառներով հայ համայնքի երիտասարդները Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգուց շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանություն, որտեղ Թուրքիային կոչ են արել սեփական պատմությունից հրաժարվելու և իրականացված ոճրագործությունները ժխտելու փոխարեն` խոստովանել հանցանքն ու խոնարհվել մեկ ու կես միլիոն անմեղ զոհված հայերի հիշատակի առջև: Թբիլիսիում շարունակվում են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---