Ավիատոմսերի թանկացման հարցով ՀՀ ՏՄՊՊՀ-ն դիմել է ԵՏ հանձնաժողով

Ավիատոմսերի թանկացման  հարցով ՀՀ ՏՄՊՊՀ-ն դիմել է  ԵՏ հանձնաժողով

PanARMENIAN.Net - «Վերին Լարս» սահմանային անցակետի ժամանակավոր փակման հետևանքով մի շարք չվերթների ավիատոմսերի գների թանկացման վերաբերյալ համապատասխան դիմումը ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարարին:

Այս մասին հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ՏՄՊՊՀ-ն Լարսի անցակետի փակվելուց հետո ավիատոմսերի գների բարձրացման խնդրի կարգավորման հետ կապված որևէ գործուն քայլկատարելու նպատակ չունի:

«Ի պատասխան Էդմոն Մարուքյանի՝ ավիատոմսերի շուկայի ուսումնասիրության վերաբերյալ ՏՄՊՊՀ-ի վերաբերյալ հնչած գնահատականների, տեղեկացնում ենք, որ պատգամավորը Հանձնաժողովի նախագահի կողմից իրեն ուղղված գրության վերաբերյալ մամուլում հանդես է եկել մեկնաբանություններով, որոնք, ցավոք թերի են և ոչ ամբողջական:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 75-րդ հոդվածի և 19-րդ հավելվածի համաձայն` երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասաբար անդրադարձող գործունեության հայտնաբերման ու կանխման իրավասությունը վերապահված է ԵՏՄ մասնագիտացված մարմիններին», - ասված էՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ներկայացնելով, որ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացում է գրանցվել:

Տեղեկացվում է, որ հանձնաժողովը Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանին գտնվող «Վերին Լարս» սահմանային անցակետի ժամանակավոր փակման հետևանքով Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար, Երևան-Սոչի, Երևան-Ռոստով և հետադարձ ուղղություններով իրականացվող չվերթների ավիատոմսերի գների թանկացման վերաբերյալ համապատասխան դիմումն արդեն իսկ ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարարին` խնդրին համապատասխան ընթացք տալու նպատակով:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, օպերատիվությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ավիաընկերությունների գնային քաղաքականությունը որոշվում է Ռուսաստանի Դաշնությունում գործող ընկերությունների կողմից` Հանձնաժողովը փոխօգնության կարգով դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավարին՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու և ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, նկատի ունենալով:

«Հանձնաժողովը ներկայումս իրականացնում է ուսումնասիրություն, և իր ուսումնասիրության արդյունքներով ակտիվորեն մասնակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին: Հետևապես, պատգամավորի այն հայտարարությունը, իբրև թե «ՏՄՊՊՀ-ը խնդրի կարգավորման հետ կապված որևէ գործուն քայլ կատարելու նպատակ չունի», անհիմն է, իրականությունից ամբողջովին զուրկ՝ այն դեպքում, երբ այս պահին Հանձնաժողովը իր սահմանափակ ռեսուրսները կենտրոնացրել է՝ խնդրի համակողմանի և խորը ուսումնասիրության նպատակով»:

Կարդացեք նաև՝ Նախարար. Ավիատոմսերի գնագոյացման բացահայտումը պետք է վերանայել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---