Է. Նալբանդյան. Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն և որակ

Է. Նալբանդյան. Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն և որակ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Նիկոսիայի Hilton Park հյուրանոցում մասնակցեց ՀՀ անկախության 21-ամյակի և Հայաստանի ու Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին ներկա էին Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը, խորհրդարանի ղեկավար Յիանակիս Օմիրուն, ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, Կիպրոսի կառավարության և խորհրդարանի անդամներ, Նիկոսիայում հավատարմագրված դեսպաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով Հայաստանի Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության մասնակիցներին՝ նախարար Նալբանդյանն ասաց.

«Նշելով Հայաստանի անկախության 21-ամյակը, ես հատկապես ուրախ եմ ընդգծել, որ այս տարի մենք նշում ենք նաև Հայաստանի և Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությանների հաստատման 20-րդ տարեդարձը:

Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն և որակ մեր երկրների միջև սերտ պատմական կապերի ու ամուր բարեկամության շնորհիվ. այս տարի մենք նշում ենք նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը:

Մենք ունենք ավելի քան քսան ստորագրված համաձայնագրեր ներդրումների, կրթության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի և պաշտպանության ոլորտներում, որն ամուր հիմք է հանդիսանում տարբեր համատեղ ծրագրերի իրականացման համար: Երկու խորհրդարանների միջև կա արդյունավետ համագործակցություն՝ շնորհիվ հայ-կիպրական խորհրդարանական հանձնաժողովի:

Անցյալ քսան տարիների ընթացքում իրագործվածը մեր համատեղ նվաճումն է: Այսօր մենք ունենք ամուր կամք նոր հորիզոններ բացելու մեր երկկողմ բարեկամական գործակցության համար:

Հայկական պետականության վերականգնումը հայ ժողովրդի դարավոր երազանքն էր, մեր ժողովուրդը անցել է բազմաթիվ փորձությունների միջով այդ նպատակին հասնելու համար: Սա մեր ժողովրդի նվաճումն է:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի և Հայաստանի ու Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված այս հանդիսավոր ընդունելությանը մեզ միանալու համար»:

Ընդունելությանը ներկաներին ողջունեց և շնորհավորանքի խոսք ուղղեց նաև Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---